Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԸ

Դեկտեմբեր 17,2004 00:00

ՔԱՂԱՔԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ «Երեւանը գյուղաքաղաք է եւ պատմաճարտարապետական առումով լուրջ արժեք չի ներկայացնում»,- կարծում է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Երեւանի վերակառուցումը հետթամանյանական ժամանակաշրջանում իրականացվել է պատմության ու մշակույթի անտեսման պայմաններում եւ գլխավոր հատակագծերը մշակվել են առանց հաշվի առնելու հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության խնդիրները: Արդյունքում՝ կենտրոնի պատմական եւ ճարտարապետագեղարվեստական միջավայրը վերածվել է հատուկենտ պահպանված առանձին շենքերի եւ համալիր փոքր հատվածների: Ներկայումս Երեւանի կառուցապատումը դարձյալ շարունակվում է՝ անտեսելով օրենքը: Այսինքն, երեւանյան պատմական շենքերի վաճառքը չի օգտագործվում տնտեսական զարգացման նպատակով, իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքներում չի նշվում հուշարձանի առկայությունը տվյալ տարածքում»,- սա քաղվածք էր խմբագրություն ուղարկված 9 անվանի ճարտարապետների ստորագրությամբ նամակից: Նրանք քաղաքապետին առաջարկում են կանխել շենքերի համատարած վերաձեւումն ու դա ամրագրել Երեւանի նոր գլխավոր հատակագծում: Այս փաստաթղթի վերջնական տարբերակի նախագիծը հասարակության եւ շահագրգիռ մարմինների քննարկմանը կդրվի 2005-ից, որի ավարտին կամփոփվի ու կստանա հիմնական փաստաթղթի ուժ: Սակայն քաղաքի «հուշարձանային» հատվածի մի մասն արդեն չկա՝ զոհ է գնացել Հյուսիսային պողոտային, լավագույն դեպքում՝ շենքերի միայն պատերը հավաքել ու երեսպատել են մեկ այլ շենքի ճակատ: Ինչպես, օրինակ, Թումանյան 3 հասցեում գտնվող Երեւանի առաջին գինու մառանի (նախկին Հանրապետական կուսակցության գրասենյակի) պատերը հայտնվեցին Մելիք-Ադամյան փողոցում: Նույնը սպառնում է Գլխավոր պողոտայի պատմական շենքերի մեծ մասին: Այս եւ այլ խնդիրների շուրջ «Առավոտին» բավականին վիճահարույց պարզաբանումներ տվեց Հյուսիսային պողոտայի եւ քաղաքի նոր Գլխավոր հատակագծի գլխավոր դեմքը՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մեր զրույցը սկսվեց նամակի հեղինակներին (նրանց մեջ կան Ճարտարապետների միության վարչության խորհրդի անդամներ) ուղղված նրա գնահատականից. «Ես չեմ հավատում, թե նամակագիրները լուրջ մտահոգված են այդ խնդրով: Որովհետեւ հուշարձանների նոր ցանկի առնչությամբ միության ուղարկած պատասխանում առարկություն կամ դիտողություն չի եղել»: Ի դեպ, երկու ամիս առաջ կառավարության հաստատած պատմամշակութային հուշարձանների նոր ցանկով է առաջնորդվել նոր Գլխավոր հատակագիծը: Ըստ մեր զրուցակցի, հուշարձանների պահպանության խնդրում կա երկու ծայրահեղ կողմ՝ միայն պահպանությամբ մտահոգ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը եւ միայն տնտեսական շահ հետապնդող քաղաքապետարանը: Իսկ երկու կողմերի միջեւ առայսօր «դիալոգ չկա», դրա լուծումը կտրվի նոր հատակագծում: Ն. Սարգսյանը կողմ է, որ մայրաքաղաքը պահպանի իր պատմական շերտը, եւ «ես ինքս առանց ավելորդ աղմուկի կործանումից փրկել եմ մի շարք շենքեր», սակայն «անհրաժեշտ է ճիշտ արժեւորել պատմական հուշարձաններն ու ճիշտ դասակարգել դրանց օգտագործման ձեւերը»: Պարզվում է, ժամանակին հուշարձանների ցանկն ավելորդ ծանրաբեռնվել է «անարժան» տարածքներով ու շենք-շինություններով, որպեսզի դրանց պահպանությունն իրականացնող կառույցն արհեստականորեն դառնա առավել ազդեցիկ օղակ: Որպես օրինակ ճարտարապետը նշեց Օղակաձեւ զբոսայգին, որը նոր ցանկից դուրս է մնացել: Այդ հանգամանքը նախկին գլխավոր ճարտարապետին չի խանգարել վերջին մի քանի տարիներին զբոսայգում հողհատկացումներ անել: Ստացվում է, որ նա կանխավ գիտեր, թե մի քանի տարի անց փոփոխման ենթակա ցանկից որ տարածքներն ու շենքերն են դուրս մնալու կամ էլ՝ ցանկը վերաձեւվել է նրա ներկայացրած ցուցակով: Մեր այս դիտակմանը հետեւեց հետաքրքիր բացահայտում. «Քաղաքի հուշարձանների ցանկը մշակել է Երեւանի հուշարձանների պահպանության բաժինը, 1991թ. այն հաստատել է Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Համբարձում Գալստյանը: Ցանկը չի ներկայացվել Մինիստրների խորհրդի վավերացմանն ու չի մտել գործող Գլխավոր հատակագծի դրույթների մեջ, հետեւաբար այն իրավական ուժ չուներ: Ավելին, իմ նախաձեռնությամբ այդ փաստաթուղթն անվավեր է ճանաչվել 1999-ին՝ Երեւանի քաղաքապետի որոշմամբ: Ուստի հողհատկացումների ժամանակ որեւէ իրավական խախտում տեղի չի ունեցել»: Ն. Սարգսյանը գտնում է, որ պարտադիր չէ բոլոր հայտնի մարդկանց տները պահպանել որպես անձեռնմխելի տարածք: Դրանք կարելի է օգտագործել՝ պահպանելով, ասենք, միայն ճակատը: Այդ դեպքում զբոսաշրջիկներին ինչպե՞ս ներկայացնել, օրինակ, Առաջին Հանրապետության նախագահ Արամ Մանուկյանի տունը (Արամի 9), երբ շուտով տնից հետք ու շունչ չի մնա, բացի դրսի պատից. «Բարդ հարց է: Բայց նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ հարցնել՝ ինչո՞ւ քանդվեց Թամանյանի արվեստանոցը, ինչո՞ւ հրապարակի վերակառուցման համար առանց ցնցումների վերացրին տասնյակ պատմական շենքեր: Որովհետեւ քաղաքաշինության մեջ այլ կերպ հնարավոր չէ: Իսկ Երեւանն էլ միջնադարյան կոմպակտ կառուցված քաղաք չէ, որ ամբողջությամբ պահպանենք»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել