ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ Կամ սիրո խոստովանություն Վերջերս իջեւանցի արվեստասերներին հնարավորություն ընձեռվեց դիտելու բանաստեղծ եւ նկարիչ Զավեն Պետրոսյանի գեղանկարչական եւ գրաֆիկական հարյուր ստեղծագործություններից կազմված ցուցահանդեսը, որ բացվել էր ՀՌԱԿ-ի տեղի սրահում: Ցուցահանդեսի արձագանքներն այն լուսավոր տրամադրությունների ու անկեղծ նվիրվածության արդյունքն էին, որով Զ. Պետրոսյանը ստեղծում է իր նկարներն ու բանաստեղծությունները: Պատահական չէր, որ նրա ստեղծագործությունների մասին սիրով տոգորված խոսքեր ասացին ե՛ւ Իջեւանի մտավորականներից շատերը, ե՛ւ ուսանողներն ու հասարակության ներկայացուցիչները: Տպավորիչ էին առանձնապես վաստակաշատ լրագրող Ռուբեն Սիմոնյանի, գրող Թելման Մայիլյանի, «Իջեւանի ուսանող» թերթի խմբագիր Զավեն Ալավերդյանի եւ այլոց խոսքերը նկարչի թե՛ ստեղծագործությունների, թե՛ անձի մասին: Նկարչին ժողովրդական երգերով ողջունելու էին եկել նաեւ Իջեւանի ուսումնական կենտրոնի սաները: Նկարներում հայրենի եզերքն է հեղինակի ներշնչանքի զուլալ ակունքը, հարազատ գյուղի՝ Ջուջեւանի (Տավուշի մարզ, Նոյեմբերյանի տարածաշրջան) չքնաղ բնությունը, ժայռերի ու անտառների անկեղծ մտերմությունը, երկնահաս լեռների, մթին ծմակների ու արեւոտ բացատների հեքիաթային ներդաշնակությունը՝ ներքին պայքարով առլեցուն: Նույն սիրով նա թուղթ ու կտավին է հանձնում նաեւ անզուգական եզերքի մարդկանց՝ անձրեւի ու արեւի հետ կռիվ տվող, բայցեւ նրանցով ապրող լեռնցիների, գեղաչյա ու գեղավարս աղջիկների կերպարները: «Ինձ համար ավելի գեղեցիկ տեղ չկա, քան իմ գողտրիկ ու վեհ լեռնաշխարհը, փոքրիկ, բայց ինձ համար Փարիզից ու Լոնդոնից էլ մեծ ու թանկ իմ գյուղակը: Այո, ինչպես բանաստեղծն է ասում՝ իմ ոտքերի տակով է անցնում երկրագնդի առանցքը: Մեր բնությունն իսկապես հրաշագեղ է, եւ անհնար է այստեղ ապրել ու գեթ հոգո՛վ, գոնե մտքո՛ւմ նկարիչ չլինել: Եվ անկեղծորեն ուրախացա, երբ լրագրող Ռ. Սիմոնյանը միանգամայն ճիշտ բնորոշեց իմ ցուցահանդեսը՝ «Սիրո խոստովանություն»: Հենց այդպես էի մտածել ինքս իմ մեջ: Եվ առավել ուրախ եմ, որ իմ խոստովանությունը անպատասխան չէ»,- ասում է նկարիչը՝ չմոռանալով շնորհակալության խոսք ուղղել ցուցահանդեսի կազմակերպման հովանավոր Սպարտակ Անտոնյանին: ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ