Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԻՐԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ ԲԽՈՒՄ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ»

Դեկտեմբեր 22,2004 00:00

Ասում
է ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը – Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը,
որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահը հակադարձեց ՌԴ Պետդումայի
նախագահ Բորիս Գրիզլովի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային
Կովկասում: – Արթուր Բաղդասարյանի արձագանքն էլ էր շատ թույլ, քանի որ ասվեց
ուշացումով, եւ միայն այն բանից հետո, երբ մեր քաղաքական ուժերն ու մամուլն ուղղակի
ընդվզեցին Գրիզլովի՝ մեզ համար այդ նվաստացուցիչ հայտարարությունից հետո: Անհրաժեշտ
էր այդ ամենն ասել հենց Գրիզլովի ներկայությամբ: Սակայն մյուս բոլոր պաշտոնյաները
ոչ միայն հանդես չեկան դրա դեմ, այլեւ, ըստ էության, հաստատեցին Գրիզլովի գնահատականը
եւ այն փաստը, որ իրենց գործողություններում սահմանափակված են Կրեմլի հրահանգներով:
Իլհամ Ալիեւի հայտարարության առթիվ ԱԳՆ արձագանքն առնվազն զավեշտ էր. դրանից նախ
բխում էր, որ (ինչպես ՀՀՇ վարչության անդամներից մեկը դիպուկ նկատեց), ի տարբերություն
ֆորպոստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղն ավելի անկախ է, երկրորդ՝ որ ըստ էության թաքնվելով
Ռուսաստանի թիկունքում, ՀՀ-ն մատնացույց է անում Ղարաբաղին, երրորդ՝ որ ԼՂ-ին բանակցային
գործընթաց ներգրավելու փոխարեն (որին իրենք են զրկել բանակցող կողմի կարգավիճակից)՝
Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին վախեցնում են ԼՂ-ով՝ սպառնալով, թե «տես հա՜,
Ղարաբաղի հետ գործ կունենաս»: Ռոբերտ Քոչարյանն էլ, իր հերթին, չմերժելով Գրիզլովի
գնահատականը՝ սկսեց գանգատվել, թե Ադրբեջանը խանդում է Հայաստանին ՌԴ-ից կախված լինելու
համար: Սակայն կարծում եմ, թե որքան էլ ցավալի լինի՝ Ռուսաստանի այսօրվա իշխանություններն,
այնուամենայնիվ՝ հիմք ունեն նման կերպ արտահայտվելու համար: Պատճառն այն սխալ արտաքին
քաղաքականությունն է, որ վարվել ու վարվում է Քոչարյանի վարչախմբի կողմից: Այդ քաղաքականությունը
ոչ միայն միակողմանիորեն ուղղված է դեպի Ռուսաստան, այլեւ դրա հետեւանքով էապես թուլացել
են մեր պետականությունը եւ անկախությունը, նոր խնդիրներ են ստեղծվել մեր հարեւանների
հետ: Հայաստանը դարձել է Հարավային Կովկասը բեւեռացնող գործոն. Վրաստանն ու Ադրբեջանը
ձգտում են ՆԱՏՕ-ին անդամակցության, իսկ Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի հովանու
ներքո գործող ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային
Կովկասում 4 հիմքերի վրա՝ իշխանությունների ոչ բավարար լեգիտիմություն (խոսքը Վրաստանի
մասին չէ), տարածաշրջանային հակամարտությունների լուծման ձգձգում, ռուսական ռազմաբազաների
ներկայություն եւ 4-րդ՝ շատ կարեւոր գործոնը հայ-թուրքական սահմանի փակված լինելն
է: Բայց այս ամենը ժամանակավոր բնույթ ունի, քանի որ Պուտինյան Ռուսաստանը, ի տարբերություն
Ելցինի ՌԴ-ի՝ չունի քաղաքակրթական որեւէ դրական ներուժ: Ռուսաստանը դարձել է անկանխատեսելի՝
ոչ միայն ներքին, այլեւ հատկապես արտաքին քաղաքական գործընթացներում: Եվ նեոկայսերապետական
այս քաղաքականության հետեւանքով միանգամից սկսեցին խորանալ ՌԴ-ի դեմ տրամադրությունները
ինչպես Ուկրաինայում եւ Աբխազիայում, այնպես էլ՝ Հայաստանում: – Արդյոք Հայաստանի
միակողմանիորեն ռուսամետ արտաքին քաղաքականության մասի՞ն են վկայում նման փաստերը,
ինչպես, օրինակ՝ Իրաք հայ զինծառայողներ ուղարկելու մտադրությունն է: – Հայաստանի
իշխանությունների այդ որոշումը այն սակավաթիվ որոշումներից էր, որ պարունակում էր
ինչ-որ ինքնուրույնության տարր: Դրան Ռուսաստանի արձագանքն էր Վերին Լարսի սահմանակետի
փակումը՝ քայլ, որ ուղղված էր ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի դեմ: ՌԴ նման արձագանքն
այսօր հանգեցրել է մի այնպիսի վիճակի, որ եթե Հայաստանն արդեն հրաժարվի զորախումբ
ուղարկելուց՝ կկատարի կոպիտ սխալ, որ ավելի ցածր կարգավիճակում կդնի մեզ, քան Ռուսաստանի
հետ ներկայիս վասալային հարաբերություններն են: Տվյալ իրավիճակում մեր պետության
եւ անկախության շահերից է բխում զինվորականներ Իրաք գործուղելը, եւ Հայաստանը պետք
է կատարի այդ քայլը: – Որպես տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության պահպանման գործոն՝
նշեցիք հայ-թուրքական սահմանի փակված լինելը: Սակայն չե՞ք կարծում, որ այժմ, երբ
այդ, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման խնդիրը դիտարկվում են իբրեւ նախապայմաններ
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, ՌԴ-ն դառնում է երկրորդական դերակատար
այս հարցում: – Իհարկե, գնահատելի է, որ Եվրամիությունն ընդունել է մեզ համար
տվյալ պահին կարեւոր նշանակություն ունեցող նման որոշում: Հայաստանի իշխանությունը
միայն վերջերս սկսեց խոսել Թուրքիայի կողմից ապաշրջափակման մասին: Լուրջ կասկածներ
ունեմ, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ բացվի թուրքական
սահմանը: Պատճառները մի քանիսն են: Նախ՝ ակնհայտորեն տարվում է ղարաբաղյան հակամարտությունը
սառեցված վիճակում պահելու քաղաքականություն, իսկ հայ-թուրքական սահմանի բացումն
էական ու դրական ազդեցություն կունենար եւ լուրջ խթան կհանդիսանար կարգավորման գործընթացը
մեռյալ կետից շարժելու համար, ինչը հակասում է Հայաստանի իշխանությունների եւ անձամբ
Ռոբերտ Քոչարյանի շահերին: Երկրորդ՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կառավարվում է օլիգարխների
միջոցով, իսկ սահմանի բացումը էական ու շատ դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության
վրա, եւ դա նույնպես լուրջ վտանգ է մեր տնտեսության այս օլիգարխիկ կառուցվածքի համար,
որն էլի չի բխում Քոչարյանի եւ նրա վարչախմբի շահերից: Եվ երրորդ պատճառն է, որ Քոչարյանը
չի ուզում բացել սահմանը, քանի որ դա չեն ուզում ՌԴ ներկա իշխանությունները: Ֆորպոստը
չի՛ կարող ինքնուրույն լինել, եւ այդ իմաստով Ռուսաստանի բացասական դերը տարածաշրջանում
կպահպանվի, քանի դեռ Հայաստանում չեն ձեւավորվել օրինական իշխանություններ, որոնք
կվարեն Հայաստանի քաղաքացիների շահերից բխող քաղաքականություն: – Դուք նորից
պնդեցիք, թե Հայաստանի իշխանությունը տանում է ղարաբաղյան հակամարտությունը սառեցված
վիճակում պահելու քաղաքականություն: ԱԳ նախարարը վերջերս նման պնդումներին հակադարձեց,
թե նախկին իշխանավորներն ուզում են, որ Հայաստանը հարցը լուծի իրենց առաջարկած տարբերակով,
սակայն իրենք ձգձգելու են այնքան, մինչեւ լուծումը համապատասխանի հայ ժողովրդի շահերին:
– Փուլային կարգավորումից բացի, գոյություն չունի այլ տարբերակ: Այս հարցում
իշխանությունների փաստարկները կա՛մ սնանկ են, կա՛մ հաճախ անգամ ծիծաղելի: Ակնհայտ
է, որ ԵԽԽՎ-ում Թերի Դեւիս-Դեյվիդ Աթկինսոն զեկույցից, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում
բանաձեւի նախագծի հայտնվելուց հետո՝ իշխանությունները շատ լավ պատկերացնում են, թե
ինչ ծայրահեղ վտանգավոր վիճակում են հայտնվել: – Սակայն Վարդան Օսկանյանը
պնդում է, թե մեր դիրքերը բավական ամուր են: – Դա ասելուց հետո նա կոչ արեց
համախմբվել՝ ուժգնացող մարտահրավերներին դիմակայելու համար: Ամուր դիրքերի առկայության
դեպքում չեն հնչեցնում նման կոչեր: Եթե դիրքերդ ամուր են՝ ինչո՞ւ ես աղերսում համախմբվել
եւ ո՞ւմ դեմ: Նման կոչերն ու գործողությունները հիշեցնում են ուղղակի խուճապ: Ի դեպ՝
Օսկանյանը վերջերս նաեւ հաճախ է հայտարարում, որ եթե մեր հասարակությունը եւ խորհրդարանն
առաջարկեն գնալ փուլային լուծման՝ իրենք կգնան: Իմ տեղեկություններով՝ այսօր քննարկվում
է կարգավորման փուլային տարբերակ, բայց արդեն նաեւ Մեղրիի մասին որոշակի ձեւակերպումներով
եւ հանրաքվեի մասին անորոշ հիշատակմամբ: Այսինքն՝ 1997թ. էապես զիջող այս տարբերակի
գինը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական մեկուսացումն է, միջազգային հեղինակության
կորուստը եւ Նյու-Յորքում ու Ստրասբուրգում ձեւավորվող ղարաբաղյան կարգավորման նոր,
մեզ համար վտանգավոր միջազգային իրավաքաղաքական դաշտը: Եվ կարծում եմ, որ Ադրբեջանն
այժմ ինքն էլ կձգձգի բանակցությունները՝ մինչեւ Ստրասբուրգում եւ Նյու-Յորքում ստանա
իր համար նպաստավոր բանաձեւերը: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել