Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՂ

Դեկտեմբեր 18,2004 00:00

«ԹՈՂ ՄԵՐ ԱՉՔԸ ՉՄՏՑՆԵՆ՝ ՓՈՒԼ ԿԱՄ ՓԱԹԵԹ» Կոչ է անում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը – Երկուշաբթի տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կքննարկվի ավանդների վերադարձի մասին հարցը: Դաշնակցությունը չի ստորագրել արտահերթի անցկացման ստորագրաթերթիկի մեջ: Սակայն չմասնակցելը արտահերթին, մեղմ ասած, ՀՅԴ-ի համար այնքան էլ նպաստավոր չի լինի, հասարակությունը կմտածի, որ դուք ժողովրդի մասին չեք մտածում: – Քաղաքական որեւէ գործընթացից մենք երբեք չենք խուսափում, մենք մեր տեսակետները հայտնել ենք եւ կասենք: Այդ նստաշրջանին կմասնակցենք, թե ոչ՝ դա Գերագույն մարմնի եւ խմբակցության դիրքորոշումն է: Սակայն ես ի պաշտոնե նիստին ներկա կլինեմ: Պետք չէ այդքան միամիտ լինել եւ մտածել, որ ստորագրահավաքը կազմակերպել է Հմայակ Հովհաննիսյանը: Ի՞նչ է ստացվում, այնուամենայնիվ, կոալիցիոն տրամաբանության մեջ ընդունեցին այն բյուջեն, որը ներկայացրել էր կառավարությունը: Հիմա, փաստորեն, ականապատում են այդ նույն բյուջեն: Այն, ինչ առաջարկվում է, բազմաթիվ թերություններից բացի, նաեւ արդար չէ: Ո՞վ ասաց, որ 30 դոլարը 1000 ռուբլու դիմաց արդար է. ես կարծում եմ, որ դա արդար չէ: Արդարությունից ենք խոսում, եկեք տեսնենք, արդյո՞ք պետք է 30 տալ, գուցե դա 300 է կամ՝ 900: Երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ այն մարդկանցից, ովքեր ունեցել են խնայողություններ խորհրդային բանկերում, միայն 30 տոկոսն է այսօր չքավոր: 70 տոկոսը ինչպես այն ժամանակ էր բարեկեցիկ եւ ուներ բանկային հաշիվներ, հիմա էլ վատ վիճակի մեջ չէ: Եվ այդ 70 տոկոսն էլ ամենամեծ գումարներն ունի: Եթե համաձայն ենք չբարձրացնել աշխատավարձերը, թոշակները կամ նպաստները, ուրեմն եկեք զիջում անենք: Սա, կարծում եմ, տվյալ դեպքում պոպուլիստական լուծում է: Որովհետեւ մենք որպես կուսակցություն՝ կողմ լինելով, որ պետությունն այդ ավանդների հարցի մեջ ինչ-որ պատասխանատվություն վերցնի իր վրա, ուսումնասիրի վերադարձման ձեւերը, այնուամենայնիվ, չենք համարում, որ դա պահի խնդիր է, հենց հիմա անելու խնդիր է: – Ձեր կարծիքով՝ ո՞ւմ հրահանգով հաջողվեց հավաքել արտահերթ նստաշրջան անցկացնելու համար բավարար ստորագրություններ: – Ես նման պրովոկացիոն հարցերի չեմ պատասխանում: – Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր. «Ե՞րբ միջազգային կառույցները ակտիվ չեն եղել, ե՞րբ են ասել, որ հարցը լուծված է»: Դուք համաձա՞յն եք, որ հիմա միջազգային կառույցների վերաբերմունքում ոչինչ չի փոխվել: – Այն առումով, որ կոշտ գնահատականներ իրոք առաջ էլ հնչել են, անշուշտ, ճիշտ է: Իմ մտահոգությունն առաջանում է մեկ այլ խնդրից, որ այդ հայտարարությունների բեմն է փոխվել: ԵԽԽՎ-ն նոր բեմ է եւ, փաստորեն, միջազգային այն կազմակերպություններից, որոնց մաս է կազմում Հայաստանը, այսօր ամենաազդեցիկն է: Այդ առումով է մտահոգիչ: Բայց մյուս կողմից՝ ոչ ես, ոչ էլ իմ կուսակցության ներկայացուցիչները երբեք չենք ասել, որ այս հայտարարություններից պետք է ընկնավորվել եւ խուճապի մեջ ընկնել: Բացարձակապես: Դրանց դեմ պետք է պայքարել: Մեզ մտահոգում է նաեւ տեխնոլոգիան: Հաճախ զեկույցների լայն քննարկում չի կատարվում: Առաջարկել եմ ԱԺ նախագահին, նա ընդունել է այդ առաջարկը, որ հարկավոր է ԱԺ-ում ստեղծել մի նոր ֆորմատ՝ պատվիրակության ղեկավարների: Մենք ունենք մի քանի պատվիրակություն, որոնք հաճախ միմյանց աշխատանքից ուղղակի անտեղյակ են: Ճիշտ է, ընդհանուր տրամաբանության մեջ բոլորն էլ պատրիոտ են, բոլորն էլ կռիվ են տալիս եւ այլն, բայց տակտիկական լուծումներ, լոբբիստական հնարավորությունների օգտագործում եւ այլն, դրանք բավականին տուժում են: Կարծես ամեն մեկը փակվել է իր աշխատասենյակում եւ փորձում է ինքնուրույն հարցերը լուծել: Բայց այդ հարցերը միայն իրենց չեն վստահված, ի վերջո՝ դրա համար պատասխան է տալիս ամբողջ խորհրդարանը: – Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը մեր թերթում կարծիք էր հայտնել, որ այս իշխանությունները չեն կարող լուծել Ղարաբաղի հարցը, եւ ճիշտ էր առաջին նախագահը, երբ ասաց, որ այն, ինչ կարող էինք ունենալ 97-ին, այսօր հնարավոր չէ: Նաեւ՝ որ այսօր ցանկացած լուծում իր մեջ պարունակելու է փուլային տարբերակ: – Զուր են հույսերը, որ մարդիկ մոռացել են 97 թիվը. դա այնքան հեռու չէ: Ես հիմա չեմ վիճում, ապագայում տակտիկական լուծումները կարող են, ինչո՞ւ չէ, փաթեթի մեջ փուլային էլեմենտներ ներգրավել, ամեն բան հնարավոր է, ամեն ինչ կախված է մեր շահերից: Եթե վաղը մեր շահերն ապահովվեն փուլային տարբերակներով, ես անմիջապես կդառնամ փուլայինի կողմնակից: Ինձ հետաքրքրում են ազգային շահերը եւ ոչ թե այն, թե որ տեխնոլոգիայով դրանք կդառնան հասու: Վերջապես ընտրվել է փաթեթայինը այն պարզ պատճառով, որ դա տվյալ պահին ավելի էր համապատասխանում մեր շահերին: Ի վերջո, սա դոգմա չէ, եւ թող մեր աչքը չմտցնեն՝ փուլ կամ փաթեթ: Սա չէ կարեւորը, այլ այն, թե ի՞նչ էր առաջարկվում: Իսկ այն, ինչ առաջարկվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, հիմա էլ եթե մենք համաձայնենք, թուրքերը վազելով կգան: Ի՞նչ էին, ի վերջո, նրանք առաջարկում, առաջարկում էին Ղարաբաղը պահպանել Ադրբեջանի կազմում: Եթե դա էր, ինչին համաձայն էր Լեւոնը, իսկ դա հենց դա էր, հիմա էլ, եթե պատրաստ լինենք գնալ դրան, մեզ Բաքվում կծափահարեն եւ անմիջապես կվազեն բանակցությունների սեղանի մոտ: Բայց մենք մեր ազգային եւ պետական շահերը դրանով պաշտպանած չենք լինի: Եվ թող ժողովրդին չֆռռացնեն: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել