Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր

Դեկտեմբեր 22,2004 00:00

Ո՞ւր են տանում ճանապարհները Եվրախորհրդի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում փորձագետների եւ հանրության տեսակետները խիստ տարբեր են: Տարեմուտին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը փորձել էր հայ հասարակությունից ստանալ ՀՀ քաղաքական օրակարգի մի շարք հրատապ հարցերի պատասխանները: Երեկ ներկայացվեցին այդ հարցումների արդյունքները: 100 փորձագետների եւ հանրության 2002 ներկայացուցիչների կարծիքները շատ հարցերում տրամագծորեն տարբերվում էին միմյանցից: Եթե փորձագետների 76%-ն էր հիմնականում դժգոհ ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից, ապա հանրության ընդամենը 34%-ն էր կարծում, որ բավարար չէ մինչ այժմ արվածը, իսկ 24%-ը գոհ էր տարվող քայլերից: Փորձագետների 40%-ը համարում էր, որ ԵԽ-ն անընդունելի պահանջ չի դրել ՀՀ-ի առջեւ: Այս կարծիքը կիսում էր հանրության ընդամենը 0,2%-ը: Հանրության 31,6%-ը անընդունելի է համարում կրոնական փոքրամասնությունների անարգել գործունեության թույլատրումը, եւս 26,8%-ը անընդունելի էր համարում սեռական փոքրամասնությունների իրավունքների հարգման պահանջը: Այս հարցումների մեջ թերեւս ամենահետաքրքիր բացահայտումներից մեկը հասարակության եւ փորձագետների՝ ՌԴ հանդեպ ունեցած տրամադրությունների տարբերությունն էր: Օրինակ, հարցը ձեւակերպված էր այսպես՝ «Ո՞ր դեպքերում ՀՀ-ն չպետք է անդամակցի ԵՄ-ին»: Զարմանալիորեն մեր հանրության 27,5%-ը կարծում էր, որ եթե ՌԴ-ն բացասաբար վերաբերվի դրան, ապա մենք պետք է հրաժարվենք ԵՄ անդամակցությունից: Դեռ լավ է, որ փորձագետների ընդամենը 2%-ն էր այդ կարծիքին: Հետաքրքիր էր նաեւ Թուրքիայի հանդեպ հանրության եւ փորձագետների տրամադրվածությունը: Հարցին՝ «Կո՞ղմ եք, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին», փորձագետների 61%-ը տվել է «այո», իսկ 22%-ը՝ «ոչ» պատասխանը: Իսկ ահա հանրության միայն 28,7%-ն է դրական պատասխան տվել հարցին, այն դեպքում, երբ 52%-ը դեմ է եղել: Փորձագետների կեսից ավելին կարծում է, որ ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի եւ ժողովրդավար երկիր: Այս կարծիքն ամենեւին չի կիսում հանրությունը, որը սպասում է, թե ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան ավելի կհզորանա ու ՀՀ-ի նկատմամբ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի (32,4%): ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.- Հետաքրքիր դիտարկում ներկայացրեց երեկ այս սոցհարցման ամփոփմանը նվիրված կլոր սեղանին ներկա ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Ըստ որոշ վերլուծությունների՝ եթե պահպանվեն արտագաղթ-ներգաղթի այս մակարդակը եւ ծնելիության նման տեմպերը, 2050թ. ՀՀ բնակչության թիվը 1/3-ով կկրճատվի, ընդ որում՝ խիստ կկրճատվի 15-59 տարեկանների թիվը, իսկ բնակչության 37%- ը կկազմեն 60-ից բարձր տարիքի անձինք: Ճիշտ հակառակ դեմոգրաֆիկ պատկերն է սպասվում Թուրքիայում եւ Ադրբեջանում՝ բնակչության թվի 45% – 47% աճ, ընդ որում՝ հիմնականում 15-59 տարեկանների քանակի ավելացման հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել