Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՎ ԳՐԻԶԼՈՎԻՆ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՎ ԳՐԻԶԼՈՎԻՆ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ բացասաբար արձագանքեց ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի՝ մեր երկիր կատարած այցի ընթացքում արած պնդմանը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: «Իհարկե, լավ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը,- ասաց պարոն Բաղդասարյանը:- Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է եւ չի կարող լինել որեւէ պետության ֆորպոստը՝ սա մեկ: Երկրորդը՝ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն զարգացման մեջ են, եւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը թերեւս պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Այսօր, օրինակ, Եվրոպայի խորհրդում չկա ադրբեջանական պատվիրակություն. ԵԽԽՎ-ում կա թուրք-ադրբեջանական պատվիրակություն, եւ բոլոր քննարկումներն ու քվեարկությունները նրանք կատարում են միասնական»: Փաստորեն՝ ԱԺ նախագահը երկրորդեց Ռոբերտ Քոչարյանին, որն Իլհամ Ալիեւի հայտարարությանն արձագանքել էր. «Մենք, օրինակ, հուզումներ չենք ապրում թուրք-ադրբեջանական ջերմ հարաբերությունների առիթով»: Սակայն արդյոք տեղի՞ն է զուգահեռներ տանել հայ-ռուսական եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների միջեւ՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ոչ, այստեղ էթնիկ խնդիրը չէ: Բոլորի համար էլ հասկանալի է, որ ռուս-հայկական համագործակցությունը, նաեւ՝ ռազմաքաղաքական, շատ ավելի խորը արմատներ ունի, քան տարածաշրջանի մյուս երկրների հետ ունի Ռուսաստանը: Թուրք-ադրբեջանական հարաբերություններն իրենց բովանդակության մեջ ունեն շատ ավելի բարձր որակ, քան հայ-ռուսականը: Բայց ամեն դեպքում՝ հայ-ռուսական հարաբերություններն իրենց զարգացման դինամիկայով առանձնանում են, եւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել նաեւ այս համատեքստում, քանի որ քար գցվեց ոչ միայն Հայաստանի բոստանը, այլ նաեւ Ռուսաստանի: Դրա համար մենք պետք է կարողանանք ամրապնդել մեր ինքնիշխանությունը»: Ի դեպ՝ ԱԺ նախագահը նաեւ կեսկատակ նկատեց, թե կարող ենք շնորհակալություն հայտնել Գրիզլովին, որ նման բան ասաց՝ ընդգծելով, թե շնորհակալություն բառը պետք է վերցնել չակերտների մեջ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել