Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵՔ 2001-Ի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 18,2004 00:00

ԱԺ
փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացնում է Սահմանադրության փոփոխությունների 3
նախագծերի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ կարծիքը, որ հաստատվել
է հանձնաժողովի դեկտեմբերի 4-5-ի նիստում եւ Հայաստանին փոխանցվել դեկտեմբերի
8-ին: Տիգրան Թորոսյանը նախ պարզաբանեց, թե ինչու է կոալիցիայի, Արշակ Սադոյանի
եւ ՄԱԿ-ի սահմանադրական փոփոխությունների նախագծերի փորձաքննության վերաբերյալ այս
եզրակացությունը միայն միջանկյալ. «Կա համաձայնություն, որ երբ այս կարծիքը ստանան
նախագծերի հեղինակները եւ ԱԺ-ն աշխատի նախագծերի վրա՝ Վենետիկի հանձնաժողովը հետագայում
եւս մեկ անգամ է անդրադառնալու սահմանադրական փոփոխություններին, երբ կներկայացվի
արդեն մեկ նախագիծ, որը նախապատրաստվելու է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար: Եվ
այն կլինի վերջնական նախագիծ»: «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության
նախագահ Վարդան Պողոսյանը նշել էր, թե Վենետիկի հանձնաժողովն իր միջանկյալ կարծիքում,
ըստ էության՝ մի եզրահանգում է արել, թե 2001-ից հետո ներկայացված նախագծերը բարելավում
չեն, սահմանադրական բարեփոխումներ չեն: Մեր խնդրանքով մեկնաբանելով, թե արդյոք Վենետիկի
հանձնաժողովն իրոք նման գնահատական է տվել՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Բնականաբար,
հանձնաժողովը չէր կարող տալ նման ձեւակերպումներ: Ցավոք, ինչպես մի քանի այլ դեպքերում՝
այս անգամ եւս որոշ մարդիկ եւ կազմակերպություններ փորձում են առաջ ընկնել իրադարձություններից
եւ որոշակի մթնոլորտ ձեւավորել իրենց հայտարարություններով»: Նա մի քանի մեջբերում
արեց, թե ինչ ընդհանուր գնահատականներ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովը. «Նշված
է, թե կոալիցիայի եւ ՄԱԿ-ի նախագծերով առաջարկվող սահմանադրական փոփոխությունները
շատ հարցերում համապատասխանում են Սահմանադրության 2001-ի նախագծում ներկայացված
առաջարկություններին: Եզրակացության մեջ նաեւ նշված է, թե այդ երկու նախագծերը գործող
Սահմանադրությունից մի քայլ առաջ են եւ կարող են նպաստել Հայաստանի՝ Եվրախորհրդի
առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ այնուամենայնիվ,
առավել նշանակալի փոփոխությունների կարիք է զգացվում հատկապես պետական մարմինների
միջեւ իշխանության հավասարակշռության առանցքային հարցում»: Վարդան Պողոսյանն այլ
մեջբերումներ էր արել, թե Վենետիկի հանձնաժողովը ցավով արձանագրել է, որ ըստ կոալիցիայի
նախագծի՝ ԱԺ-ն որեւէ դերակատարում չունի կառավարության ձեւավորման գործում: Իսկ ՄԱԿ-ի
նախագծում էլ հանձնաժողովը բացասական է գնահատել այն, որ ՀՀ նախագահը կարող է լուծարել
ԱԺ-ը, եթե վերջինս համաձայն չէ վարչապետի պաշտոնանկությանը: Մինչդեռ Տիգրան
Թորոսյանը ձեւակերպումներ մեջբերեց եզրակացության՝ Արշակ Սադոյանի նախագծին վերաբերող
հատվածից. «Առաջարկությունների երկրորդ նախագիծը չի անդրադառնում մի շարք առանցքային
հարցերի, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը կամ
դատական իշխանությունը: Եվ ներառում է մի շարք դրույթներ, որոնց գործնական կիրառումն
իրատեսական չէ»: Վենետիկի հանձնաժողովի այս միջանկյալ եզրակացության թերեւս
ամենակարեւոր դրույթը հետեւյալն է. «Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաեւ՝ հաշվի
առնելով այն հանգամանքը, որ առաջարկությունների առաջին եւ երրորդ (կոալիցիայի եւ
ՄԱԿ-ի.- Ա. Ի.) նախագծերը շատ առումներով նման են 2001-ի Սահմանադրական փոփոխությունների
նախագծին՝ հանձնաժողովը գտնում է, որ բարեփոխումների հիմք պետք է դիտել 2001-ի սահմանադրական
փոփոխությունների նախագիծը՝ ընդունելուց առաջ որոշ քննարկումներ անցկացնելով դրա
շուրջ եւ լրամշակելով վերջինիս դրույթներից մի քանիսը»: Մեր հարցին, թե նման գնահատական
կա՞, որ իշխանությունների բաժանման մեխանիզմների առումով՝ ամենահավասարակշռվածը 2001-ին
ներկայացված նախագիծն էր, եւ ոչ ներկայիս տարբերակները՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց.
«Երբ հոդված առ հոդված՝ ավելի մանրամասն քննարկվում են փոփոխությունների նախագծերը,
այո՛, ասվում է, թե այն մեխանիզմը, որ 2001-ի նախագծում էր բերված՝ լիարժեք է եւ
կարող է բավարարել բոլոր պահանջներին: Սակայն, կարծում եմ, կարեւոր է ամբողջ եզրակացությունը
եւ ոչ թե դրա ընդամենը մի քանի դրույթները: Մանավանդ որ՝ որոշ դրույթներ ներկայացվել
են աղճատված եւ ցանկալի մեկնաբանություններով»: ԱԺ փոխնախագահը նաեւ փոխանցեց,
թե հետագայում ինչ է արվելու այս եզրակացության եւ նախագծերի հետ. «ԱԺ կանոնակարգը
սահմանում է, որ երեք նախագծերից մեկը պետք է ընդունել հիմք եւ աշխատել դրա վրա:
Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ պետք է փորձել հիմք ընդունած
նախագծի այն դրույթների փոխարեն, որոնց առնչությամբ արտահայտված է որոշակի բացասական
վերաբերմունք՝ վերականգնել այն մոտեցումները, որոնք կային 2001-ի նախագծում»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել