Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏԻՆԳ՝

Դեկտեմբեր 18,2004 00:00

ՄԻՏԻՆԳ՝ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ Երեւանի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին նվիրված երեկվա քննարկումը, որ կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, բուռն էր ու էմոցիոնալ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, մայրաքաղաքը կորցրել է իր դեմքը եւ հարկավոր է ամեն գնով պահպանել այն, ինչը դեռ զոհ չի գնացել «ճարտարապետական անհրաժեշտությանը»: Ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը ներկայացնելով մայրաքաղաքի մշակութային ժառանգության վիճակը՝ թվարկեց բոլոր կորուստները. «20-րդ դարի սկզբին Երեւանում գործում էր 14 եկեղեցի եւ մատուռ, որոնցից այսօր պահպանվել է 5-ը, քանդվել են բազմաթիվ գեղարվեստա-ճարտարապետական եւ մեմորիալ արժեքներ»: Ըստ տիկին Գասպարյանի, նույն ճակատագիրն է սպառնում նաեւ Աբովյան-Սարյան փողոցների միջեւ ընկած հատվածին, ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցուցակով պահպանվող շենքերի թիվը ավելանալու փոխարեն պակասել է: «Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված «Սեւան» հյուրանոցը այս օրերին քանդվում է… Պետք է դադարեցնել Երեւանի վաճառքը»,-կոչ արեց ԳԱԱ ակադեմիկոս, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Նա դեմ էր նաեւ հուշարձանների ապամոնտաժմանը. «Եթե հուշարձան է, ինչո՞ւ պետք է ապամոնտաժվի ու մի ուրիշ տեղ տնկվի»: Անդրադարձ եղավ Հյուսիսային պողոտային եւս. «Լավ է՝ Թամանյանը ողջ չէ: Եթե տեսներ՝ ինչպես է իրականացվում իր գաղափարը, երեւի ինֆարկտ ստանար»: Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանն առաջարկեց վարվել ճապոնացիների նման: Նրանք 20 տարին մեկ իրենց տաճարները քանդում ու նորից են կառուցում, «պարտադրենք՝ «Սեւան» հյուրանոցն էլ նորից կառուցեն, գծագրերը կան»: Պատմական գիտությունների թեկնածու Հարություն Մարությանն էլ ասաց. «Անգամ Թուրքիայի տարածքում գտնվող Անիի ու Կարսի հուշարձանները չեն քանդում ու տեղափոխում… Պատկերացրեք, ի՞նչ աղմուկ կբարձրանար, եթե թուրքերը քաղաքաշինական խնդիրներ լուծելու համար, օրինակ, քանդեին Չարենցի ապրած տունը: Հուշարձանների պահպանության գործակալությունը ում ասես նամակ կգրեր… Նույն գործակալությունը այժմ լռում է ու կատարվածը դիտում իբրեւ քաղաքաշինական անհրաժեշտություն, որ բխում է պետության շահերից… Այս ամենից ֆաշիզմի եւ բոլշեւիզմի հոտ է գալիս»: Երիտասարդ ճարտարապետ Սահրատ Պետրոսյանն էլ խոսեց Կոնդի պահպանման հեռանկարների մասին, փաստելով, որ, ի տարբերություն այսօրվա, նույնիսկ խորհրդային տարիներին են պահպանել Կոնդի 18-րդ դարի կառուցվածքը: Բոլոր բանախոսները ուղղակի կամ անուղղակի մեղադրում էին Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, անգամ վիրավորական որակումներ անում նրա հասցեին: Վերջինս, սակայն, զերծ մնաց դրանց պատասխանելուց ու խորհուրդ տվեց խուսափել միտինգային խոսակցություններից: «Որոշ անգլուխ մարդիկ աղավաղում են Գլխավոր պողոտան… Էդ Հյուսիսային պողոտան փողոց չի, այլ իսկական Դարդանելի նեղուց, որտեղով ամեն անգամ անցնելիս դարդ եմ անում: Գլխավոր պողոտան մեր գլխացավանքն է դառնալու, որովհետեւ հիմա էլ եկել-դեմ է առել Կողբացու փողոցին»,- բողոքեց գրող Ռաֆայել Արամյանը: «Թուրքը ազգություն չէ, այլ մտածելակերպ»,- տեղից ասաց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, նայելով Նարեկ Սարգսյանին: Ն. Սարգսյանի հակափաստարկներից մեկն այն էր, որ ժամանակին Թամանյանն էլ է հինը քանդել՝ նորը կառուցելու համար: Պրն Սարգսյանը նաեւ ներկաներին հավաստիացրեց, որ Հյուսիսային պողոտայի բոլոր հուշարձանները կպահպանվեն քաղաքաշինական խորհրդի որոշմամբ, իսկ մի քանիսը կվերականգնվեն Լալայանց փողոցում: Ըստ նրա, Գլխավոր պողոտայի հուշարձանների պահպանության հարցը դեռ ուշ չէ՝ քաղաքապետարանի առաջ դնելը: Ներկաներից ոմանք Երեւանի նկատմամբ ոչ սրտացավ լինելը պատճառաբանեցին Ն. Սարգսյանի ջերմուկյան ծագումով, ինչի հետ համաձայն չէր սփյուռքահայ Հարություն վարդապետ Պզտիկյանը: Սակայն վարդապետը փաստեց, որ, այնուամենայնիվ, Երեւանի ոգին պակասում է. «Քաղաքում իշու չափ գովազդներ են տեղադրված… չկա աշխարհում այլ երկիր մը, որ մեզի չափ սրճարան, կազինո, նայթ քլաբ մը ունենա»: ԱԺ պատգամավոր, ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանը ի պատասխան Ն. Սարգսյանի այն դիտարկմանը, թե «Երեւանը գյուղաքաղաք է եւ պատմաճարտարապետական առումով լուրջ արժեք չի ներկայացնում», «Առավոտին» ասաց. «Մարդիկ, որ արմատ չունեն, ամեն ինչի նայում են օտարի աչքով… Ինձ զարմացնում է նման կարծիքը: Եթե նման մարդիկ գլխավոր ճարտարապետ լինեն, բնականաբար, քաղաքը կլինի այն, ինչ դարձնում են»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել