Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՁԱԽՈՂՈՒՄ

Դեկտեմբեր 21,2004 00:00

Ավանդների
հարցով արտահերթ նստաշրջանի ձախողումը «Օրինաց երկրի» անդամներից մեկը գնահատեց իբրեւ
անհարգալից վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի ստորագրած հրամանագրի հանդեպ: Իսկ մեծամասնությունը
կատարվածը գնահատում էր իբրեւ ԱԺ նախագահի պարտություն: Նման մեկնաբանությունները
զուրկ չեն հենքից, եթե հաշվի առնենք, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով
66 ստորագրություններից մեկն էլ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանինն էր: Մինչդեռ նստաշրջանը
սկսելուց հետո չէին գրանցվել անգամ «Օրինաց երկրի» անդամներից երկուսը՝ 44 ընտրատարածքի
պատգամավոր Արտակ Սարգսյանը եւ Գրիգոր Մարգարյանը: Վերջինս միայն նստաշրջանի հրավիրման
համար սահմանված 3 ժամվա ավարտին եկավ գրանցվեց, դառնալով վերջին՝ 44-րդ պատգամավորը:
Մինչդեռ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էին 66-ը: Ամբողջ կազմով չգրանցվեցին
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Վերջինիս անդամ Միքայել Վարդանյանը, որ նախապես ստորագրել էր արտահերթ
նստաշրջան հրավիրելու պահանջի ներքո, երեկ չգրանցվեց: Բացակա էին նաեւ «Հանրապետություն»
կուսակցության անդամ երեք պատգամավորները՝ Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Սմբատ
Այվազյանը, որոնք միացել էին ստորագրահավաքին: Խորհրդարանական ընդդիմության այլ ներկայացուցիչները
ներկա էին նիստին՝ բացառությամբ «Ազգային միաբանության» անդամ Հարություն Մուրադյանի,
Էմմա Խուդաբաշյանի եւ Մանուկ Գասպարյանի: Գրանցվել էին նաեւ ՄԱԿ խմբակցության անդամները,
բացի Լեւոն Պողոսյանից, որը նույնպես նախապես միացել էր նախաձեռնությանը: Սակայն
ամենաուշագրավը «Ժողպատգամավոր» խմբի պահվածքն էր: Մեծամասնական ընտրակարգով ընտրված
այս պատգամավորներն այլ առիթներով պարծենում են, թե ամենաշատն իրենք են հոգ տանում
ընտրողների շահերի մասին: Մինչդեռ հրաշալի իմանալով, թե շարքային քաղաքացիները որքան
են կարեւորում ավանդների վերադարձման խնդիրը՝ երեկ այս խմբի 16 անդամներից 10-ը ներկա
չէին: Նրանցից Ռաֆիկ Պետրոսյանը, Մանվել Նազարյանը, Վլադիմիր Բադալյանը, Լյովա Խաչատրյանը,
Հակոբ Հակոբյանը (34 ընտրատարածք), Համլետ Թամազյանը նախապես իրենց ստորագրություններն
էին դրել արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջի ներքո: Անկասկած՝ որոշ պատգամավորների
մտքափոխ լինելու գործում իր անուրանալի դերն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը,
որը վանաձորյան իր ասուլիսում ազդարարեց. «Մինչեւ բյուջեի քննարկումը մտնել այսպիսի
վիճահարույց եւ բարդ հարցի քննարկման ընթացքի մեջ՝ նշանակում է վտանգել բյուջեի ընդունումը:
Իսկ այդ բյուջեով նախատեսվում է, օրինակ, հունվարի 1-ից ուսուցիչների, զինվորականների
աշխատավարձերի բարձրացում: Եվ իմ տպավորությունն այնպիսին է, որ դա հատուկ հաշվարկված
քայլ է բարդ իրավիճակ ստեղծելու համար, որը կարող է ե՛ւ կոալիցիային, ե՛ւ իհարկե՝
կառավարությանը այս հիմնական հարցերի լուծումից շեղել եւ տանել այն դաշտ, որի հեռանկարն
ուղղակի խնդրահարույց է»: Նա նաեւ բացահայտեց, թե պայմանավորվածություն կար, որ փետրվարի
վերջին նախագահի կարգադրությամբ ստեղծվելու է մեկ այլ հանձնաժողով, որը շարունակելու
է ավանդների հարցի ուսումնասիրումը. «Օրինակ՝ ինձ համար կան բազմաթիվ անհասկանալի
հարցեր: Եվ մինչեւ ես վերջնական պատկերացումը չունենամ՝ ինչպիսին է այս հարցի լուծումը,
ինչ հետեւանքների կարող է բերել տնտեսության համար՝ իհարկե, չենք կարող գնալ այս
լուծումներին»: Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում նաեւ հայտարարեց. «Անցել եմ
երկու ընտրություններով եւ երբե՛ք նման խոստում չեմ տվել»: Մինչդեռ 1998-ի նրա ծրագրում
հստակ արձանագրված է. «Նախկին Խնայբանկում բնակչության ունեցած ավանդների փոխհատուցման
խնդրի լուծման հնարավորությունների մշակում»: Եվ «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ մինչեւ 2003-ի ընտրությունն այս խոստումը պիտի կատարված
լիներ. «Այսինքն՝ ինքը խաբել է ժողովրդին»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ նկատեց,
թե արտահերթ նստաշրջան նախաձեռնողն անձնական նպատակ ուներ՝ գործելու ԱԺ նախագահի
եւ նրա ղեկավարած կուսակցության դեմ. «Ժողովրդի հոգսերն այս հաշվարկի հետ որեւէ կապ
չունեն»: Եվ կշտամբեց. «Պետական կառույցները նման մի մարդու հաշվարկի հետեւից գնան
ու խրվեն անհասկանալի ինչ-որ պատմությունների մե՞ջ… Ոչ խելամիտը, այսպես ասեմ՝
շատ մեղմ ձեւակերպում կլինի՝ բնութագրելու համար այս երեւույթը»: Ակնարկի հասցեատերը՝
Արթուր Բաղդասարյանը, երեկ այնուամենայնիվ լրագրողների հետ զրույցի ընթացքում գոհունակությամբ
արձագանքեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է ստեղծել հերթական հանձնաժողովը.
«Հարցը քննարկվել է նաեւ կոալիցիայում, եւ այս կապակցությամբ ընդունված է հստակ քաղաքական
որոշում: Նախագահը փետրվարին իր հրամանագրով կստեղծի հանձնաժողով, կկատարվեն լուրջ
ուսումնասիրություններ, հնարավորություն կստեղծվի բոլոր նախագծերը համադրել կամ որդեգրել
նոր մոտեցումներ եւ իրոք լուծել մեր ժողովրդի արդարացի պահանջը՝ այն է՝ ավանդների
վերադարձի խնդիրը»: Նա հիշատակեց, թե ԼՂՀ-ում էլ են վերադարձվում ավանդները՝ ԼՂՀ
նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական աջակցությամբ. «Կոալիցիայի հուշագրի մեջ
հստակ նշված է, որ կառավարության գործունեությունը պետք է ունենա հստակ սոցիալական
ուղղվածություն: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանում չի գտնվի որեւէ անձ կամ քաղաքական
ուժ, որն ավանդների վերադարձը չի համարի առանցքային նշանակություն ունեցող սոցիալական
խնդիր»: Արտահերթ նստաշրջանի ձախողումը ԱԺ ղեկավարի համար խնդրահարույց չէր. «Փետրվարին
կամ մարտին կքննարկենք՝ ոչ մի խնդիր չկա: Ողբերգություն չեմ տեսնում՝ մի ամիս շուտ,
մի ամիս ուշ»: Ի դեպ՝ Արթուր Բաղդասարյանը քամահրանքով արձագանքեց, երբ խնդրեցինք
մեկնաբանել ՀՀԿ խմբակցության ղեկավարի պնդումը, թե չի կարող քաղաքական հետեւանքներ
չունենալ այն փաստը, որ կոալիցիոն ուժերից մեկը դաշնային հարաբերությունների մեջ
է ընդդիմության հետ. «Գիտեք ինչ կա՞՝ ես ամեն մի հայտարարություն մեկնաբանելու անհրաժեշտություն
չունեմ»: Վերջում դառնանք արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն իրականացնողին:
ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը երեկ խոստացավ, թե դեկտեմբերի 24-ին, երբ գումարվի
2005-ի բյուջեի վերաբերյալ արտահերթ նստաշրջանը՝ ինքը կգա եւ դեմ կքվեարկի ֆինանսական
այդ փաստաթղթին. «Որում եւ ոչ մի լումա նախատեսված չէ ավանդների փոխհատուցման համար»:
Եվ կոչ արեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել էին այս նախաձեռնության ներքո՝
նույնպես դեմ քվեարկեն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել