Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՀԱՐԿԵ,

Դեկտեմբեր 18,2004 00:00

«ԻՀԱՐԿԵ, ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ» Վստահ է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը երեկ կազմակերպել էր «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խորհրդարանական քաղաքական ուժեր, ՌԴ-ի եւ մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մոտ 30 րոպեանոց զեկույցում պաշտպանության նախարարը անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Անվտանգության տարածաշրջանային խնդիրներին: Վերջում պաշտպանության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը որեւէ վտանգ չի տեսնում, որ Արցախ է գալու ԵԽ փաստահավաք խումբը. «Նախ, մեր պետությունը պաշտոնապես բնակեցման խնդիրներ չի տեսնում: Երկրորդ՝ աշխարհին հայտնի փաստ է, որ գոյություն ունի անվտանգության գոտի եւ, կարծում եմ, մենք էլ, ի վերջո, հնարավորություն կունենանք վերջնականապես համոզվելու, թե, ենթադրենք, Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ բնակեցվա՞ծ են ադրբեջանցիներով, թե՞ ոչ, եւ Ադրբեջանի պետությունը պաշտոնապես այդ խնդիրներով զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ»: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք կա՞ սահման, թե որքան տարածք ենք վերադարձնելու, Սերժ Սարգսյանն ասաց. «Որեւէ անգամ մենք որեւէ սահման չենք ասել եւ, ընդհանրապես, միամտություն եւ մանկամտություն կլինի, եթե պետության ղեկավար պաշտոնյաներից որեւէ մեկը կամ՝ մինչեւ բանակցությունները, կամ՝ բանակցությունների ընթացքում ասեր, թե ինքը ինչքա՞ն է ենթադրում ինչ-որ բան հանձնել: Դա նույնն է, եթե պատերազմի դաշտում ուղղակի կանչես հակառակորդին եւ ասես՝ ես ընդամենը 20 փամփուշտ ունեմ»: Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին հարցին պատասխանելով, պաշտպանության նախարարն ասաց. «Կարծում եմ, թերեւս դուք էլ եք այդպես մտածում, որ իմ կարծիքը վճռական նշանակություն չունի Թուրքիայի՝ ԵՄ8211ին անդամակցելու կամ չանդամակցելու հարցում: Եթե ես լինեի Ֆրանսիայի համապատասխան պաշտոնին, շատ մեծ նշանակություն կունենար: Բայց գտնում եմ, որ շատ ավելի հեշտ է հարաբերություններ ունենալ մի պետության հետ, որը ունի բազմաթիվ պարտավորություններ, չանելու այն, ինչ որ հիմա անում է, եւ ինչը մեզ դուր չի գալիս: Այնպես որ, իմ կարծիքը միանշանակ է»: «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է որպես անվտանգության խնդիր ուշադրություն դարձվում երկրի ժողովրդավարության, հասարակության զարգացման, նորմալ ընտրությունների անցկացման եւ այլ խնդիրներին: Դիտարկվո՞ւմ են արդյոք այս ամենը անվտանգության տեսադաշտում. «Իհարկե, դիտարկվում են, եւ շատ մեծ ուշադրություն է դարձվում: Բայց մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ամեն ինչը սեւացնել: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ դա շատ էական հանգամանք է: Մենք փակ տարածքներում չենք ապրում: Այսօր Հայաստանի մամուլում հնչած յուրաքանչյուր հայտարարություն մեր ոչ բարեկամների (եթե այլ բառով չասեմ) սեփականությունն է դառնում, եւ քանի որ Ադրբեջանում կամ մեկ այլ երկրում տեղյակ չեն այդպիսի մարդկանց, կուսակցությունների հնարավորություններին, նրանց թվում է, թե Հայաստանում մեծ ցնցումներ կան, որ գայթակղությունն այնքան է մեծանում, որ վաղը-մյուս օրը զենքի ուժով կարող են որեւէ խնդիր լուծել: Գայթակղությունը շատ վատ է: Եվ մարդկանց գայթակղության դրդելը առավել վատ բան է: Ինչ վերաբերում է դեմոկրատիային, իհարկե, ամենադեմոկրատը պետք է լինենք, ամենից մարդկայինը պետք է լինենք, որովհետեւ այդպիսի երկրների բանակները վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը, այդպիսի երկրներն ունենում են անվտանգության այլ հզոր երաշխիքներ եւ այդպիսի երկրները շատ ավելի անվտանգ են լինում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել