Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՁԱԽՈՂՈՒՄ Ավանդների հարցով արտահերթ նստաշրջանի ձախողումը «Օրինաց երկրի» անդամներից մեկը գնահատեց իբրեւ անհարգալից վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագրի հանդեպ: Իսկ մեծամասնությունը կատարվածը գնահատում էր իբրեւ ԱԺ նախագահի պարտություն: Նման մեկնաբանությունները զուրկ չեն հենքից, եթե հաշվի առնենք, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով 66 ստորագրություններից մեկն էլ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանինն էր: Մինչդեռ նստաշրջանը սկսելուց հետո չէին գրանցվել անգամ «Օրինաց երկրի» անդամներից երկուսը՝ 44 ընտրատարածքի պատգամավոր Արտակ Սարգսյանը եւ Գրիգոր Մարգարյանը: Վերջինս միայն նստաշրջանի հրավիրման համար սահմանված 3 ժամվա ավարտին եկավ գրանցվեց, դառնալով վերջին՝ 44-րդ պատգամավորը: Մինչդեռ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էին 66-ը: Ամբողջ կազմով չգրանցվեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Վերջինիս անդամ Միքայել Վարդանյանը, որ նախապես ստորագրել էր արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջի ներքո, երեկ չգրանցվեց: Բացակա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ երեք պատգամավորները՝ Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Սմբատ Այվազյանը, որոնք միացել էին ստորագրահավաքին: Խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչները ներկա էին նիստին՝ բացառությամբ «Ազգային միաբանության» անդամ Հարություն Մուրադյանի, Էմմա Խուդաբաշյանի եւ Մանուկ Գասպարյանի: Գրանցվել էին նաեւ ՄԱԿ խմբակցության անդամները, բացի Լեւոն Պողոսյանից, որը նույնպես նախապես միացել էր նախաձեռնությանը: Սակայն ամենաուշագրավը «Ժողպատգամավոր» խմբի պահվածքն էր: Մեծամասնական ընտրակարգով ընտրված այս պատգամավորներն այլ առիթներով պարծենում են, թե ամենաշատն իրենք են հոգ տանում ընտրողների շահերի մասին: Մինչդեռ հրաշալի իմանալով, թե շարքային քաղաքացիները որքան են կարեւորում ավանդների վերադարձման խնդիրը՝ երեկ այս խմբի 16 անդամներից 10-ը ներկա չէին: Նրանցից Ռաֆիկ Պետրոսյանը, Մանվել Նազարյանը, Վլադիմիր Բադալյանը, Լյովա Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանը (34 ընտրատարածք), Համլետ Թամազյանը նախապես իրենց ստորագրություններն էին դրել արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջի ներքո: Անկասկած՝ որոշ պատգամավորների մտքափոխ լինելու գործում իր անուրանալի դերն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, որը վանաձորյան իր ասուլիսում ազդարարեց. «Մինչեւ բյուջեի քննարկումը մտնել այսպիսի վիճահարույց եւ բարդ հարցի քննարկման ընթացքի մեջ՝ նշանակում է վտանգել բյուջեի ընդունումը: Իսկ այդ բյուջեով նախատեսվում է, օրինակ, հունվարի 1-ից ուսուցիչների, զինվորականների աշխատավարձերի բարձրացում: Եվ իմ տպավորությունն այնպիսին է, որ դա հատուկ հաշվարկված քայլ է բարդ իրավիճակ ստեղծելու համար, որը կարող է ե՛ւ կոալիցիային, ե՛ւ իհարկե՝ կառավարությանը այս հիմնական հարցերի լուծումից շեղել եւ տանել այն դաշտ, որի հեռանկարն ուղղակի խնդրահարույց է»: Նա նաեւ բացահայտեց, թե պայմանավորվածություն կար, որ փետրվարի վերջին նախագահի կարգադրությամբ ստեղծվելու է մեկ այլ հանձնաժողով, որը շարունակելու է ավանդների հարցի ուսումնասիրումը. «Օրինակ՝ ինձ համար կան բազմաթիվ անհասկանալի հարցեր: Եվ մինչեւ ես վերջնական պատկերացումը չունենամ՝ ինչպիսին է այս հարցի լուծումը, ինչ հետեւանքների կարող է բերել տնտեսության համար՝ իհարկե, չենք կարող գնալ այս լուծումներին»: Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում նաեւ հայտարարեց. «Անցել եմ երկու ընտրություններով եւ երբե՛ք նման խոստում չեմ տվել»: Մինչդեռ 1998-ի նրա ծրագրում հստակ արձանագրված է. «Նախկին Խնայբանկում բնակչության ունեցած ավանդների փոխհատուցման խնդրի լուծման հնարավորությունների մշակում»: Եվ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ մինչեւ 2003-ի ընտրությունն այս խոստումը պիտի կատարված լիներ. «Այսինքն՝ ինքը խաբել է ժողովրդին»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ նկատեց, թե արտահերթ նստաշրջան նախաձեռնողն անձնական նպատակ ուներ՝ գործելու ԱԺ նախագահի եւ նրա ղեկավարած կուսակցության դեմ. «Ժողովրդի հոգսերն այս հաշվարկի հետ որեւէ կապ չունեն»: Եվ կշտամբեց. «Պետական կառույցները նման մի մարդու հաշվարկի հետեւից գնան ու խրվեն անհասկանալի ինչ-որ պատմությունների մե՞ջ… Ոչ խելամիտը, այսպես ասեմ՝ շատ մեղմ ձեւակերպում կլինի՝ բնութագրելու համար այս երեւույթը»: Ակնարկի հասցեատերը՝ Արթուր Բաղդասարյանը, երեկ այնուամենայնիվ լրագրողների հետ զրույցի ընթացքում գոհունակությամբ արձագանքեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է ստեղծել հերթական հանձնաժողովը. «Հարցը քննարկվել է նաեւ կոալիցիայում, եւ այս կապակցությամբ ընդունված է հստակ քաղաքական որոշում: Նախագահը փետրվարին իր հրամանագրով կստեղծի հանձնաժողով, կկատարվեն լուրջ ուսումնասիրություններ, հնարավորություն կստեղծվի բոլոր նախագծերը համադրել կամ որդեգրել նոր մոտեցումներ եւ իրոք լուծել մեր ժողովրդի արդարացի պահանջը՝ այն է՝ ավանդների վերադարձի խնդիրը»: Նա հիշատակեց, թե ԼՂՀ-ում էլ են վերադարձվում ավանդները՝ ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական աջակցությամբ. «Կոալիցիայի հուշագրի մեջ հստակ նշված է, որ կառավարության գործունեությունը պետք է ունենա հստակ սոցիալական ուղղվածություն: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանում չի գտնվի որեւէ անձ կամ քաղաքական ուժ, որն ավանդների վերադարձը չի համարի առանցքային նշանակություն ունեցող սոցիալական խնդիր»: Արտահերթ նստաշրջանի ձախողումը ԱԺ ղեկավարի համար խնդրահարույց չէր. «Փետրվարին կամ մարտին կքննարկենք՝ ոչ մի խնդիր չկա: Ողբերգություն չեմ տեսնում՝ մի ամիս շուտ, մի ամիս ուշ»: Ի դեպ՝ Արթուր Բաղդասարյանը քամահրանքով արձագանքեց, երբ խնդրեցինք մեկնաբանել ՀՀԿ խմբակցության ղեկավարի պնդումը, թե չի կարող քաղաքական հետեւանքներ չունենալ այն փաստը, որ կոալիցիոն ուժերից մեկը դաշնային հարաբերությունների մեջ է ընդդիմության հետ. «Գիտեք ինչ կա՞՝ ես ամեն մի հայտարարություն մեկնաբանելու անհրաժեշտություն չունեմ»: Վերջում դառնանք արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն իրականացնողին: ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ խոստացավ, թե դեկտեմբերի 24-ին, երբ գումարվի 2005-ի բյուջեի վերաբերյալ արտահերթ նստաշրջանը՝ ինքը կգա եւ դեմ կքվեարկի ֆինանսական այդ փաստաթղթին. «Որում եւ ոչ մի լումա նախատեսված չէ ավանդների փոխհատուցման համար»: Եվ կոչ արեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել էին այս նախաձեռնության ներքո՝ նույնպես դեմ քվեարկեն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել