Զեկուցեցին ասպիրանտները Դեկտեմբերի 16-19-ը Ծաղկաձորում «Առողջ հասարակություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ՀՀ բուհական եւ գիտական հաստատությունների ասպիրանտների եւ մագիստրոսների գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին 50 ասպիրանտներ եւ մագիստրոսներ՝ 30 ամբիոններից: Գիտաժողովի ընթացքում երիտասարդ զեկուցողները անդրադարձան հետեւյալ թեմաներին. «Եկեղեցու դերը պետության կայացման մեջ», «Ազգայնականություն եւ ազգայնամոլություն», «Մշակույթի դերը հոգեւոր ընդհանրականության ձեւավորման գործում» եւ այլն: «Այբ-Ֆե» թերթի լրագրող Մհեր Արշակյանը ներկայացրեց «Գիրքը եւ «Աստվածաշունչը» թեման: Նա նշեց, որ ցանկացած երեւույթի բացատրություն, ընդհուպ մինչեւ աստղագուշակությունը, հնարավոր է գտնել «Աստվածաշնչում»: Զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանն էլ անդրադառնալով 20-րդ դարի սկզբին անցկացված հայաստանյան առաջին ընտրություններին, խոսեց Դաշնակցության կողմից կազմակերպված առաջին ընտրակեղծիքների մասին: Ի դեպ, հենց այս ընթացքում է հայ կնոջը ընտրելու իրավունք տրվել: Նա նշեց. «Մեր եկեղեցին պետության ղեկավարման դեր է ունեցել, երբ մենք պետականություն չենք ունեցել: Իսկ այսօր նրա ղեկավարության տակ շատ քիչ ոլորտներ կան: Երբ վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդին ԵՊՀ ուսանողները հարցրին, թե այսօր ի՞նչ դեր է ստանձնում եկեղեցին, նա նշեց միայն սոցիալական, մշակութային եւ շինարարական»: Ռուզաննա Ազրոյանը իր զեկույցում զուգահեռներ անցկացրեց էթնոկրոնական տեռորիզմի եւ ԶԼՄ-ների աշխատանքի մեջ: Ըստ նրա, առանց հանրաճանաչության՝ ահաբեկչությունը կորցնում է իր իմաստը: Իսկ ԶԼՄ-ները ապահովում են այդ հանրաճանաչությունը. «Տեռորիստը ծնում է վատ իրադարձություն, որը միշտ լավ նորություն է»: Գիտաժողովի մասնակիցները իրենց թեմաներում անդրադառնում էին նաեւ հայ երիտասարդության հիմնախնդիրներին, պետության կայացման մեջ նրանց ստանձնած դերին եւ այլն: Նրանք բոլորն էլ համամիտ էին, որ այսօր երիտասարդական հ/կ նախաձեռնելու գործում անպայման ֆինանսական աջակցության կարիք է զգացվում: Սակայն համոզված էին, որ եթե ինչ-որ մեկի «թեւի տակ մտնեն», ապա կդառնան նրա ձեռքի գործիքը: «Հանրապետական» ամսագրի խմբագիր Մուշեղ Լալայանը նշեց, որ թեմաներում քիչ էին նորամուծությունները: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ