Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՊԵԼ ԱՆՏԱՌԻ ՀԵՏ

Դեկտեմբեր 22,2004 00:00

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿԱՊԵԼ ԱՆՏԱՌԻ ՀԵՏ Սա էր գյուղնախարարության եւ կրթության նախարարության խնդիրը, երբ որոշվեց վերականգնել շինջոկատների գաղափարը: Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն ու գյուղնախարար Դավիթ Լոքյանը պատվոգրեր հանձնեցին մոտ 20 ուսանողների, որոնք աչքի էին ընկել ամռան ամիսներին կազմակերպված՝ անտառտնկման ու անտառների վերականգնման շինջոկատային աշխատանքներում: Ընդհանուր գործին ներգրավվել են 8 բուհերի 250 ուսանողներ, սակայն, ըստ Դ. Լոքյանի, «ամբողջը ուսանողների ուսերին չէր, աշխատանքներին ներգրավվել էին նաեւ Հայանտառի ու գյուղնախարարության վարչության պետեր եւ այլք»: Դավիթ Լոքյանն ընդունում է, որ շինջոկատների աշխատանքում բազմաթիվ թերություններ կային, որովհետեւ «շատ արագ որոշեցինք եւ արագ սկսեցինք, սկզբնական փուլում կենցաղային խնդիրներ կային, նաեւ զգուշանում էինք, որ վթարներից խուսափեինք: 10 օրից այդ խնդիրները կարգավորվեցին: Հիմնականում վթարային իրավիճակներ չպարունակող աշխատանքներ էին՝ անտառի խնամք, վերականգնում, անտառտնկում, իսկ փայտանյութի կտրման, տեղափոխման հետ կապված հարցերում ուսանողներին չենք թույլատրել մասնակցել»: Ֆինանսական հարցերն ամբողջությամբ հոգացել է գյուղնախարարությունը, բայց թե որքան գումար է ծախսվել, պրն Լոքյանը ստույգ չասաց. «Յուրաքանչյուր ուսանող ստացել է, եթե չեմ սխալվում, 50 հազար դրամ»: Ներկա ուսանողներից պարզեցինք, որ նրանք ստացել են 45 հազար դրամ, թեպետ նախապես խոստացվել էր 150 դոլար եւ ավելի: Դեռեւս մտահղացման առաջին օրերին բազմաթիվ բողոքներ ու առաջարկներ էին հնչում, որ ավելի լավ է այս գումարները ծախսել առավել նպատակային՝ աշխատանքներում ներգրավելով տվյալ մարզերի գործազուրկ երիտասարդներին: Այս առնչությամբ պրն Լոքյանն ասաց. «Տարբեր առաջարկներ կարող են լինել, բայց սա խնդիր էր, որպեսզի ուսանողները կապվեն հեռավոր տարածքների, անտառի հետ: Մեծ թիվ էին կազմում Գյուղակադեմիայի ուսանողները, որոնց համար սա նաեւ պրակտիկա էր: Բացի այդ, ուսանողների մուտքը անտառներ՝ նաեւ դաստիարակչական էր. մարզերում հիմա երիտասարդները դարձել են առավել անտառապաշտպան»: Ամառվա ընթացքում ընդհանուր առմամբ վերականգնվել եւ տնկվել է 2,5 հազար հեկտար անտառ՝ Նոյեմբերյանի, Շնողի տարածքում, Ջիլիզայի, Ստեփանավանի, Վանաձորի, Գուգարքի, Սեւ քարի անտառտնտեսություններում եւ այլուր: Երկու նախարարները հիշեցին, թե ինչպես էին ուսանողները մտերմացել հատկապես Նոյեմբերյանի Կողբ գյուղի բնակիչների հետ: Մեր խնդրանքին՝ մանրամասնել, թե ինչ միջադեպեր են հատկապես հիշում, պրն Լոքյանը պատասխանեց. «Կողբ գյուղում շինջոկատ է աշխատել, գյուղում երեխաները ապրել են, ֆուտբոլ խաղացել, հարաբերվել, սիրահարվել»: Այս մասին Տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Խորեն Հովհաննիսյանը ասաց. «Այնտեղ շատ սիրուն աղջիկներ կային, եւ 1-ին, 2-րդ կուրսի տղաները սիրահարվել էին»: Խորենը նաեւ նշեց, որ տեղի բնակիչները միայն սիրային հարցում չէր, որ խանդով էին վերաբերվում ուսանողներին: «Այն աշխատանքները, որ մեզ հանձնարարված էին, դրա դիմաց այնտեղի բնակիչները կարող էին ստանալ մոտ 13 հազար դրամ: Եվ դա էր պատճառը, որ նրանք ավելի շատ նախընտրում էին անտառները ապօրինի հատել: Ու հանկարծ Երեւանից եկած ինչ-որ ուսանողներ, որոնք չգիտես ինչպես են աշխատում, ստանում են ավելի շատ: Խանդ կար, բայց ընդհանուր առմամբ բարիդրացիական հարաբերություններ հաստատվեցին: Առաջին փորձն էր, եւ, բնականաբար, անկազմակերպ էր: Նախ՝ աշխատանքները չէին վերահսկվում, ջոկատի հրամանատարը չէր կարող միաժամանակ մի քանի խմբերի աշխատանքին հետեւել, ոմանք չէին աշխատում, ամբողջ օրը պառկած էին: Տպավորությունն այնպիսին էր, որ պրոպագանդա էր միայն. փորձում են վերականգնել ավանդույթը, վերնագիրը կար, բայց բովանդակությունը մտցված չէր: Բացի այդ, սնունդը չէր բավարարում, աշխատելիս սոված էինք մնում, տեղերում սնունդը չէր ապահովվում»: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ շինջոկատները շատ բուհերում կազմվել են որոշակի պայմանով. «ստուգարք կստանաք, եթե ներգրավվեք շինջոկատային աշխատանքներում»: Արդյունքում՝ ներգրավվել են մեծ մասամբ վատ սովորողներ եւ նաեւ ուսխորհրդի անդամներ՝ «ի պաշտոնե»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել