Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ

Դեկտեմբեր 22,2004 00:00

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՂՄՆԱԿԻ ԶՐՈՒՑԱԿՑՈՎ Ազդանշանի (զումերի) բացակայությունը ոչ թվային հեռախոսակապի, թերեւս, ամենափոքր թերությունն է: Ժամերով զանգելու հնարավորությունից զրկված լինելը կամ սխալ բաժանորդի հետ միանալն էլ մեծ մասամբ ուղղելի խնդիր է լինում: Առավել անընդունելի է մասնավոր զրույցի հնարավորությունից զրկված լինելը. ոչ թվային կայանների բաժանորդների հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը անընդհատ խախտվում է: Ավելին՝ յուրաքանչյուր խոսակցություն ամեն րոպե կողմնակի միջամտության կամ լրացուցիչ զրուցակիցների մասնակցության վտանգի տակ է: Հին հեռախոսակայանների բաժանորդների ներկայացմամբ, պատահում է՝ միեւնույն գծում են հայտնվում երեք զույգ զրուցակիցներ: Իսկ չորս հոգին բավականին սովորական երեւույթ է: Անկոչ զրուցընկերոջ մասնակցությունից երաշխավորված չեն նաեւ հատուկ ծառայության աշխատակիցները: Այդպիսի իրավիճակում հայտնված մի բաժանորդի պատմելով, մի անգամ ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե ով պետք է գծից դուրս գա, ստիպված ծառայության աշխատակիցը բացահայտվել է. «հեռախոսը դրեք, օպերատիվ աշխատանք ենք կատարում»: Լինում է եւ այնպես, որ երրորդ բաժանորդը լսափողը վերցնելու պահից է միանում որեւէ խոսակցության: Իսկ հեռախոսագծերում անհարկի կտկտոցն ու աղմուկն այնքան շատ են, որ երրորդ զրուցակցի ներկայությունը ոչ միշտ է նկատելի լինում: Այնպես որ, եթե վերջինս հետաքրքրասեր է, ապա տեղեկանում է շատ դեպքերում իր ծանոթի մասին քննարկումներին, ընտանեկան գաղտնիքներին եւ այլն: Այդպես մի երիտասարդ 47 ԱՀԿ-ի (ATC) բաժանորդ իր ընկերուհուն պատմել էր նրա մոր՝ երեկույթի գնալու մտադրության մասին, որը պարզվել էր՝ համապատասխանում է իրականությանը: Հետաքրքիր է, որ ոչ թվային հեռախոսակապով բաժանորդների խոսակցությանն են մեխանիկորեն միանում մարզերից այդ համարներից մեկով զանգահարողները՝ միանգամայն աննկատ: Սա համեմատաբար նոր երեւույթ է: Իսկ խոսացողներից մեկին մարզից զանգողը հաստատ գիտի ով է: Առավել անընդունելի եւ տարածված է, երբ «ԱրմենՏելի» օպերատորն է խոսակցության պատվեր միացնելիս գծում մնում, այնուհետեւ խոսակցությունը պատմում հարեւաններին: Այս բոլորի մասին կանոնավոր եւ պարբերաբար բողոքներ ենք ստանում: Մասնագետների գնահատմամբ, սրանք գործնականում եւ սկզբունքորեն գաղտնիության իրավունքի խախտումներ են, սակայն տեսականորեն այլ երեւույթներ են համարվում խախտումներ: Եվ երբ, օրինակ, բաց ժողովի ժամանակ քննարկվում էր հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խնդիրը, նկատի էին առնվում այդ խոսակցությունների ընթացքում արծարծվող տեղեկությունների պահեստավորման եւ տարածման հնարավորությունները: Այդ պատճառով էլ լիցենզիայի փոփոխություններում ընդգրկված են այդ իրավունքի պահպանության հետ կապված տեխնիկական հստակեցումներ: Մասնավորապես ամրագրվել է, որ այսուհետեւ «ԱրմենՏելը» կարգավորող մարմնին պետք է ներկայացնի այն սարքավորումները, որոնցով պետք է տեղի ունենա խոսակցությունների ֆիքսումը, որպեսզի պետությունը ստուգի՝ պահեստավորվու՞մ է այդ ինֆորմացիան, թե՞ ոչ: Տեսականորեն համարվում է, որ պահեստավորումն է գաղտնիության իրավունքի խախտման պոտենցիալ պարունակում: Իսկ վերոհիշյալ երեւույթները, համարում են, որ կրիմինալ չի պարունակում, քանի որ խոսակցություն լսողն իր կամքից անկախ է տեղեկանում քննարկվող «նյութին»: Այնուամենայնիվ, նկատենք, որ սպասարկողի մեղքն այստեղ վերջին տեղը չէ, որ գրավում է, սակայն պատժամիջոց կիրառելու դեպք հայտնի չէ, թեեւ պետք է նկատել, որ երբեւէ բաժանորդների կողմից այս խնդրով իրավապահներին դիմելու դեպքի մասին էլ հայտնի չէ: Վատն այն է, որ այդ հեռախոսակայանների բաժանորդների իրավունքները խախտված կման առնվազն կես տարի եւս: Դեռեւս թվայնացված չեն 61, 62, 25, 34, 35, 47, 77, 63, 64, 65, 45, 48 հեռախոսակայանները: Վերջին հինգն այդ գործընթացում են: Եվ ինչպես «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենը հայտարարեց, դրանք մոտավորապես եկող տարվա հուլիսին թվայնացված կլինեն: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել