Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ

Դեկտեմբեր 22,2004 00:00

ՁՄԵՌ ՊԱՊԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՇՐՋԻ ԿԱՌՔՈՎ Երեւանի համայնքներից յուրաքանչյուրը յուրովի է նախապատրաստվում Ամանորին՝ կախված թաղապետի ճաշակից, հնարավորություններից, երեւակայության սահմաններից: Սակայն բոլորը նման են երկու հարցում. մեկ՝ տոնից տոն հաշմանդամներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, անապահովներին հիշելու իրենց սովորույթով, մեկ էլ՝ ամանորյա ծախսերի չափը թաքցնելով: Օրինակ, Շենգավիթ համայնքն այս տարի էլ աչքի կընկնի իր տոնածառով: Գարեգին Նժդեհի հրապարակի տոնածառը իր բարձրությամբ՝ 24 մետր, կգերազանցի անգամ Երեւանի գլխավոր՝ Հանրապետության հրապարակի տոնածառին: Ինչպես տեղեկացրեց Շենգավիթի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Արսեն Ադամյանը, ամանորյա միջոցառումների կազմակերպման համար նույնիսկ հատուկ հանձնախումբ է ստեղծվել՝ թաղապետի գլխավորությամբ: Գլխավոր միջոցառումը նախատեսված է կազմակերպել հունվարի 6-ին կամ 13-ին: Համերգը կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Թաղապետարանի ենթակայությամբ գործող բոլոր օբյեկտների շուրջ 2500 երեխա կմասնակցի «Մետրո» թատրոնում կայանալիք տոնական միջոցառմանը, բոլորին կտրվեն նվերներ: Կենտրոն թաղապետարանի լրատվության պատասխանատու Արամ Յավրումյանը տեղեկացրեց, որ թաղապետարանը 10000 տոմս է գնել, որպեսզի համայնքի բոլոր մանուկները կարողանան դիտել Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք ամանորյա ներկայացումները: Ըստ նրա, դեկտեմբերի 28-ից սկսած, Մոսկովյան ծառուղում Կենտրոնի բնակիչների, իսկ համայնքի բարեգործական ճաշարանում՝ վետերանների ու անապահովների համար կկազմակերպվեն ուրախ միջոցառումներ, որոնց ներկա կգտնվի նաեւ թաղապետը: Երեխաները կստանան նվերներ, մեծահասակները՝ «մեծական» նվերներ, փաթեթում նաեւ հավ ու գինի: Ավանի թաղապետարանը համայնքի բնակիչներին կրկին կզարմացնի կես տոննա կշռող հսկա տորթով ու Ձմեռ պապերի ու Ձյունանուշների մեծաթիվությամբ: Ավանի թաղապետարանի կրթության բաժնի պետ Սեդա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ամանորյա միջոցառումներն իրենց համայնքում կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից: «Հայր եւ որդի Հայրապետյաններ» հիմնադրամի աջակցությամբ 1-16 տարեկան բոլոր երեխաները նվերներ կստանան: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի լրատվության պատասխանատու Լիլիթ Սարհատյանն ասաց, որ իրենց համայնքում Ձմեռ պապերը կշրջեն կառքերով: Դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ից Ձմեռ պապը կհյուրընկալվի համայնքի գլխավոր՝ «Չինարի», «Մայրության», «Սիրո եւ հավատի» զբոսայգիներում ու երեխաներին նվերներ կբաժանի: Ընդ որում, նրա շքախմբում կլինեն ոչ միայն Ձյունանուշիկն ու դերասաններ, այլեւ թաղապետարանի աշխատակիցներ: Աջափնյակ համայնքի գլխավոր տոնածառը կդրվի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից լողավազանում պատրաստված բեմում: Թաղապետարանը 2600 երեխաների համար նվերներ ու տոնածառի հանդեսների տոմսեր է պատրաստել: Այս համայնքում նվերներ կստանան նաեւ հանրակրթական դպրոցների ուսուցիչները: Թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Նունե Սարգսյանը տեղեկացրեց, որ տոնական օրերին համայնքի փողոցներն ավելի լավ կլուսավորեն, որովհետեւ թաղապետը այցելելու է ոչ միայն համայնքի բնակիչ իր սանիկներին, այլեւ այն բակերը, որտեղ համատիրությունների ղեկավարների աջակցությամբ դրսում տոնածառ ու ամանորյա սեղաններ կլինեն: Դավիթաշեն համայնքում միջոցառումներ կկազմակերպվեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին եւ 13-ին: Հիմնականում կգործի նույն սցենարը, ինչ մյուս համայնքներում: Մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Ժորա Ղուկասյանը տեղեկացրեց, որ մոտ 1մլն դրամ կծախսեն տոնի առիթով: Արաբկիրի թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համայնքի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Մերգելյան ինստիտուտի հրապարակում: Համայնքի փոքրիկները հեքիաթների հերոսների հետ միասին կվառեն տոնածառի լույսերը: Մեծ ու փոքր Ձմեռ պապիկները նվերներ կբաժանեն: Առաջին անգամ կհնչի համայնքի հիմնը, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Քրիստ Մանարյանն է: Հունվարի 3-4172ը Արաբկիր համայնքում էլ Ձմեռ պապերը կառքով կշրջեն: Գուցե այս տարի մոդայիկ են հենց կառքո՞վ Ձմեռ պապերը: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի միջոցառումներում էլ նրանք այլեւս հետիոտն չեն: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել