Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կգնա խորհրդարան

Դեկտեմբեր 22,2004 00:00

Որպեսզի մեր զինվորականները Իրաք չգնան

Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է քննարկվի հայկական ԶՈՒ ստորաբաժանումն Իրաք գործուղելու հարցը: Երեկ, նիստին ընդառաջ, «Երեւան» հյուրանոցում հարցը քննում էին Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ մտավորականները: «Արդարություն» դաշինքից քննարկմանը չէին մասնակցում «Հանրապետություն» կուսակցությունը, ԱԺԴ-ն: Հրավիրված էին, բայց ներկա չէին նաեւ կոալիցիոնները: Աշոտ Մանուչարյանը բացակայությունները պատճառաբանեց ժամանակի սղությամբ, քանզի քննարկում կազմակերպելու որոշում ընդունվել էր միայն նախորդ օրը երեկոյան: Ի դեպ, մեր տեղեկություններով, երեկ այս հարցը քննարկվել է նաեւ ՀՅԴ-ում: Մինչդեռ Խորեն Պալյանը վրդովվեց կոալիցիայի բացակայությունից. «Մենք փողոցից հավաքված չենք, վեց ակադեմիկոս են այստեղ, էլ չեմ ասում մյուսներին, մենք էլ այս երկրի համար գործ ենք արել եւ անում ենք: Բայց կոալիցիան մեր հրավերներից ոչ մեկը չի ընդունել»: Ու քանի որ Խ. Պալյանը Կանադայից նոր էր վերադարձել, հայրենակիցներին փոխանցեց տեղի հայ համայնքի վերաբերմունքն այս հարցին. «Մի խառնվեք»: Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում Սիրիայի եւ ԱՄՆ-ի դեսպանությունների ներկայացուցիչները:

Ընդհանրապես, մասնակիցները համակարծիք էին, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումը Իրաք գործուղելը լրացնում է նախորդ դարասկզբի եւ դարավերջի հայոց ցեղասպանությունների շարքը: Մտավորականները խոսեցին հարցի բարոյական կողմի մասին: Պերճ Զեյթունցյանը մասնավորապես ասաց. «Ես, Խորեն Պալյանը, Օհան Դուրյանը արաբական երկրի ծնունդ ենք, մենք ավելի խորությամբ ենք զգում այս հարցի սրությունը: Սա այն հարցն է, որ պիտի հույզերով առաջնորդվենք: Սփյուռքահայերին միայն հեռուստամարաթոնների ժամանակ ենք հիշում: Այո, նուրբ հարց է պետության համար, բայց կշեռք կա… Մի մտեք արաբական երկիր, ամոթ է»: Խորեն Պալյանին հավաքը հիշեցրեց Արտաշատի ժողովը: «Այդ երկրները գրկաբաց ընդունեցին եւ ապրելու, արարելու հնարավորություններ տվեցին եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին, բայց մենք թիկունքից հարված ենք հասցնում նրանց»,- ասաց նա: Ռաֆայել Ղազարյանի կարծիքով էլ` իշխանությունը ոչ թե պետք է այդ հարցը քննարկման դներ, այլ դրա մասին հայտարարություն անգամ չպիտի հնչեր:

Խնդրի քաղաքական կողմին անդրադարձան Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Արամ Գ. Սարգսյանը, Հրանտ Խաչատրյանը, Գրիգոր Հարությունյանը: Վերլուծությունները հանգեցին նրան, որ նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն է եւ միտված է նրանց անձնական շահերի պաշտպանությանը: Որոշվեց ԱԺ-ի ընդդիմադիր ուժերից պահանջել՝ մի կողմ թողնել բոյկոտը եւ մասնակցել խորհրդարանում հարցի քննարկմանը: Երբ Վ. Մանուկյանը հնչեցրեց սույն առաջարկը, Արամ Գասպարիչը վրա բերեց. «Արտաշը (խոսքը Գեղամյանի մասին է) ասել է, որ ինքը պաշտպանելու է…»: «Դրա համար էլ ասեց ընդդիմադիր ուժերին»,- պատասխան հնչեցրեց Արամ Կարապետյանը: Ապա՝ դիմել ժողովրդին, ԱԺ-ին՝ ապավինելով վերջինիս խոհեմությանը: ԱՄՆ նախագահի նույն հատկանիշին ապավինելով էլ՝ մի դիմում էլ նրան կուղղվի, որում կբացատրվի, որ սա հակաամերիկյան քայլ չէ: Կթվարկվեն պատճառները, թե ինչո՞ւ Հայաստան պետությունը չի կարող այդ կոալիցիայում մասնակցություն ունենալ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել