Եվրախորհրդի,
Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում փորձագետների եւ հանրության
տեսակետները խիստ տարբեր են: Տարեմուտին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնը փորձել էր հայ հասարակությունից ստանալ ՀՀ քաղաքական օրակարգի
մի շարք հրատապ հարցերի պատասխանները: Երեկ ներկայացվեցին այդ հարցումների արդյունքները:
100 փորձագետների եւ հանրության 2002 ներկայացուցիչների կարծիքները շատ հարցերում
տրամագծորեն տարբերվում էին միմյանցից: Եթե փորձագետների 76%-ն էր հիմնականում դժգոհ
ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից, ապա հանրության ընդամենը
34%-ն էր կարծում, որ բավարար չէ մինչ այժմ արվածը, իսկ 24%-ը գոհ էր տարվող քայլերից:
Փորձագետների 40%-ը համարում էր, որ ԵԽ-ն անընդունելի պահանջ չի դրել ՀՀ-ի առջեւ:
Այս կարծիքը կիսում էր հանրության ընդամենը 0,2%-ը: Հանրության 31,6%-ը անընդունելի
է համարում կրոնական փոքրամասնությունների անարգել գործունեության թույլատրումը,
եւս 26,8%-ը անընդունելի էր համարում սեռական փոքրամասնությունների իրավունքների
հարգման պահանջը: Այս հարցումների մեջ թերեւս ամենահետաքրքիր բացահայտումներից
մեկը հասարակության եւ փորձագետների՝ ՌԴ հանդեպ ունեցած տրամադրությունների տարբերությունն
էր: Օրինակ, հարցը ձեւակերպված էր այսպես՝ «Ո՞ր դեպքերում ՀՀ-ն չպետք է անդամակցի
ԵՄ-ին»: Զարմանալիորեն մեր հանրության 27,5%-ը կարծում էր, որ եթե ՌԴ-ն բացասաբար
վերաբերվի դրան, ապա մենք պետք է հրաժարվենք ԵՄ անդամակցությունից: Դեռ լավ է, որ
փորձագետների ընդամենը 2%-ն էր այդ կարծիքին: Հետաքրքիր էր նաեւ Թուրքիայի հանդեպ
հանրության եւ փորձագետների տրամադրվածությունը: Հարցին՝ «Կո՞ղմ եք, որ Թուրքիան
անդամակցի ԵՄ-ին», փորձագետների 61%-ը տվել է «այո», իսկ 22%-ը՝ «ոչ» պատասխանը:
Իսկ ահա հանրության միայն 28,7%-ն է դրական պատասխան տվել հարցին, այն դեպքում, երբ
52%-ը դեմ է եղել: Փորձագետների կեսից ավելին կարծում է, որ ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան
կդառնա ավելի կանխատեսելի եւ ժողովրդավար երկիր: Այս կարծիքն ամենեւին չի կիսում
հանրությունը, որը սպասում է, թե ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան ավելի կհզորանա ու
ՀՀ-ի նկատմամբ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի (32,4%): ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.- Հետաքրքիր դիտարկում ներկայացրեց երեկ այս
սոցհարցման ամփոփմանը նվիրված կլոր սեղանին ներկա ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային
փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը: Ըստ որոշ վերլուծությունների՝
եթե պահպանվեն արտագաղթ-ներգաղթի այս մակարդակը եւ ծնելիության նման տեմպերը, 2050թ.
ՀՀ բնակչության թիվը 1/3-ով կկրճատվի, ընդ որում՝ խիստ կկրճատվի 15-59 տարեկանների
թիվը, իսկ բնակչության 37%- ը կկազմեն 60-ից բարձր տարիքի անձինք: Ճիշտ հակառակ դեմոգրաֆիկ
պատկերն է սպասվում Թուրքիայում եւ Ադրբեջանում՝ բնակչության թվի 45% – 47% աճ, ընդ
որում՝ հիմնականում 15-59 տարեկանների քանակի ավելացման հաշվին: