Նուրբ դիվանագիտական լեզվով մոտավորապես դա էին ասում երեկվա սեմինարի մասնակիցները
Երեկ ՀՀՇ գրասենյակում տեղի ունեցավ «Համաձայնություն» կենտրոնի հերթական սեմինարը՝ այս անգամ «Հայ-ռուսական ռազմական համագործակցության ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով:
Հիմնական զեկուցողները երեքն էին՝ քաղաքագետներ Դավիթ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը եւ Աղասի Ենոքյանը:
Դ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, «հայ-ռուսական ռազմական համագործակցությունը իր պատմական ընթացքի մեջ, անշուշտ, որոշակի աղավաղումներ է արձանագրել»: Ըստ նրա, դա տեղի է ունեցել այն պահից, երբ Հայաստանը ՌԴ կողմից ընկալվեց որպես օբյեկտ՝ իր նեոգաղութատիրական քաղաքականության համար: Իսկ այս համատեքստում Հայաստանի քաղաքականությունը, մասնավորապես՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցում ո՞րը կարող էր լինել: Քաղաքագետի ասելով, Հայաստանին սպառնացող երկու հիմնական «վտանգները», որոնք կան մեր հասարակության գիտակցության մեջ, կապված են Ադրբեջանի հետ պատերազմի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ըստ նրա, եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը 10 տարի տեւեց եւ հիմա մտել է սառեցված փուլ, ապա հայ-թուրքական հարաբերությունները եւ Թուրքիայի կողմից վտանգի հարցը Հայաստանի նկատմամբ գոնե վերջին 5 տարիների ընթացքում լրջորեն վերագնահատվել է: Սրանից Դ. Հովհաննիսյանը եզրակացրեց, որ «այս տեսակետից ռուսական ռազմական բազայի պահպանումը հայ-թուրքական սահմանի վրա, կարծես թե, կորցրել է իր իմաստը»: Իսկ այն բացասական կողմերը, որոնք բխում են այդ ռազմաբազայի պահպանումից, նրա համոզմամբ, «բոլորին պարզ է՝ օտար պետության ներկայությունը անկախ պետության տարածքում միշտ էլ վտանգավոր է»:
Քաղաքագետ Վարդան Խաչատրյանը թեմայի շուրջ խոսելով՝ նախ նկատեց, թե՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները յուրահատուկ են Հայաստանի համար: Ի թիվս այլ գործոնների՝ նա թվարկեց նաեւ այն, որ Հայաստանը «գերվտանգ» ունի՝ կապված Թուրքիայի վարքագծի հետ, ինչը ՀՀ-ի համար հակակշռի ստեղծման խնդիր է առաջացնում՝ ի դեմս ՌԴ-ի: Որպես փաստարկ՝ նա հիշեցրեց 1992-93թթ. թուրքական հայտարարությունները. «Եթե հիշում եք, այն ժամանակ Թուրգութ Օզալը Միջին Ասիայում հայտարարեց Հայաստանի դեմ հնարավոր իրավական պատժամիջոցների մասին, այնուհետեւ Թուրքիայի գենշտաբի հայտարարությունից հետո ՀՀ սահմանների վրա սկսվեցին թուրքական զինուժի մանյովրներ, որոնց բացասական զարգացումները հնարավոր եղավ բացառել միայն ՌԴ ուղղակի միջամտությամբ»:
Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ ռուսական ռազմաբազաների առկայությունը ՀՀ-ում բացասաբար են ազդում Հայաստանի եւ նրա հարեւանների հարաբերությունների վրա: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների իմաստով «այդ բազան նախ ստեղծում է Թուրքիայի համար վտանգի զգացում, եւ հետեւաբար Թուրքիան ինքը ռազմական որոշակի ներուժ է կուտակում մեր տարածաշրջանում եւ ռազմական որոշակի ծրագրեր է մշակում ընդդեմ Հայաստանի: ՌԴ-ի համար այդ բազան անվտանգության կարեւորագույն նշանակություն ունի»: Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում նույնն է, «որովհետեւ Վրաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը ռուսական ռազմաբազաներից ազատվելն է, ինչը հարցականի տակ է առնվում ՀՀ-ում այդ բազայի առկայության դեպքում: Եթե անգամ Վրաստանից դրանք հանվեն, իսկ ՀՀ-ում մնան, վրացիների համար այնքան էլ մեծ տարբերություն չի լինի՝ Վրաստանում կա՞ն ռուսական ռազմաբազաներ, թե՞ չէ»:
Ն. Մ.