Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց հարցը պայման չէր

Դեկտեմբեր 18,2004 00:00

Հայոց
հարցը պայման չէր ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վերջինիս անդամակցության
հետ կապված բանակցությունները կսկսվեն 2005 թ. հոկտեմբերի 3-ին: Այս մասին ԵՄ անդամ
25 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ բանակցություններից
հետո հայտարարել է ԵՄ գործող նախագահ, Նիդեռլանդների վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն:
Բանակցությունների արդյունքում Թուրքիան կարող է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ
անդամ, ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ՝ Բալկենենդեն չի բացառել, որ բանակցային գործընթացը
կարող է դադարեցվել ցանկացած պահի՝ Բրյուսելի առաջարկած պայմաններին Թուրքիայի չհետեւելու
դեպքում: Սկզբնապես Թուրքիային, իբրեւ նախապայման, առաջարկվել է այսօրեւեթ ճանաչել
ԵՄ անդամ Կիպրոսի կառավարությունը: Թուրքիան մերժել է այդ կոշտ պահանջը: Ի վերջո,
գտնվել է փոխզիջումային տարբերակ: Ըստ այդմ, Եվրամիությունն իր պահանջից չի հրաժարվում,
սակայն հետաձգում է դրա կատարման ժամկետը մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 3-ը: Նկատենք,
որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանն իր «կարեւորությամբ» խիստ զիջում է Կիպրոսի
խնդրին: Այսպես. ըստ Reuters-ի, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարրոզոն
հայտարարել է, որ Եվրամիությունը ոչ մի նոր խոչընդոտ չի հարուցելու պաշտոնական Անկարայի
հետ բանակցություններ սկսելու հարցում: Մասնավորապես, խոսելով Հայոց ցեղասպանության
ճանաչման հետ կապված Թուրքիայի վրա Եվրամիության գործադրելիք հնարավոր ճնշման մասին՝
նա ասել է. «Մենք չենք կարող նոր քաղաքական պայմաններ առաջադրել, դա ազնիվ չի լինի»:
Բարրոզոյի խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պայման
չի հանդիսացել բանակցությունները սկսելու համար եւ մոտ ապագայում չի հանդիսանա: Դրա
հետ մեկտեղ նա նշել է, որ վերոհիշյալ հարցի վրա տաբու չի դրվել, եւ ապագայում այն
կարող է դառնալ քննարկումների առարկա: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Րեջեփ
Թայիփ Էրդողանը Բրյուսելում թուրք լրագրողներին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ
կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, եթե դրական մոտեցում տեսնի Հայաստանի կողմից:
«Պատմության մեջ կատարվածը պետք է մնա պատմության գրկում: Մենք պետք է մեր նոր հարաբերությունները
կառուցենք խաղաղության պայմաններում: Մենք դրականորեն ենք տրամադրված Հայաստանի նկատմամբ
ու նաեւ ցանկանում ենք, որպեսզի հարգվեն ազգային սահմանները: Մենք բացել ենք մեր
օդային տարածքը հայկական մասնավոր ավիաընկերությունների համար: Չկան պատճառներ, որոնք
թույլ չեն տալիս մեզ բացել նաեւ ցամաքային սահմանը: Սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի
նմանատիպ դրական մոտեցում ցուցաբերի նաեւ Հայաստանը: Ադրբեջանի կարեւոր մասը շարունակում
է օկուպացված մնալ Հայաստանի կողմից, եւ այդ փաստը չի կարելի մոռանալ»,- հայտարարել
է Թուրքիայի վարչապետը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել