80-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ Վաստակաշատ մանկավարժ Պետրոս Հայկազյանը խոստովանում է, որ չի զգում իր տարիքը, որովհետեւ հաճույք է ստանում աշխատանքային ամեն մի օրից: Պետրոս Հայկազյանին տեսնելիս երբեք չեք ասի, որ դեկտեմբերի 19-ին նա դառնում է 80 տարեկան: Քայլվածքով, հայացքով, խոսելու ձեւով՝ առանց չափազանցության, խանդավառությամբ լի երիտասարդ է: 54 տարի՝ կոնսերվատորիան ավարտելուց հետո, աշխատում է միեւնույն տեղում՝ Սայաթ-Նովայի անվան 7-ամյա երաժշտական դպրոցում: Ուրիշը կհոգներ, կձանձրանար այդ թվացյալ միատարրությունից: Բայց Պետրոս Հայկազյանն ունի իր բացատրությունը, թե ինչու այդպես չէ. «Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, մանկավարժությունը, ամեն մի աշխատանքային օրից մեծ հաճույք եմ ստանում»: Եվ հետո՝ երեխաները, աշակերտները անընդհատ փոխվում են, ամեն մեկը մի անհատականություն է, մի աշխարհ: Բայց ամենամեծ գործոնը, որը մարդուն երիտասարդ է պահում՝ Երաժշտությունն է: Դա մի օվկիանոս է, որ երբեք չի սպառվում: Եթե դա լուրջ, դասական գործ է, ապա 100-րդ կամ 1000-րդ անգամ անդրադառնալուց հետո էլ այդտեղ անպայման կգտնես նորանոր հարստություններ, գաղափարներ, հույզեր: 1950 թվականից Պյոտր Ասատուրովիչը (այդպես ենք սովոր նրան անվանել «նախաանկախական» շրջանից) դասավանդում է Սայաթ-Նովայի դպրոցում: 1967 թվականից այդ դպրոցի տնօրենն էր: 2003-ի գարնանը նրան աշխատանքից ազատելը, գոնե էթիկայի տեսակետից՝ մեղմ ասած, անթերի չէր: Բայց Հայկազյանը չընկճվեց, չնեղացավ. նա նույն խրոխտ քայլվածքով եւ անվրդով տեսքով ամեն օր գալիս է «սեփական» դպրոցը եւ երեխաներին սովորեցնում ջութակին տիրապետելու գաղտնիքները: «Եթե ինձ երբեւէ ընտրության առաջ կանգնեցնեին՝ լինել տնօրե՞ն, թե՞ ջութակի դասատու, ոչ մի վայրկյան չէի տատանվի եւ կընտրեի երկրորդը»,- խոստովանում է նա: Նման մոտեցումը, կարծես թե, հակասում է հայկական եւ ընդհանրապես արեւելյան «մենթալիտետին»: «Միջին Արեւելքի» ներկայացուցիչը նման հանգամանքներում տարիներով դարդ կաներ՝ բա ո՞նց կլինի, բա ինչպե՞ս եմ ես մտնելու մի դպրոց, որտեղ 36 տարի «շեֆ» էի: Պետրոս Հայկազյանի «մենթալիտետը» եվրոպական է՝ այդ բառի լավագույն իմաստով: Ոչ միայն նրանով, որ այս տարիքում էլ շարունակում է առավոտները վազել, այլեւ իր մտածելակերպով՝ լավատեսական, ողբից եւ նվնվոցից հեռու: Այդ դիտարկումը տասնամյակներ առաջ ակամա հաստատեց ժամանակին ՀԽՍՀ մշակույթի նախարար Կամո Ուդումյանը: Նա երիտասարդ տնօրենին վարչական կարիերա էր առաջարկում՝ սկսած նախարարությունում վարչության պետից: Պ. Հայկազյանը կտրականապես մերժեց՝ ասելով, որ երբեք չի կարողանա թողնել մանկավարժությունը եւ դառնալ չինովնիկ: Կամո Ուդումյանը կատակեց. «էդպես հա՞յ կլինի՝ պաշտոն ես առաջարկում՝ հրաժարվում է»: Ի դեպ, Պ. Հայկազյանը ժամանակին հրաժարվել էր նաեւ Չայկովսկու անվան դպրոցի տնօրենի պաշտոնից՝ չնայած երկար տարիներ դաս է տալիս նաեւ այդ դպրոցում սովորող ապագա ջութակահարներին: Պետրոս Հայկազյանի մանկավարժական գործունեության ընթացքում նրա հետ բախտ են ունեցել շփվելու եւ բարձր երաժշտությանը հաղորդակից դառնալու հարյուրավոր երեխաներ, որոնցից 33-ը դարձել են բարձրորակ, ոմանք նաեւ՝ հռչակավոր ջութակահարներ: Այսօր աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում բեմ են բարձրանում նրա աշակերտները՝ միջազգային մրցույթի դափնեկիրներ Գեւորգ Բուդաղյանը, Մարտին Յավրյանը, Գեւորգ Ղարաբեկյանը, Սյուզի Երիցյանը: Եվ աշխատանքը չի դադարում ոչ մի օր: Վերջերս Դուբայում 10-րդ դասարանցի Անուշ Նիկողոսյանը դարձավ միջազգային մրցույթի դափնեկիր: Ընդհանրապես Սայաթ-Նովայի դպրոցում ուսումնական պրոցեսը երբեք չէր կանգնել՝ նույնիսկ 1992-94 թվականների պատերազմի տարիներին: Տնօրենի տանը սաստիկ ցուրտ էր՝ Պյոտր Ասատուրովիչը թոռնիկի հետ գնում էր Ծիծեռնակաբերդ եւ ճյուղեր էր հավաքում՝ վառարանը վառելու համար: Բայց հիմնարկում ամեն ինչ ընթանում էր իր հունով. երեխաները գալիս էին դասի, մանկավարժները Հայկազյանի ղեկավարությամբ անձնուրաց կատարում էին իրենց պարտականությունները: Խոսելով տնօրենի մասին՝ հնարավոր չէ շրջանցել իր ղեկավարած եւ ինչ-որ չափով նաեւ՝ իր ստեղծած կոլեկտիվը: 1967-ին Հայկազյանի տնօրեն դառնալու հետ միաժամանակ՝ ուսմասվար նշանակվեց Էլզա Թանդիլյանը, որի հետ տասնամյակների համատեղ աշխատանքի ընթացքում տնօրենը չի ունեցել որեւէ՝ նույնիսկ չնչին կոնֆլիկտ: «Որովհետեւ Էլզա Արմենովնան բարձր կարգի երաժիշտ է, մասնագետ եւ չափազանց պարկեշտ մարդ, – հակիրճ բացատրում է մանկավարժը եւ շարունակում:- Անցած տարիներին չի եղել այնպես, որ որեւէ երիտասարդ ուսուցիչ չմերվի մեր կոլեկտիվի հետ, չընդունի այն չգրված կանոնները, որոնք դպրոցն ուներ: Հիմա էլ, որ դպրոց եմ մտնում՝ զգում եմ, թե մանկավարժների շրջանում իմ նկատմամբ ինչպիսի հարգանք ու սեր կա: Եվ իմ երջանկությունը հենց դրա մեջ է»: Հետաքրքիր պարադոքս է. խորհրդային ռեժիմի ժամանակ, որն ընդունված է «բռնապետական» անվանել, Սայաթ-Նովայի անվան դպրոցում (եւ, ի դեպ, կոնսերվատորիայում՝ կարող եմ դա հաստատել, քանի որ երկու տեղում էլ սովորել եմ) տիրում էր գրեթե կատարյալ ազատություն եւ ժողովրդավարություն: Ցանկացած աշակերտ (ուսանող) հնարավորություն ուներ հանդիպելու տնօրենին (ռեկտորին) եւ ներկայացնելու ցանկացած խնդիր: Բացառված էր, որ ամիսը 3-4 անգամ Պ. Հայկազյանը եւ Է. Թանդիլյանը չմտնեին դասարան եւ չհետաքրքրվեին, թե ինչպես ենք պարապում: Բացառված էր, որ նրանք դեմքով չճանաչեին 1-ից 7-րդ դասարանների որեւէ աշակերտի: Բացառված էր, որ նրանք ներկա չլինեին դպրոցում կազմակերպվող՝ աշակերտների որեւէ համերգի եւ հետո երեխաների ելույթները չքննարկեին ուսուցիչների հետ: Այսինքն՝ կար ղեկավարության եւ կոլեկտիվի ակտիվ, շահագրգիռ մասնակցությունը ուսումնական պրոցեսին: Միայն այդպես կարելի է գտնել այն երեխաներին, ովքեր դառնալու են պրոֆեսիոնալ երաժիշտներ, մենակատարներ, «աստղեր»: Հենց այդպիսի ազատ ստեղծագործական մթնոլորտում են երաժշտության մեջ իրենց առաջին քայլերն արել դպրոցի սաներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Բաբայանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Կարինե Օհանյանը, Մովսես Պողոսյանը եւ շատ-շատ այլ աշխարհահռչակ երաժիշտներ: …Պյոտր Ասատուրովիչի 80-ամյակը պետական մակարդակով չի նշվելու: Կառավարական միջոցառումներ եւ պարգեւներ նախատեսված չեն: «Դպրոցում ինձ նվիրված մի շարք համերգներ են կազմակերպվել: Դա անում է մեր կոլեկտիվը, եւ դա ինձ միանգամայն բավարարում է»,- ասաց երաժիշտը: Եվ երեւաց, որ ձեւեր չի թափում: Անկեղծ էր, ինչպես միշտ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ