Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԻԶԼՈՎԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՉԵՆ ԿԱՏԱՐԻ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ԵԽԽՎ
հայաստանյան դիտորդներ Շավարշ Քոչարյանն ու Գուրգեն Արսենյանը համակրում են Յուշչենկոյին
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Արդարություն» խմբակցության
պատգամավոր Շավարշ Քոչարյանը դեկտեմբերի 26-ին մասնակցելու է Ուկրաինայում տեղի ունենալիք
նախագահական ընտրությունների վերաքվեարկությանը: Պարոն Քոչարյանը, որպես ԵԽԽՎ–ում
ուկրաինական ընտրությունների վերահսկողության հանձնաժողովի անդամ, դեռեւս ուկրաինական
նախագահական ընտրություններին պետք է մասնակցեր, սակայն նրա այցը չֆինանսավորվեց
Հայաստանի իշխանությունների կողմից. «Ես ԵԽԽՎ-ում նաեւ Ուկրաինայի ընտրությունների
վերահսկողության հանձնաժողովի անդամ եմ, սակայն նախորդ երկու անգամ ուղղակի չեմ կարողացել
մեկնել, քանի որ ԱԺ-ն գրավոր տեղեկացրել էր ԵԽ-ին, որ նմանատիպ հարցերի համար իրենք
ֆինանսներ չունեն»: Այս անգամ պատգամավորի ճանապարհածախսը հոգացել է Եվրոպայի խորհուրդը:
Սակայն մինչ հայերը կմեկնեն, վերջերս Հայաստանում գտնվող ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս
Գրիզլովը ցանկություն էր հայտնել, որ ԱՊՀ երկրներից ուկրաինական նախագահական ընտրությունների
վերաքվեարկությանը մասնակցող դիտորդները հանդես գան միասնաբար եւ «պաշտպանեն» Վիկտոր
Յանուկովիչին: Արդյո՞ք հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ Շավարշ Քոչարյանը եւս «բարոյապես»
այդ թեկնածուին պաշտպանի: Մեր այս հարցին պարոն Քոչարյանը հակադարձեց՝ ասելով. «Պետք
է նշեմ, որ ԱՊՀ կառույցը մեկ բան է, ԵԽԽՎ-ն՝ մեկ այլ բան: Չմոռանանք Հայաստանի՝ ԵԽ
անդամ լինելը: Իսկ դիտորդի պարտավորությունները հայտնի են՝ դիտորդը չի միջամտում,
որեւէ գործողություն չի կատարում ի նպաստ այս կամ այն թեկնածուի: Նա ընդամենը պետք
է հետեւի գործընթացին, արձանագրի, եթե կան, բացթողումները, օրենքի խախտումները: Կան
վաղուց հաստատված ձեւաթղթեր, յուրաքանչյուր այցելություն այս կամ այն տեղամաս ավարտվում
է այդ ձեւաթղթի լրացմամբ: Նույնը վերաբերում է նաեւ ցանկացած այլ գործողությունների:
Սա այն առաքելությունն է, որ պետք է ունենա դիտորդը, անկախ նրանից՝ ԱՊՀ դիտորդ է,
թե եվրոպական»: Հիշեցրինք, որ հայաստանյան քաղաքական ուժերից մի քանիսը բավականին
անսպասելի կարծիք հայտնեցին ուկրաինական դեպքերի կապակցությամբ: Մասնավորապես, իշխանության
մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը չվարանեց հայտարարել, որ իր համակրանքը
ուկրաինական ընդդիմության թեկնածուի կողմն է, քանի որ նա ժողովրդավարական արժեքներ
կրող քաղաքական ուժի ներկայացուցիչ է: Օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկնեց
այդ տեսակետը: Այս մոտեցումը պարոն Քոչարյանը ողջունելի է համարում, սակայն ափսոսանք
է հայտնում, որ նույն մոտեցումը չկար հայաստանյան նախագահական ընտրությունների ժամանակ,
երբ իրականում հաղթել էր ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: Սակայն հայաստանյան
ընդդիմությունը բավարար ակտիվ չէր, եւ կարծիք կա, որ եթե Սահմանադրական դատարանի
հայտնի նիստերի ժամանակ դրսում մարդիկ բավարար ուժերով պաշարեին դատարանի շենքը,
ապա կլիներ շատ ավելի կոնկրետ եւ ընդդիմությանը ավելի սրտամոտ որոշում: Նշանակո՞ւմ
է սա, որ մեր ընդդիմությունը պակաս ակտիվ էր, քան ուկրաինականը: Շավարշ Քոչարյանը
այն կարծիքին է, որ ընդդիմությունը ոչ միայն այդ ժամանակ, այլեւ ամբողջ գործընթացում
բավարար ակտիվ չէր. «Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե գործընթացը գնար նորմալ հունով
եւ լիներ նաեւ այդ քայլը, որի մասին դուք ասում եք: Բայց մեկ քայլով, իհարկե, չի
կարելի դատել: Ցանկալի կլիներ, որ ժողովուրդը ոտքի կանգներ եւ պահանջը ուղղեր ՍԴ-ին»;
Շավարշ Քոչարյանը համաձայն է, որ Ռուսաստանը ձգտելու է այս անգամ էլ իր թեկնածուին
անցկացնել, սակայն նաեւ վստահ է, որ խնդիրը լուծելու է Ուկրաինայի ժողովուրդը եւ
ոչ թե Ռուսաստանը. «Այնուամենայնիվ, խնդիրը լուծելու է Ուկրաինայի ժողովուրդը: Հաճախ
այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ կամ Արեւմուտքն է հարցերը լուծում,
կամ՝ Ռուսաստանը: Իրականում լուծում է Ուկրաինայի ժողովուրդը: Ինչ վերաբերում է իմ
անձնական մոտեցմանը, ապա իմ համակրանքը, իհարկե, Վիկտոր Յուշչենկոյի կողմն է, որը,
ես համարում եմ, հաղթել է ընտրություններում»: ԵԽԽՎ դիտորդական առաքելությամբ
Ուկրաինա կմեկնի նաեւ ՄԱԿ խմբակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի տարբերություն
Շավարշ Քոչարյանի, նա մեկնելու է իր հաշվին. «Ֆինանսավորումն այս դեպքում ԱԺ-ի խնդիրը
չէ, որովհետեւ ես մեկնում եմ որպես ԵԽԽՎ պատգամավոր: Եթե ես չունենայի մեկնելու հնարավորություն,
ուրեմն այդ հնարավորությունը ինձ համար կստեղծեր խորհրդարանական վեհաժողովը, բայց
ես ունեմ այդ հնարավորությունը եւ չեմ ցանկանում ԽՎ-ի ծախսերի մեջ մտցնել նաեւ իմ
մեկնելու ծախսերը»: ՄԱԿ նախագահը ասաց, որ իրենք մեկնում են որպես դիտորդներ, իսկ
դիտորդը կարող է միայն գնահատել, թե որքանով են ընտրությունները համապատասխանում
ժողովրդավարության չափանիշներին. «Մեր անձնական համակրանքը որեւէ նշանակություն չունի,
որովհետեւ կարեւորն այն է, որ մեր գնահատականը լինի անաչառ: Կլինե՞ն խախտումներ,
կարձանագրենք խախտումներ: Որպես քաղաքական կուսակցության ղեկավար՝ ես համակրում եմ
Յուշչենկոյին, սակայն իմ համակրանքը դրսեւորելու որեւէ իրավունք այնտեղ չունեմ»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել