Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիվանդանոցն անվճար կերակրում է

Դեկտեմբեր 22,2004 00:00

Իսկ հիվանդները հրաժարվում են դրանից։ Համենայնդեպս, այդպես վստահեցնում են տնօրենները։

«Մեդինֆորմ» լրատվական գործակալությունն «Առավոտին» է տրամադրել առողջապահության համակարգում 2003-ին ԱԺ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները։ Նորություն այստեղ չկա՝ հիմնական «մինուսը» պետպատվերով բուժվող հիվանդներից լրացուցիչ գումարների գանձումն է։ Մի խնդիր էլ առաջացել է բյուջեից հատկացված ծախսերի կատարման հետ կապված. Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ պետպատվերով բուժվողների համար հատկացված սննդի ծախսերը չեն կատարվել գրեթե բոլոր հիվանդանոցներում, բացի հատուկ նշանակության բուժհիմնարկներից, օրինակ՝ տուբերկուլյոզի։ Սննդի համար հատկացված գումարը տնօրենները օգտագործել են աշխատավարձի, շենքի տեղային վերանորոգման եւ տնտեսական այլ հոգսերի համար։ «Սննդի հարցն այժմ հնարավոր չէ կազմակերպել եւ խնդիրը գումարը չէ, այլ հայկական մենթալիտետը. մեր հիվանդներն անվճար սննդից չեն օգտվում, գերադասում են տնից կամ իրենց այցելության եկածների բերած մթերքից օգտվել»,- երեկ «Առավոտին» խնդիրը պարզաբանեց 3-րդ հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանը։ Նրա ասելով, մեկ-երկու տարի առաջ իրենք փորձել են լրիվ հնարավորություններով «աշխատեցնել» ճաշարանը, սակայն «ոչ մեկն էլ չեկավ, իզուր ծախս արեցինք ու վնաս կրեցինք»։ Հետաքրքրվեցինք՝ գուցե «մենյո՞ւն» հիվանդների սրտով չէր։ Ըստ մեր զրուցակցի՝ «ոչ, ամեն ինչ էլ ունեինք, օրը երեք անգամ կարող էինք կերակրել, իսկ տոն օրերին էլ տոնական սեղան էինք պատրաստում»։ Այնուամենայնիվ, կգտնվեն միայնակ մարդիկ, որոնց սննդի հոգսը հոգացող չկա։ «Այդպիսիք տարվա մեջ մեկ տասնյակի չեն հասնում, նրանց սնունդն ապահովում ենք»,- վստահեցրեց տնօրենը։ Եթե այդպես է, ի՞նչ իմաստ ունի բյուջեից այս ուղղությամբ հատկացում անել, հետո էլ դրա չկատարումը գրանցել որպես խախտում. «Մենք այդ գումարն օգտագործում ենք այլ նպատակներով, հիմա նախկինի պես չէ, որ ծախսային հոդվածի փոփոխությունը պրոբլեմ առաջացնի, տնօրենները կարող են հատկացված գումարն օգտագործել ըստ կարիքի, ապահովելով բուժման ու աշխատավարձի ծախսերը»։ Խնդրի առնչությամբ նույն տեսակետը հայտնեց նաեւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, թեպետ նույնիսկ տեղյակ էլ չէր իր համակարգում արձանագրված խախտումներից. «Իսկ ո՞վ ասաց, որ սննդի համար հատուկ ծախս է նախատեսված։ Հիվանդանոցներն այսօր փակ բաժնետիրական ընկերություններ են եւ հոդվածներով գումար ծախսելու պարտավորություն չունեն»։

Այս խառնաշփոթից մի հետեւություն կարելի է անել՝ ԱԺ Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունների ժամանակ ավելորդ «կեղտ բռնելու» փորձ է արել։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել