Շատ խոսելու փոխարեն Իշխող կոալիցիոն կուսակցությունների նախաձեռնությամբ Ավանդների վերադարձման խնդրով զբաղվող Ազգային ժողովի հանձնաժողովի կատարած աշխատանքի վերլուծությունից դատելով, նպատակը ավանդների վերադարձը չէր, այլ պատրանք ստեղծելը: Հանձնաժողովը բավարարվեց միայն ավանդների ընդհանուր գումարը հայտարարելով եւ ինդեքսավորման չափի վերաբերյալ բանավեճերով: Եվ քանի որ ԱԺ-ն այս հարցով արտահերթ նիստ է նախաձեռնել եւ խնդրին լուծում տալու նոր հնարավորություն է ստեղծվել, առաջարկում եմ իմ նկատառումները: Հարկ է պարզել, թե որքան է Հայաստանից հեռացած, խնայգրքույկները կորցրած, մահացած ավանդատուների խնայողությունների չափը: Առաջարկում եմ ավանդների վերադարձը կատարել երկու փուլով: Առաջին փուլում ընդգրկել ու վճարել այն ավանդները, որոնց տերերը կառավարության սահմանած ժամկետում խնայգրքույկով ու անձնագրով անձամբ կներկայանան բանկ եւ 1993թ. նոյեմբերի 15-ի դրությամբ՝ ավանդի մնացորդը կփաստագրեն բանկի քարտում եւ խնայգրքույկում: Այնուհետեւ բանկը կամփոփի փաստագրված ավանդների մնացորդն ու կներկայացնի կառավարություն, ինչը դյուրին կդարձնեն մեկամսյա ժամկետում որոշել առաջնահերթ մարման գումարի եւ ինդեքսավորման չափը, վճարման հերթականությունն ու ժամկետները: Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել մնացած բոլոր ավանդատուները: Ի կատարումն օրենքի, ավանդների վճարման համար կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեում՝ 2006 թվից սկսած, որոշակի գումար կարող է առանձնացնել, քանի որ մեր պետբյուջեն անշեղորեն աճում է: Ավանդները վերադարձնելու մի կարեւոր աղբյուր էլ կա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին բնակչության 10 միլիարդի խնայողությունները (ավանդները) ուղղվել են գործարանների, ֆաբրիկաների շինարարությանը, որոնց մի մասը դեռեւս սեփականաշնորհված չէ, կարելի է հենց դրանց մասնավորեցումից գոյացող միջոցներն ուղղել ավանդների վերադարձմանը: Եվ հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հաջող մասնավորեցումը, հենց սրանից ստացված գումարը կարող են ուղղել ավանդների վերադարձմանը: Ի. ԳԵՎՈՐԳՅԱՆ, ավանդատուՀեռու ենք այն մտքից, թե իրական են ավանդները վերադարձնելու վերաբերյալ քաղաքական գործիչների մտադրությունները եւ կառավարության հնարավորությունները: Հարցը շահարկելով, նրանք ընդամենը ավելորդ հիասթափություն են առաջացնում: Սակայն, այնուամենայնիվ, նկատենք, որ օրենքով ՀՀ գույքի մասնավորեցումից ստացված գումարները փոխանցվում են ոչ թե պետբյուջե, այլ ՀՀ ԿԲ-ում հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին: Իսկ հաշվեհամարի գումարները կարող են ծախսվել միայն ԱԺ որոշմամբ: Այնպես որ, պատգամավորները հարմար առիթ ունեն իրենց վրա պատասխանատվություն վերցնելու եւ կառավարությանը պարտադրելու այդ գումարներն ավանդների վերադարձմանն ուղղելու: Մյուս կողմից կառավարությունը դարձյալ մտադրություն է հայտնել խնդրի լուծման ուսումնասիրության նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: Սակայն դեռեւս 2001 թվականից կառավարությունն արդեն իսկ բավականաչափ գումար է ծախսել այդպիսի զանազան հանձնաժողովների վրա: Իսկ արդյունքները՝ կարելի է ասել, զրոյական են: Այնպես որ, անիմաստ է եւս նման մի հանձնաժողովի վրա գումար ծախսելը: