Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբեմնի

Դեկտեմբեր 17,2004 00:00

Երբեմնի ներկայացումները կվերականգնվեն Հավաստիացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը: Երեկ Օպերային թատրոնում ներկայացվեց Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտը (բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի) եւ «Հավերժություն» բալետը՝ ըստ Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի երաժշտության (բեմադրությունը՝ Մ. Մարտիրոսյանի): «Առավոտը» ներկայացումից հետո հարցազրույցի հրավիրեց Ա. Գրիգորյանին: – Դատելով հանդիսատեսի առատությունից, չե՞ք կարծում, որ աճել է հետաքրքրությունը բալետային արվեստի նկատմամբ, սակայն այնքան էլ «առատ» չէ բալետային ներկայացումների թիվը: – Միանգամից ասեմ, որ ձեր դիտարկումը տեղին է ու նշեմ, որ այսօր խաղացանկում են Խաչատրյանի «Գայանեն», Ադանի «Ժիզել», Մարկեսի «Լորկիանա» եւ այսօր ներկայացված երկու բալետային բեմադրությունները: Բալետային արվեստը մեծ ֆինանսներ է պահանջում: Տարիներ շարունակ պետպատվերի եւ մասնավոր ներդրումների սակավությունը կրճատել են մեր թատրոնի բալետային ներկայացումների ցանկը: Այս տարվա ապրիլին կայացավ «Գայանեի» պրեմիերան: Վերականգնվեցին «Ժիզելը», «Կարմենը», «Լորկիանան»: Պետք է նշեմ Երեւանի պարարվեստի ուսումնարանի աջակցությունը Օպերային թատրոնին: Հակառակ դեպքում, այնպիսի «մարդաշատ» ներկայացում, ինչպիսին «Գայանեն» է, հնարավոր չէր լինի բեմադրել: Այսօր արդեն պաշտպանության նախարարի միջնորդությամբ մասնակիորեն լուծված են բարձրակարգ բալերոնների՝ բանակի հետ կապված խնդիրները: Այսինքն, ստեղծված են պայմաններ, որ բարձրակարգ բալերոնները ծառայելով բանակում՝ կարողանան մասնակցել փորձերին եւ ներկայացումներին: Եվ այսպիսով պահպանվում է նրանց «մարզավիճակը»: – Հնարավոր չէ՞ պետության եւ մասնավոր ներդրումների թեկուզ փոքր գումարով վերականգնել ժամանակին թատրոնի խաղացանկում ընդգրկված ինչպես դասականների, այնպես էլ հայ կոմպոզիտորների բալետային երկերը: – 20-25 տարի առաջ բեմադրված ներկայացումները, օրինակ, Կոմիտաս-Էդգար Հովհաննիսյանի «Անտունին», Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկը», Արամ Խաչատրյանի «Սպարտակը», Կոնստանտին Օրբելյանի «Անմահությունը», այսօր վերականգնել հնարավոր չէ, որովհետեւ դեկորները, հագուստները ժամանակի ընթացքում հնացել են: Թեեւ չեմ ուզում ֆինանսից խոսել, բայց ստիպված եմ կրկնել, որ ձեր հարցը պահանջում է մեծ ֆինանսներ: 2005-ին նախատեսել ենք բեմադրել Մինկուսի «Դոն Քիշոտը», Պյորսելի «Պավանա Մավրին», իսկ եղեռնի 90-ամյակի առիթով՝ «Անտունին»: – Վերջերս ձեր որդին՝ Արմանը, արժանացավ միջազգային մրցույթի դափնեկրի կոչման: Ինչո՞վ բացատրել հայ բալետային դպրոցի հատկապես տղա պարողների հաջողությունները: – Տղաս Երեւանի պարարվեստի ուսումնարանի սան է եւ վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում բալետի արտիստների միջազգային մրցույթում շահեց առաջին տեղը եւ ոսկե մեդալը՝ 36 երկրի 148 մասնակիցների մրցապայքարում: Սա նրա երրորդ միջազգային նվաճումն է: Ճիշտն ասած, մենք ունենք նաեւ բարձրակարգ պարուհիներ: Եթե նկատի ունեք միջազգային մրցույթներին նրանց մասնակցությունը, չեմ կարծում, որ դա պարտադիր ծրագիր է: Աղջիկները մեր բեմում էլ են փայլում: Հիշեցնեմ նաեւ, որ միջազգային մրցույթների մասնակցելը դարձյալ ֆինանսի խնդիր է: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել