Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՂՄՆԱԿԻ ԶՐՈՒՑԱԿՑՈՎ

Դեկտեմբեր 22,2004 00:00

Ազդանշանի
(զումերի) բացակայությունը ոչ թվային հեռախոսակապի, թերեւս, ամենափոքր թերությունն
է: Ժամերով զանգելու հնարավորությունից զրկված լինելը կամ սխալ բաժանորդի հետ միանալն
էլ մեծ մասամբ ուղղելի խնդիր է լինում: Առավել անընդունելի է մասնավոր զրույցի
հնարավորությունից զրկված լինելը. ոչ թվային կայանների բաժանորդների հեռախոսային
խոսակցության գաղտնիության իրավունքը անընդհատ խախտվում է: Ավելին՝ յուրաքանչյուր
խոսակցություն ամեն րոպե կողմնակի միջամտության կամ լրացուցիչ զրուցակիցների մասնակցության
վտանգի տակ է: Հին հեռախոսակայանների բաժանորդների ներկայացմամբ, պատահում է՝ միեւնույն
գծում են հայտնվում երեք զույգ զրուցակիցներ: Իսկ չորս հոգին բավականին սովորական
երեւույթ է: Անկոչ զրուցընկերոջ մասնակցությունից երաշխավորված չեն նաեւ հատուկ ծառայության
աշխատակիցները: Այդպիսի իրավիճակում հայտնված մի բաժանորդի պատմելով, մի անգամ ոչ
մի կերպ համաձայնության չէին գալիս, թե ով պետք է գծից դուրս գա, ստիպված ծառայության
աշխատակիցը բացահայտվել է. «հեռախոսը դրեք, օպերատիվ աշխատանք ենք կատարում»: Լինում
է եւ այնպես, որ երրորդ բաժանորդը լսափողը վերցնելու պահից է միանում որեւէ խոսակցության:
Իսկ հեռախոսագծերում անհարկի կտկտոցն ու աղմուկն այնքան շատ են, որ երրորդ զրուցակցի
ներկայությունը ոչ միշտ է նկատելի լինում: Այնպես որ, եթե վերջինս հետաքրքրասեր է,
ապա տեղեկանում է շատ դեպքերում իր ծանոթի մասին քննարկումներին, ընտանեկան գաղտնիքներին
եւ այլն: Այդպես մի երիտասարդ 47 ԱՀԿ-ի (ATC) բաժանորդ իր ընկերուհուն պատմել էր
նրա մոր՝ երեկույթի գնալու մտադրության մասին, որը պարզվել էր՝ համապատասխանում է
իրականությանը: Հետաքրքիր է, որ ոչ թվային հեռախոսակապով բաժանորդների խոսակցությանն
են մեխանիկորեն միանում մարզերից այդ համարներից մեկով զանգահարողները՝ միանգամայն
աննկատ: Սա համեմատաբար նոր երեւույթ է: Իսկ խոսացողներից մեկին մարզից զանգողը հաստատ
գիտի ով է: Առավել անընդունելի եւ տարածված է, երբ «ԱրմենՏելի» օպերատորն է խոսակցության
պատվեր միացնելիս գծում մնում, այնուհետեւ խոսակցությունը պատմում հարեւաններին:
Այս բոլորի մասին կանոնավոր եւ պարբերաբար բողոքներ ենք ստանում: Մասնագետների
գնահատմամբ, սրանք գործնականում եւ սկզբունքորեն գաղտնիության իրավունքի խախտումներ
են, սակայն տեսականորեն այլ երեւույթներ են համարվում խախտումներ: Եվ երբ, օրինակ,
բաց ժողովի ժամանակ քննարկվում էր հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խնդիրը,
նկատի էին առնվում այդ խոսակցությունների ընթացքում արծարծվող տեղեկությունների պահեստավորման
եւ տարածման հնարավորությունները: Այդ պատճառով էլ լիցենզիայի փոփոխություններում
ընդգրկված են այդ իրավունքի պահպանության հետ կապված տեխնիկական հստակեցումներ: Մասնավորապես
ամրագրվել է, որ այսուհետեւ «ԱրմենՏելը» կարգավորող մարմնին պետք է ներկայացնի այն
սարքավորումները, որոնցով պետք է տեղի ունենա խոսակցությունների ֆիքսումը, որպեսզի
պետությունը ստուգի՝ պահեստավորվու՞մ է այդ ինֆորմացիան, թե՞ ոչ: Տեսականորեն համարվում
է, որ պահեստավորումն է գաղտնիության իրավունքի խախտման պոտենցիալ պարունակում: Իսկ
վերոհիշյալ երեւույթները, համարում են, որ կրիմինալ չի պարունակում, քանի որ խոսակցություն
լսողն իր կամքից անկախ է տեղեկանում քննարկվող «նյութին»: Այնուամենայնիվ, նկատենք,
որ սպասարկողի մեղքն այստեղ վերջին տեղը չէ, որ գրավում է, սակայն պատժամիջոց կիրառելու
դեպք հայտնի չէ, թեեւ պետք է նկատել, որ երբեւէ բաժանորդների կողմից այս խնդրով իրավապահներին
դիմելու դեպքի մասին էլ հայտնի չէ: Վատն այն է, որ այդ հեռախոսակայանների
բաժանորդների իրավունքները խախտված կման առնվազն կես տարի եւս: Դեռեւս թվայնացված
չեն 61, 62, 25, 34, 35, 47, 77, 63, 64, 65, 45, 48 հեռախոսակայանները: Վերջին հինգն
այդ գործընթացում են: Եվ ինչպես «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենը հայտարարեց,
դրանք մոտավորապես եկող տարվա հուլիսին թվայնացված կլինեն: ԱՐՄԻՆԵ
ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել