Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԳՈՒՏՆԵՐԸ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆՆ» ԵՆ, ՎՆԱՍՆԵՐԸ՝ ՄԵՐԸ

Դեկտեմբեր 22,2004 00:00

Գյուղերն առանց կապի թողնելը բերում է նյութական վնասների

Եթե Արշակ Սադոյանը առայժմ հապաղում է դատի տալ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, ապա «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանը շատ մոտ ապագայում պատրաստվում է դատի տալ «ԱրմենՏելին»՝ հանրապետության գյուղերը հեռախոսակապից զրկելու համար:

ԱԺ վերջին հերթական եռօրյայի ժամանակ պատգամավորը հարց ուղղեց կառավարությանը, որի էությունն այն էր, թե ո՞վ է ի վերջո պատասխանատու հանրապետության գյուղերի մեկուսացման, հեռախոսակապից զրկված լինելու համար: Լեւոն Խաչատրյանի հարցը բառացի այսպիսին էր. «Հարցս ուղղում եմ հասցեատիրոջը: Առաջին ձյան հետ Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովիտի շրջանների գյուղերի մեծ մասը հոսանքազրկվեց, հեռախոսակապազրկվեց, հեռուստազրկվեց: Մոտ տասը օր հերոսական պայքարից հետո հեռուստակապը, հետեւաբար՝ հոսանքակապը վերականգնվեց, հեռախոսակապը շարունակում է մնալ անկապ, որի հետեւանքով այսօր Ծաղկահովիտի մի շարք համայնքների բնակիչներ կրում են նյութական, բարոյական, ֆիզիկական, հավանաբար նաեւ՝ քանակական կորուստներ: Քանզի չունենալով միակ կապը, որը միշտ եղել է նախկինում, մարդիկ հնարավորություն չունեն հրդեհի, հիվանդության եւ այլ դժբախտ պատահարների դեպքում դիմել շտապօգնությանը: Կան դեպքեր, երբ արդեն մարդիկ ծննդաբերում են (կամ՝ հակառակը) այդ ոչ բարվոք ճանապարհներին: Ո՞վ է փոխհատուցելու հասցված նյութական, բարոյական, ֆիզիկական վնասների համար, նաեւ՝ քանակական, քանզի ժամանակին բուժօգնության չդիմելու դեպքում լինում են եւ մահացու դեպքեր: Ո՞վ է փոխհատուցելու վնասը»: Ֆինանսների նախարարի պատասխանը սովորական հերթապահ պատասխան էր. «Եթե իսկապես կրել են նյութական եւ հոգեկան կորուստներ, ապա կարող են դիմել դատարան, եւ դատարանը ինչպիսի վճիռ կայացնի, նաեւ՝ հասցեատերերին, այդ դեպքում էլ կհատուցվի, դա կլինի համայնքը, պետությունը, թե անհատ մարդիկ, ըստ այդմ կհատուցեն նաեւ այդ հասցեատերերը»: Այս պատասխանը միտումնավոր չխմբագրեցինք, քանի որ վախեցանք աղավաղել կառավարության խորիմաստ պատասխանը:

Կարելի էր այս հարց ու պատասխանին չանդրադառնալ, ինչպես չենք անդրադառնում բազմաթիվ նման հարցերի եւ պատասխանների: Սակայն սրան հաջորդեց տխուր մի փաստ, որն, իրոք, մարդկանց համար դարձավ ճակատագրական: Ապարանի տարածաշրջանի Մռավյան (նախկին Եղիպատրուճ) գյուղում երկու օր առաջ այրվեց գյուղացիներից մեկի տունը: Տունն այրվել է հիմնովին, քանի որ հեռախոսակապից զրկված գյուղացիները ոչ մի հնար չեն ունեցել հրշեջ ծառայություն զանգահարելու եւ կատարվածի մասին համապատասխան ծառայությունների ահազանգելու համար: Հրշեջ ծառայությանը հնարավոր է եղել ահազանգել հարեւան Քուչակ գյուղից՝ դեպքից քառասուն րոպե հետո միայն: Սակայն մինչ Ապարանից հրշեջ ծառայությունը կհասներ, տունը հիմնովին այրվել է:

Այս մասին մեզ պատմելով՝ Լեւոն Խաչատրյանը կասկածանք հայտնեց, որ խորհրդարանի դահլիճում գտնվողներից ոչ մեկը չի կարդացել «ԱրմենՏելի» պայմանագիրը. «Ինձ թվում է, որեւէ մեկը պայմանագիրը չէր կարդացել: Ոչ մեկը չասաց, որ իմ կողմից բարձրացված հարցի հասցեատերը «ԱրմենՏելն» է: Իսկ եթե պայմանագիրն այնպես է կազմված, որ օգուտները «ԱրմենՏելինն» են լինելու, իսկ վնասը մեր երկրի բյուջեն պիտի քաշի, ապա ես չեմ կարծում, որ այդպիսի պայմանագիր հնարավոր էր ստորագրել»: Պատգամավորի փոխանցմամբ՝ Արագածոտնի գյուղերում արդեն քսան օրից ավելի հեռախոսակապ չկա: Լեւոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատի է տալու «ԱրմենՏելին». «Կառավարությանը ես հենց այնպես չէի հարցրել, թե ո՞վ է հասցեատերը: Ես պայմանագիրը չեմ կարդացել, այդ պատճառով եմ հարցնում, թե ո՞վ է հասցեատերը: Հուսով էի, որ կառավարությունում կարդացած կլինեին, սակայն, պարզվում է, պայմանագիրը չեն կարդացել նաեւ կառավարության անդամները»: Դա ակնհայտ էր կառավարության պատասխանից: Պատգամավորը այն կարծիքին է, որ եթե մեկը վնաս է հասցնում մյուսին, պետք է այդ վնասը փոխհատուցի. «Ես համարում եմ, որ հեռախոսակապի բացակայությունը ուղղակի վնաս է»: Արագածոտնի մարզի հեռախոսակապն արդեն մոտ մեկ ամիս է՝ վնասված է: Լեւոն Խաչատրյանը վստահ է, որ հարցի լուծման դատական ճանապարհը լավագույնն է. «Դատի տանք, վնասի փոխհատուցումն այնքան օգուտ կբերի մեր ժողովրդին, սա էլ է բավարար, սա այն ճանապարհն է, որից «ԱրմենՏելը» կզգաստանա»: Իբրեւ իր առաջարկի փաստարկ, պատգամավորը հիշեցրեց Ռոկֆելլերի գլխին եկածը, երբ. «Մեծ մոնոպոլիայի դեմ ոչինչ չկարողացան անել, որոշեցին մասնատել, եւ դատական պրոցեսներով ուղղակի հանգիստ չէին տալիս նրանց: Այդ գործընթացն այնքան մեծ թափ ստացավ, որ ստիպված մոնոպոլիան մասնատվեց՝ բաժանվելով տասնյակ մասնաճյուղերի: Նույնը պետք է այստեղ անել «ԱրմենՏելի» գլխին: Արդեն մի քանի փաստեր կան՝ դատի տալու համար»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել