ՍԵՎ ԱՆԳՂԸ ՍՈՎԻՑ ՍԱՏԿԵՑ Լոռվա Դսեղ գյուղում «կալանավորված» (Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաեւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում գրանցված) սեւ անգղը օրերս սատկել է: Ըստ փորձագետ Մամիկոն Ղասաբյանի՝ պատճառը սովն ու խստաշունչ ցուրտն է հանդիսացել. «Երբ հետազոտում էինք թռչնի դին, պարզվեց, որ ստամոքսը ամբողջովին դատարկ է: Նա շատ նիհարել էր՝ օրեր առաջ տեսածի համեմատ»: Երբեմն մարդիկ (մանավանդ՝ որսագողերը), գայթակղվելով գիշատիչ թռչնի գեղեցկությամբ եւ թանկարժեքությամբ, մոռանում են, որ նրանք հատուկ խնամք են պահանջում եւ դրա հետ մեկտեղ միայն մսով են սնվում: Սեւ անգղի տիրուհին (թռչնի մահից շփոթված Մ. Ղասաբյանը չէր հասցրել պարզել նրա անունը) փորձագետին պատմել է, որ թռչունն իր կամքով է այդտեղ հայտնվել, իրենք էլ ուժերի ներածին չափով են նրան խնամել: Ի դեպ, այս անգղի այցին նախապատրաստվում էին նաեւ Երեւանի կենդանաբանական այգում: Թեեւ այստեղ էլ թռչնին ազատություն չէր տրվելու, սակայն փոխարենը պրոֆեսիոնալ խնամք կստանար, բացի այդ՝ իրեն վայել ճաշացուցակից կօգտվեր: Եվ այս ամենի հետ մեկտեղ, կնպաստեր Հայաստանում այս թռչնատեսակի բազմացմանը: Ըստ «Թռչունների պահպանման հայկական հասարակական կազմակերպության»՝ վերջին հետազոտություններով Հայաստանում ընդամենը 30-35 սեւ անգղ կա, որոնք բնադրում են միայն Խոսրովի արգելոցում: Ի դեպ, Կարմիր գրքում տեղ գտած կենդանիներին «սեփականաշնորհել» ցանկացողներին զգուշացնենք, որ ըստ ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքի, այս կենդանիների օգտագործումը թույլատրվում է միայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ լիազոր մարմնի, այսինքն բնապահպանության նախարարության եզրակացության հիման վրա: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ