Ի՞նչ չհասցրիք 2004-ին «Առավոտի» այս հարցին պատասխանում են պետական կարգավիճակ ունեցող հետեւյալ մշակութային հիմնարկների ղեկավարները: Կամո Հովհաննիսյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն.- Այս տարի պլանավորել էինք աշնանը ներկայացնել Չայկովսկու «Իոլանտա» եւ Ռախմանինովի «Ալեկո» օպերաների պրեմիերաները, բայց չհասցրինք, քանի որ դեկորներն ու հագուստները պատրաստ չէին: Օպերաները կներկայացնենք 2005-ի առաջին կեսին: Դրանք կբեմադրի Սանկտ Պետերբուրգից հրավիրված հայտնի ռեժիսոր, որի անունը չեմ բարձրաձայնի՝ թող այն հաճելի անակնկալ լինի: Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ թատրոնը կվերականգնի Կոմիտաս-Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: Ռուզաննա Սիրունյան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն.- Մեր աշխատանքներում չհասցնելը բացառվում է, քանի որ ե՛ւ հայաստանցի, ե՛ւ օտարերկրյա երաժիշտների հետ աշխատանքային գրաֆիկը կազմում ենք մեկ տարի առաջ, հաճախ՝ էլ ավելի վաղ: Ինչ խոսք, բացառություններ լինում են: Օրինակ, հայտնի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի աշնանը կայանալիք համերգը, վերջինիս հիվանդության պատճառով, տեղափոխվեց 2005-ի գարնանը: Վահե Շահվերդյան, Գ. Սունդուկյանի ա նվան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- 2004-ը բեղմնավոր ու առատ տարի էր մեզ համար: Չեմ հասցրել միայն բեմ հանել իմ լավագույն մտահղացումներից մեկը, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, հուսով, որ այն կիրականացնեմ հաջորդ՝ աճեմյանական տարում: Իսկ ընդհանրապես, եթե մտահղացումներիս 70%-ը հասցնեմ՝ գոհ կլինեմ: Արմեն Արաբյան, Հայաստանի կամերային նվագախմբի տնօրեն.- Չենք հասցրել անել այն, ինչ պետք է անենք 2005-ին: Հակոբ Ղազանչյան, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Ընդհանրապես ես ցայտնոտի մեջ եմ ապրում՝ ոչ օրերն են հերիքում, ոչ էլ ժամերը: Մեր թատրոնը, բացի հայաստանյան բեմերից, արտերկրում մասնակցեց փառատոների: Կարեւորում եմ «Արմմոնո» փառատոնը, որ 3-րդ անգամ՝ 2005-ին, կկայանա որպես շեքսպիրյան մոնոփառատոն: 2004-ին ինչ արեցինք՝ կյանքի գնով արեցինք: Հույս ունեմ 2005-ին պետության կողմից աջակցություն լինի: Ռուբեն Բաբայան, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Չհասցրինք բացել տիկնիկների թանգարանը: Եթե 2005-ին այս հարցը լուծվի՝ մենք մեզ բավարարված կզգանք: Ժիրայր Ալթունյան, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար.- 2004-ին եմ եկել անսամբլ: Սա տրադիցիաներ ունեցող երաժշտական կոլեկտիվ է, որում ամեն մի փոփոխություն կամ վերափոխում պահանջում է երկար ծանրութեթեւ անել: Անսամբլը պատրաստվում է նոր ծրագրով ներկայանալ 2005-ի գարնանը: Ալբերտ Մկրտչյան, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Կարճ ասած, ծնվել է երեխա (նկատի ունի նորաբաց թատրոնը), որի ձեռքերից բռնած քայլել ենք սովորեցրել: 2005-ին էլ կսովորեցնենք վազել: Արմեն Էլբակյան, Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր.- Ինչ հասցրել՝ հասցրել ենք: Մեր աշխատանքը, բնականաբար, կախված է տիկնիկներ պատրաստելու ընթացքից: 2005-ը կսկսենք Աննա Էլբակյանի բեմադրած «Հույսի աստղը» ներկայացումով: Այնուհետեւ կհրավիրենք մասշտաբային մի ներկայացման՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտ»: Ասեմ նաեւ, որ «Էդգար Էլբակյան» թատրոնում սկսել եմ Էդուարդ Ռաձինսկու «100 էջ սիրո մասին» ներկայացման փորձերը, համախմբելով զուտ երիտասարդ դերասանների: 2005-ին այն կներկայացնենք հանդիսատեսին: Կարո Շահբազյան, Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն.- Նոյեմբերի 21-ից ջեռուցում չլինելու պատճառով թատրոնում բեմադրություններ չկան: Մինչ այդ սիստեմատիկ, մեր գրաֆիկով աշխատել ենք: 2004-ին ունեցանք նաեւ հյուրախաղեր ու մասնակցություն միջազգային թատերական փառատոների: Սոս Պետրոսյան, կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար.- Չնայած կրկեսի շենքի անմխիթար վիճակին, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, սկսել ենք եւ 2005-ի հունվարի 9-ին կավարտենք «Ինտերկրկես-2004» միջազգային ծրագիրը: 2005-ի մարտի 15-ին պատրաստվում ենք մեծ շուքով նշելու Լեոնիդ Ենգիբարյանի 70-ամյակը: Ցավում եմ, որ այս տարվա ընթացքում եղան բազմաթիվ հրավերներ, այդ թվում Մոնտե Կառլոյի եւ Փարիզի կրկեսներից, սակայն մեր արտիստները չմեկնեցին՝ ֆինանսի բացակայության պատճառով: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ