Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զեկուցեցին ասպիրանտները

Դեկտեմբեր 21,2004 00:00

Զեկուցեցին
ասպիրանտները Դեկտեմբերի 16-19-ը Ծաղկաձորում «Առողջ հասարակություն»
հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ՀՀ բուհական եւ գիտական հաստատությունների
ասպիրանտների եւ մագիստրոսների գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին 50 ասպիրանտներ
եւ մագիստրոսներ՝ 30 ամբիոններից: Գիտաժողովի ընթացքում երիտասարդ զեկուցողները անդրադարձան
հետեւյալ թեմաներին. «Եկեղեցու դերը պետության կայացման մեջ», «Ազգայնականություն
եւ ազգայնամոլություն», «Մշակույթի դերը հոգեւոր ընդհանրականության ձեւավորման գործում»
եւ այլն: «Այբ-Ֆե» թերթի լրագրող Մհեր Արշակյանը ներկայացրեց «Գիրքը եւ «Աստվածաշունչը»
թեման: Նա նշեց, որ ցանկացած երեւույթի բացատրություն, ընդհուպ մինչեւ աստղագուշակությունը,
հնարավոր է գտնել «Աստվածաշնչում»: Զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանն էլ անդրադառնալով
20-րդ դարի սկզբին անցկացված հայաստանյան առաջին ընտրություններին, խոսեց Դաշնակցության
կողմից կազմակերպված առաջին ընտրակեղծիքների մասին: Ի դեպ, հենց այս ընթացքում է
հայ կնոջը ընտրելու իրավունք տրվել: Նա նշեց. «Մեր եկեղեցին պետության ղեկավարման
դեր է ունեցել, երբ մենք պետականություն չենք ունեցել: Իսկ այսօր նրա ղեկավարության
տակ շատ քիչ ոլորտներ կան: Երբ վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդին ԵՊՀ ուսանողները
հարցրին, թե այսօր ի՞նչ դեր է ստանձնում եկեղեցին, նա նշեց միայն սոցիալական, մշակութային
եւ շինարարական»: Ռուզաննա Ազրոյանը իր զեկույցում զուգահեռներ անցկացրեց
էթնոկրոնական տեռորիզմի եւ ԶԼՄ-ների աշխատանքի մեջ: Ըստ նրա, առանց հանրաճանաչության՝
ահաբեկչությունը կորցնում է իր իմաստը: Իսկ ԶԼՄ-ները ապահովում են այդ հանրաճանաչությունը.
«Տեռորիստը ծնում է վատ իրադարձություն, որը միշտ լավ նորություն է»: Գիտաժողովի
մասնակիցները իրենց թեմաներում անդրադառնում էին նաեւ հայ երիտասարդության հիմնախնդիրներին,
պետության կայացման մեջ նրանց ստանձնած դերին եւ այլն: Նրանք բոլորն էլ համամիտ էին,
որ այսօր երիտասարդական հ/կ նախաձեռնելու գործում անպայման ֆինանսական աջակցության
կարիք է զգացվում: Սակայն համոզված էին, որ եթե ինչ-որ մեկի «թեւի տակ մտնեն», ապա
կդառնան նրա ձեռքի գործիքը: «Հանրապետական» ամսագրի խմբագիր Մուշեղ Լալայանը նշեց,
որ թեմաներում քիչ էին նորամուծությունները: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել