Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ

Դեկտեմբեր 22,2004 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Վերջապես՝ վերելք Ավանդույթի համաձայն, ամեն տարվա վերջին յուրաքանչյուր մարզաձեւ ամփոփում է անցնող մրցաշրջանը, որոշում լավագույններին: Այս առումով, թերեւս, ամենահետաքրքիրն ու նշանակալիցը Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության՝ ՖԻՖԱ-ի հրապարակած արդյունքներն են լինում: Դեկտեմբերի 20-ին այս խոշորագույն մարզական կազմակերպությունը հրապարակեց 2004 թվականի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման եզրափակիչ ցուցակը: Ամբողջ տարի այն գլխավորեց աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան՝ 843 միավոր: Նոյեմբեր ամսվա հետ համեմատած տեղաշարժ չի գրանցվել երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում: 792 միավորով Ֆրանսիան տարին եզրափակեց 2-րդ տեղում, իսկ Արգենտինան վերջինին զիջեց ընդամենը 7 միավորով ու եզրափակեց լավագույն եռյակը: Մեկ քայլ վեր է բարձրացել աշխարհի 2006թ. առաջնության 1-ին ընտրական խմբում Հայաստանի մրցակիցներից Չեխիան՝ 777 միավոր, որը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում: Այնուհետեւ առաջին տասնյակում, ըստ հերթականության, գալիս են. 5. Իսպանիա՝ 765, 6. Հոլանդիա՝ 758 (այս երկիրը նույնպես մեր ընտրանու հետ ընդգրկված է նույն խմբում), 7. Մեքսիկա՝ 753, 8. Անգլիա՝ 752, 9. Պորտուգալիա՝ 747, 10. Իտալիա՝ 738: Բարեբախտաբար, Հայաստանի ազգային հավաքականը տարեվերջին վերելք է արձանագրել այդ ցուցակում: Բարձրանալով միանգամից չորս աստիճան՝ մեր ընտրանին զբաղեցրել է 119-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեր խմբի մյուս թիմերից Ռումինիան նահանջել է մեկ քայլ եւ 29-րդն է, Ֆինլանդիան մնացել է նույն՝ 43-րդ տեղում, մեկ քայլ տեղը զիջել է նաեւ Մակեդոնիան, իսկ ահա Անդորրան արդեն 138-րդն է՝ բարձրանալով հինգ աստիճան: Ռոնալդինյոն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստն Բրազիլիայի հավաքականի եւ Իսպանիայի «Բարսելոն» ակումբի կիսապաշտպան Ռոնալդինյոն ՖԻՖԱ-ի անցկացրած ամենամյա հարցման արդյունքով ճանաչվել է աշխարհի 2004 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցած ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ թիմերի ավագների ձայների ամփոփումից հետո 24-ամյա ֆուտբոլիստը վաստակեց 620 միավոր: Երկրորդ տեղում հայտնված ֆրանսիացի Տիերրի Անրիի, որ հանդես է գալիս «Արսենալի» կազմում, անվան դիմաց գրանցվեց 552, իսկ «Միլանի» եւ Ուկրաինայի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն 253 միավորով եզրափակեց եռյակը: Հիշեցնենք, որ անցած տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դարձել էր «Ռեալի» կիսապաշտպան Զինեդին Զիդանը: Հետաքրքիր է, որ 160 երկրներից միայն Ռուսաստանը չի մասնակցել այդ հարցմանը: Այդ երկրի հավաքականի ավագ Ալեքսեյ Սմերտինը ԶԼՄ-ներին հայտարարել է, թե իրեն նման առաջարկ չի եղել ոչ Ռուսաստանից, ոչ էլ արտասահմանից: Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել