Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասանք բուրբոններին

Դեկտեմբեր 18,2004 00:00

2004թ. քաղաքական զարգացումները, պրոգրեսի եւ ռեգրեսի
առումով, վերլուծում է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
– 2004 թվականն իր աստղագուշակային նշանին յուրահատուկ բանդերլոգային (կապկի)
տարի էր՝ իրեն հատուկ քաղաքական վառ դրամատիզմով, հակասությունների, միասնության
ու պայքարի օրենքից բխող ծայրահեղությունների լայն սպեկտրով: Քաղաքական ապարդյուն
ընդվզումների եւ հուսախաբության՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար: 2004-ը
համընդհանուր բարոյալքման ու արժեզրկման տարի էր: Պահպանվեց հարաբերականությունն
ու անդորրը, որը, դժբախտաբար, իշխանությունները ռացիոնալ չօգտագործեցին՝ ֆրանսիական
բուրբոնների նման պատմության դասերից ոչինչ չսովորելով: «Լոխ մունք ենք», «լոխ լավ
ա» կարգախոսներով առաջ գնացին: Իրականում ազգաբնակչության սոցիալական բեւեռացումը
հասավ ծայրահեղ չափերի: Կոռուպցիան ցեցի նման ուտում է պետական մեքենան, որը չի կատարում
իր սահմանադրական պարտականությունները հասարակության նկատմամբ: Անմիաբանություն է
հոգեւոր եւ աշխարհիկ գաղափարական վարդապետություններում, քաղաքական կուսակցությունները
եւ օրեցօր ծլող հայրենակցական միությունները վերածվել են իշխանատենչության մոլագար
խունտաների, աղանդները բզկտում են հայի հոգին, հավատափոխ անում: Չինովնիկների օրինակարգազանցությունները
հասել են իրենց ապոգեյին, գանձարանը կողոպտում են: Ինչպես ասում էր Իվան Գրոզնին՝
«–»: Ոտնահարված են ազգային արժանապատվությունն ու ազգային շահերը: Մի խոսքով, «ժամանակը
դուրս է սայթաքել յուր շավղից»՝ ինչպես ասում էր արքայազն Համլետը: – Պարոն
Հակոբյան, ձեր կարծիքով՝ ի՞նչ չարեցին իշխանությունն ու ընդդիմությունը անցնող տարում,
որ պարտավոր էին անել: – 2004-ին իշխանությունը պետք է ձեռնամուխ լիներ ազգի
առաջ երրորդ հազարամյակի սկզբին ծառացած 3 գերխնդիրների լուծմանը՝ ազգային գաղափարական
միաբանություն եւ քաղաքական միասնություն, ազգային գենոֆոնդի ֆիզիկական եւ կենսաբանական
անվտանգության ապահովում, պատմաաշխարհագրական տարածքների վերականգնում (արցախյան
հիմնահարցը՝ որպես հայկական հարցի բաղադրիչ մաս): Ավաղ, ընդդիմության գաղափարական
տկարամտությունը եւ տակտիկական զինանոցի սնանկությունը՝ խարսխված անվճռականության
եւ քաղաքական էգոիզմի վրա, ժողովրդական ակտիվ զանգվածներին հուսախաբ արին: Ոչ միայն
նրանց լիդերները, այլեւ «ընդդիմություն» կատեգորիան վերջնականապես վարկաբեկվեց ու
անհիլյացիայի ենթարկվեց: – Բայց նոր բլոկներ են ձեւավորվում… – Այսօր
փորձում են ուժերի նոր վերադասավորումներ իրականացնել, նոր բլոկներ ձեւավորել՝ հների
բազայի վրա: Իզո՜ւր… Հարկավոր են նոր քաղաքական անհատականություններ՝ բարոյակամային
հատկանիշներով, լայն ինտելեկտուալ դիապազոնով, որոնք կարող են դառնալ ազգի հավաքական
խորհրդանիշը, ապագա պայքարի ոգեշնչողը… – Փաստորեն, ժաննադարկե՞ր են Հայաստանին
հարկավոր: – Առաջին հերթին հարկավոր են սասունցիդավիթներ, նոր ժաննաներ: Մի
առիթով Վահրամ Փափազյանը մորս՝ Մարուսյա Սողոմոնյանին անվանել է «Հայ կին առյուծներից
մեկը», որին երբեւիցե հանդիպել է հայկական լեռնաշխարհում… Ժաննա դը Արկը ժողովրդից
իրականացվող Ֆրանսիայի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշն էր, «Լոթարինգյան
կույսի», Ֆրանսիայի ու նրա ժողովրդի արժանապատվությունը ստրկական տիղմից իր բարձունքի
վրա դրեց: Նա ազգային միասնության ու միաբանության կիսաաստված խորհրդանիշն է, թեպետ
գեղջկական ծագմամբ: Ցավոք, այսօր հայ քաղաքական բեմում նման ադամանդյա կին-առյուծներ
չեմ տեսնում: – Իսկ ո՞րն է մարքսիստական կուսակցության դերն ու նշանակությունը
հայ ժողովրդի կյանքում: – Ժողովուրդը այսօր հարգում ու երկրպագում է մարքսիզմը՝
որպես գաղափարախոսության վարդապետությունների արքա, որպես ճշմարիտ հասարակարգային
ուսմունք, որպես շարքային աշխատավոր ժողովրդի շահերը պաշտպանող աշխարհիկ գաղափարախոսություն,
որպես ֆունդամենտալ գիտություն… Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների
մեջ մենք միակն ենք, որ տվեցինք նոր ազգային եւ նոր տնտեսական դոկտրինան՝ որպես զրահը
ազգի: Զրուցեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել