Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ

Դեկտեմբեր 21,2004 00:00

Հնարավո՞ր է, որ հայաստանյան ԶԼՄ-ները դադարեն իրար հետ պատերազմել, իրար վրա ցեխ շպրտել, հնարավո՞ր
է, որ հասարակությանը մատուցվի անկողմնակալ, հավաստի լրատվություն, որում գովազդը
տարանջատված կլինի տեղեկատվությունից, իսկ փաստերը՝ կարծիքներից: Մեր լրատվական
դաշտին քիչ թե շատ ծանոթ մեկը անմիջապես կպատասխաներ այս հարցերին՝ «իհարկե՝ ոչ»:
Սակայն, պարզվում է, իրենք՝ լրագրողները, ավելի լավատես են: Համենայնդեպս, Երեւանի
մամուլի ակումբի եւ ԵԱՀԿ-ի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց
են տալիս, որ մեր լրագրողական հանրությունը պատրաստ է կամ գոնե ձեւ է անում, թե պատրաստ
է մշակելու համընդհանուր էթիկական նորմեր, որոնցով կառաջնորդվեն բոլորը:

Բոլորի կողմից ընդունելի նորմերի ստեղծման անհրաժեշտությունը մեր լրագրողական համայնքը թերեւս ավելի
վառ զգաց այն ժամանակ, երբ կառավարության եւ ԱԺ կողմից մեր վզին փաթաթվեցին ԶԼՄ-ներին
առնչվող օրենսդրական ակտերը: Այդ ժամանակ ողջ լրատվական դաշտը ոտքի կանգնեց եւ պայքարեց
քիչ թե շատ նորմալ օրենք ունենալու համար: Սակայն կան լուծման կարիք ունեցող էթիկական
հարցեր, որոնց պարբերաբար առնչվում են լրագրողները, եւ որոնք չեն կարգավորվում որեւէ
իրավական ակտով: Այս պարագայում առաջանում է ինքնակարգավորող մարմնի ստեղծման անհրաժեշտությունը:

Երեկ ԵՄԱ-ն եւ ԵԱՀԿ-ն ներկայացրեցին սոցհարցման արդյունքների հիման վրա պատրաստված
վերլուծությունը: Սոցհարցմանը մասնակցել էր լրագրողական հանրության եւ լրագրությանն
առնչվող հասարակական կազմակերպությունների 109 ներկայացուցիչ: Նրանց 82,5%-ը համամիտ
էր ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ ստեղծելու գաղափարին: Ըստ սոցիոլոգ Նելսոն Շահնազարյանի՝
դա զարմանալի, նույնիսկ՝ անհավատալի արդյունք է, որպիսին դժվար թե լիներ որեւէ այլ
համքարության դեպքում: Ասենք՝ բժիշկները, ուսուցիչները կամ այլոք դժվար թե այսքան
միահամուռ լինեին ինքնակարգավորիչ մարմին ստեղծելու հարցում: Այնինչ պետք է նկատել,
որ դժվար թե գտնվի մի այլ մասնագիտական համայնք, որի ներկայացուցիչներն այդքան ընդգծված
կերպով գործեին բարիկադի տարբեր կողմերում, որքան դա նկատվում է լրագրողական դաշտում:

Հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնությունը համամիտ է ինքնակարգավորիչ
մարմին ստեղծելու գաղափարին, ավելին, նրանց մեծ մասը հնարավոր է համարում անաչառ
եւ անկախ լրագրության գոյությունը: Սակայն հետաքրքիրն այն է, որ այս հարցում տրամագծորեն
հակառակ կարծիք ունեին ԶԼՄ-ների ղեկավարները՝ մի կողմից, եւ լրագրողներն ու հ/կ-ների
ներկայացուցիչները՝ մյուս կողմից: ԶԼՄ-ների ղեկավարների մոտ 77%-ն է կարծում, որ
դա հնարավոր բան է, իսկ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝
ընդամենը 26%-ը:

Ինչպես վերլուծության ներկայացման սկզբում նշեց ծրագրի ղեկավար,
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, այս ուսումնասիրության նպատակը տրամադրությունների
շոշափումն էր, սակայն, քանի որ սոցհարցման վերլուծությունը ցույց է տվել, որ կա ինքնակարգավորման
մարմնի ստեղծման լուրջ պահանջարկ, այս ուսումնասիրությանը կհետեւեն այլ քայլեր եւս:
«Մեծ քանակի ինֆորմացիայի մարսումից» հետո գուցե ոչ շատ հեռու ապագայում կստեղծվի
այն ինստիտուտը, որը կստեղծի լրատվական դաշտում առկա խնդիրների լուծման համակարգը:
Ինչպես արդեն համոզվել ենք բոլորս՝ այդ խնդիրների լուծման համար միայն օրենսդրական
դաշտը բավարար չէ: Պարոն Նավասարդյանը շեշտեց հայաստանյան ողջ կամ հնարավորին չափ
մեծ ընդգրկմամբ լրատվական դաշտի համախմբման կարեւորությունը: Այլապես ցանկացած Մամուլի
խորհուրդ կամ Էթիկայի կանոնագիրք անիմաստ կլինի, եթե այն ընդունեն ընդամենը մեկ-երկու
լրատվամիջոց, իսկ մյուսները իրենց համարեն այդ դաշտից դուրս:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել