Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապիկի

Դեկտեմբեր 22,2004 00:00

Կապիկի տարին Սովորաբար տարեվերջին մարդիկ արդյունքներ են ամփոփում: Ի՞նչ հասցրին անել տարվա ընթացքում եւ, որ պակաս կարեւոր չէ, ի՞նչ չհասցրին: Բնականաբար, այդ հարցերն իրենք իրենց տվել են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնող անձինք ու հաստատ նաեւ իրենք իրենց պատասխանել են: Հասկանալի է, որ այդ պատասխանները մենք երբեք չենք կարող ունենալ: Դրանք համարյա թե պետական գաղտնիքին համազոր բաներ են: Փոխարենը լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, ՀՀ ԱԳՆ-ից կստանան մի քանի տասնյակ էջից բաղկացած հաշվետվություն, որում զետեղված բազմաբնույթ դիվանագիտական հաղթանակներն ու ամեն տեսակ հաջողությունները, վստահաբար, ընդունակ կլինեն շարժել մինչեւ անգամ Բիսմարկի նախանձը: Մինչ այդ փորձենք ինքներս թեթեւակիորեն ի մի բերել տարին նշյալ ոլորտում ու համբարել (եթե, իհարկե, դրան ենթակա բան գտնենք) գրանցված հաջողությունները: Եվ այսպես, ղարաբաղյան հիմնահարց: Արտգործնախարարն այս թեմայի շրջանակներում, իհարկե, աննախադեպ առաջընթաց կարձանագրի՝ մասնավորապես ասելով, թե Երեւանին հաջողվեց հաղթահարել բանակցությունների փակուղային փուլն ու զարկ տալ «Պրահայի գործընթացի» ծավալմանը: Իրականում կարգավորման գործընթացը մազաչափ իսկ տեղից չի շարժվել, եթե չասենք՝ ավելի է խճճվել ու բարդացել: Ավելին, այս տարի հարցը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից դուրս եկավ ու ԵԽԽՎ-ում, ինչ172որ տեղ նաեւ՝ ՄԱԿ-ում խիստ աննպաստ դրսեւորումներ ունեցավ: Այն, որ «գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» հարցը ՄԱԿ-ի ԳՎ-ում չքվեարկվեց, դա ինքնին, օսկանյանական մեկնաբանությամբ, հայ դիվանագիտության ամենափայլուն էջերից մեկը կորակվի: Մինչդեռ նախ՝ այդ հարցն առկախ է եւ ցանկացած պահի կարող է վերաքվեարկության դրվել, եւ ապա՝ միայն ԵԽԽՎ-ի հաջորդ նստաշրջանին ներկայացված՝ անգլիացի պատգամավոր Աթկինսոնի զեկույցն «ինչ ասես արժե»: Մի խոսքով, մեր արտաքին քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի առաջընթացով ուրախանալու բան չունենք. ճիշտ հակառակը: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա դրանք ածանցվում են առաջինից: Թեեւ գոնե մեկ ասպեկտի վրա արժե ուշադրություն հրավիրել: Եվրաինտեգրման ջատագով Հայաստանն անցնող տարի մի չլսված տխմարություն թույլ տվեց. ի տարբերություն իրենց գոնե մի քիչ հարգող ԱՊՀ մի շարք անդամ-երկրների, նա միացավ ԵԱՀԿ-ին ջախջախող (խորհրդային մտածողությամբ, իհարկե) Պուտինի թխած փաստաթղթին: Իրավիճակի աբսուրդն այստեղ այն է, որ մինչեւ արմունկները զանազան ընտրահանցանքների եւ ուրիշ շատ մեղքերի մեջ խրված Հայաստանն այդպիսով, փաստորեն, ժողովրդավարության դասեր տվեց Եվրոպային՝ ցավալիորեն հայտնվելով «Շերխանի շակալի» կարգավիճակում: Եվ իբրեւ այս աբսուրդի շարունակություն՝ Քոչարյանը շնորհավորեց Յանուկովիչին: Կապիկի տարին ավարտվում է. վերջը լավ լինի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել