Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ Հնարավո՞ր է, որ հայաստանյան ԶԼՄ-ները դադարեն իրար հետ պատերազմել, իրար վրա ցեխ շպրտել, հնարավո՞ր է, որ հասարակությանը մատուցվի անկողմնակալ, հավաստի լրատվություն, որում գովազդը տարանջատված կլինի տեղեկատվությունից, իսկ փաստերը՝ կարծիքներից: Մեր լրատվական դաշտին քիչ թե շատ ծանոթ մեկը անմիջապես կպատասխաներ այս հարցերին՝ «իհարկե՝ ոչ»: Սակայն, պարզվում է, իրենք՝ լրագրողները, ավելի լավատես են: Համենայնդեպս, Երեւանի մամուլի ակումբի եւ ԵԱՀԿ-ի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեր լրագրողական հանրությունը պատրաստ է կամ գոնե ձեւ է անում, թե պատրաստ է մշակելու համընդհանուր էթիկական նորմեր, որոնցով կառաջնորդվեն բոլորը: Բոլորի կողմից ընդունելի նորմերի ստեղծման անհրաժեշտությունը մեր լրագրողական համայնքը թերեւս ավելի վառ զգաց այն ժամանակ, երբ կառավարության եւ ԱԺ կողմից մեր վզին փաթաթվեցին ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական ակտերը: Այդ ժամանակ ողջ լրատվական դաշտը ոտքի կանգնեց եւ պայքարեց քիչ թե շատ նորմալ օրենք ունենալու համար: Սակայն կան լուծման կարիք ունեցող էթիկական հարցեր, որոնց պարբերաբար առնչվում են լրագրողները, եւ որոնք չեն կարգավորվում որեւէ իրավական ակտով: Այս պարագայում առաջանում է ինքնակարգավորող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Երեկ ԵՄԱ-ն եւ ԵԱՀԿ-ն ներկայացրեցին սոցհարցման արդյունքների հիման վրա պատրաստված վերլուծությունը: Սոցհարցմանը մասնակցել էր լրագրողական հանրության եւ լրագրությանն առնչվող հասարակական կազմակերպությունների 109 ներկայացուցիչ: Նրանց 82,5%-ը համամիտ էր ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ ստեղծելու գաղափարին: Ըստ սոցիոլոգ Նելսոն Շահնազարյանի՝ դա զարմանալի, նույնիսկ՝ անհավատալի արդյունք է, որպիսին դժվար թե լիներ որեւէ այլ համքարության դեպքում: Ասենք՝ բժիշկները, ուսուցիչները կամ այլոք դժվար թե այսքան միահամուռ լինեին ինքնակարգավորիչ մարմին ստեղծելու հարցում: Այնինչ պետք է նկատել, որ դժվար թե գտնվի մի այլ մասնագիտական համայնք, որի ներկայացուցիչներն այդքան ընդգծված կերպով գործեին բարիկադի տարբեր կողմերում, որքան դա նկատվում է լրագրողական դաշտում: Հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնությունը համամիտ է ինքնակարգավորիչ մարմին ստեղծելու գաղափարին, ավելին, նրանց մեծ մասը հնարավոր է համարում անաչառ եւ անկախ լրագրության գոյությունը: Սակայն հետաքրքիրն այն է, որ այս հարցում տրամագծորեն հակառակ կարծիք ունեին ԶԼՄ-ների ղեկավարները՝ մի կողմից, եւ լրագրողներն ու հ/կ-ների ներկայացուցիչները՝ մյուս կողմից: ԶԼՄ-ների ղեկավարների մոտ 77%-ն է կարծում, որ դա հնարավոր բան է, իսկ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ընդամենը 26%-ը: Ինչպես վերլուծության ներկայացման սկզբում նշեց ծրագրի ղեկավար, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, այս ուսումնասիրության նպատակը տրամադրությունների շոշափումն էր, սակայն, քանի որ սոցհարցման վերլուծությունը ցույց է տվել, որ կա ինքնակարգավորման մարմնի ստեղծման լուրջ պահանջարկ, այս ուսումնասիրությանը կհետեւեն այլ քայլեր եւս: «Մեծ քանակի ինֆորմացիայի մարսումից» հետո գուցե ոչ շատ հեռու ապագայում կստեղծվի այն ինստիտուտը, որը կստեղծի լրատվական դաշտում առկա խնդիրների լուծման համակարգը: Ինչպես արդեն համոզվել ենք բոլորս՝ այդ խնդիրների լուծման համար միայն օրենսդրական դաշտը բավարար չէ: Պարոն Նավասարդյանը շեշտեց հայաստանյան ողջ կամ հնարավորին չափ մեծ ընդգրկմամբ լրատվական դաշտի համախմբման կարեւորությունը: Այլապես ցանկացած Մամուլի խորհուրդ կամ Էթիկայի կանոնագիրք անիմաստ կլինի, եթե այն ընդունեն ընդամենը մեկ-երկու լրատվամիջոց, իսկ մյուսները իրենց համարեն այդ դաշտից դուրս: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել