Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆԸ

Դեկտեմբեր 18,2004 00:00

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ ԳԻՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԱՄՆ օդուժի պաշտոնաթող գնդապետ Սեմյուէլ Գարդիների բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Atlantic Monthly ամսագրի դեկտեմբերի համարում հրապարակվել է «Իրանի հետ պատերազմի սցենարը», որի հեղինակը ԱՄՆ օդուժի պաշտոնաթող գնդապետ, «ռազմական խաղերի» ոլորտի փորձագետ Սեմ Գարդիներն է: Նրա նախապատրաստած սցենարն առաջարկում է օգտագործել Ադրբեջանը՝ Իրանի վրա օդային եւ հատուկ ուժերի գրոհների համար: Սցենարում նշվում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական օդակայանները չափազանց փոքր են առաջադրված խնդիրների համար, եւ դրանց արդիականացման համար ԱՄՆ-ից կպահանջվի ծախսել 700 մլն դոլար: Հայաստանը «ռազմական խաղի» սցենարում դերակատարություն չունի: Գարդիները մինչեւ 1987 թվականը զբաղվել է ռազմական պլանավորմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, իսկ մինչեւ վերջին ժամանակներս դասավանդում էր ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջում: – Իրանի հետ պատերազմի սցենարը, որը դուք նախապատրաստել էիք Atlantic Monthly ամսագրի համար, մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը: – Մամուլի հաղորդագրությունների մեծ մասն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փաստն արդեն իրականություն է դարձել, իսկ կառավարության ներկայացուցիչները, որպես կանոն, հրաժարվում են շահարկումներ անել ապագա հնարավոր զարգացումների շուրջ: Այնպես որ, գաղափարը հենց այն էր, որպեսզի շահարկել եւ հասկանալ. ինչպիսի՞ ռազմական սպառնալիքների կարող է բախվել ԱՄՆ-ն՝ Իրանում: – Սցենարում դուք հիշատակում եք Կովկասը որպես այն տարածաշրջաններից մեկը, որի տարածքից ԱՄՆ-ն ծավալելու է ենթադրական ռազմական գործողությունները Իրանի դեմ: – Ես չեմ կարող վստահ ասել, թե ինչպես է ԱՄՆ-ն մոտենում այս խնդրին: Սակայն ես տեսնում եմ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, Շտաբների պետերի միավորված կոմիտեի փոխնախագահ Պիտեր Փեյսի, Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չակ Ուոլդի հաճախակի այցերը տարածաշրջան: Ես նայում եմ քարտեզին՝ իմանալով Ռումինիայում եւ Բուլղարիայում ոչ մեծ ժամանակավոր ռազմակայաններ տեղակայելու ԱՄՆ ծրագրերի մասին, եւ գալիս եմ այն եզրակացության, որ ԱՄՆ-ն ցանկանում է որոշակի ռազմական ներկայություն ունենալ Կովկասում: Ընդհանրապես, Կովկասի ռազմավարական նշանակությունը մեծացել է ինչպես էներգակիրների մշակման շնորհիվ, այնպես էլ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ունեցած մտահոգությունների հետեւանքով: – Որքանո՞վ մեծ է Կովկասի դերը ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտությունում: Կարո՞ղ է այս տարածաշրջանը նույնպիսի առանցքային դեր խաղալ, ինչպես Թուրքիան8217 Իրաքի դեմ վերջին պատերազմում: – Իրանի դեպքում Կովկասի դերն ավելի կարեւոր է, քան Թուրքիայինը8217 Իրաքի պարագայում: Խոսքը ոչ այնքան գրոհային ուժերի մասին է, որքան թիկունքային ապահովման: Սեւ Ծով-Կովկաս-Կասպից ծով երթուղին կարող է առանցքային դառնալ ամերիկյան ուժերի համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Պարսից ծոցը եւ Իրանի ու Արաբական թերակղզու միջեւ ընկած Օրմուզի նեղուցը, հնարավոր է, որոշ ժամանակով փակվեն: – Տարածաշրջանային մամուլում կարելի է բազմաթիվ ենթադրությունների հանդիպել այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է որոշակի ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանում: Սակայն վերջին լուրերի համաձայն՝ ամերիկա-ադրբեջանական բանակցություններն անհաջող էին: – Ես տեղեկացված չեմ այդ բանակցությունների բովանդակությանը, սակայն կարող եմ ենթադրել, որ Ադրբեջանն օգնություն է խնդրում Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես նաեւ8217 փող: Բացառված չէ, որ նրանց պահանջած գինը չափազանց բարձր է: – Մամուլում շահարկումներ եղան այն մասին, որ Ադրբեջանն առաջարկել է ԱՄՆ-ին օգտագործել Իրանի հետ սահմանային՝ Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջանները, կարծելով, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի հայերի վրա, որպեսզի վերջիններս դուրս բերեն այնտեղից իրենց զորքերը: – Ես անիմաստ եմ համարում ձեր հիշատակած շրջանների օգտագործումն ամերիկյան զինվորականների կողմից: – Եվ այսպես, արդյո՞ք ԱՄՆ-ն կգնա Իրանի հետ զինված հակամարտության ուղղությամբ: – ԱՄՆ-ն չի բացառի տարբերակներից եւ ոչ մեկը: Սակայն կարծում եմ, ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն կհաշտվի այն մտքի հետ, որ ստիպված է լինելու գոյակցել միջուկային Իրանի հետ: Միջուկային զենքը քաղաքական եւ հոգեբանական կարգավիճակ է տալիս երկրին, սակայն գործնականում այն չունի ռազմական կիրառություն: «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալություն՝ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել