Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմնի ներկայացումները կվերականգնվեն

Դեկտեմբեր 17,2004 00:00

Հավաստիացնում է Ալ. Սպենդիարյանի
անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն
Գրիգորյանը: Երեկ Օպերային թատրոնում ներկայացվեց Բիզե-Շչեդրինի «Կարմեն»
սյուիտը (բեմադրությունը՝ Ա. Գրիգորյանի) եւ «Հավերժություն» բալետը՝ ըստ Ա. Խաչատրյանի
Ջութակի կոնցերտի երաժշտության (բեմադրությունը՝ Մ. Մարտիրոսյանի): «Առավոտը»
ներկայացումից հետո հարցազրույցի հրավիրեց Ա. Գրիգորյանին: – Դատելով հանդիսատեսի
առատությունից, չե՞ք կարծում, որ աճել է հետաքրքրությունը բալետային արվեստի նկատմամբ,
սակայն այնքան էլ «առատ» չէ բալետային ներկայացումների թիվը: – Միանգամից
ասեմ, որ ձեր դիտարկումը տեղին է ու նշեմ, որ այսօր խաղացանկում են Խաչատրյանի «Գայանեն»,
Ադանի «Ժիզել», Մարկեսի «Լորկիանա» եւ այսօր ներկայացված երկու բալետային բեմադրությունները:
Բալետային արվեստը մեծ ֆինանսներ է պահանջում: Տարիներ շարունակ պետպատվերի եւ մասնավոր
ներդրումների սակավությունը կրճատել են մեր թատրոնի բալետային ներկայացումների ցանկը:
Այս տարվա ապրիլին կայացավ «Գայանեի» պրեմիերան: Վերականգնվեցին «Ժիզելը», «Կարմենը»,
«Լորկիանան»: Պետք է նշեմ Երեւանի պարարվեստի ուսումնարանի աջակցությունը Օպերային
թատրոնին: Հակառակ դեպքում, այնպիսի «մարդաշատ» ներկայացում, ինչպիսին «Գայանեն»
է, հնարավոր չէր լինի բեմադրել: Այսօր արդեն պաշտպանության նախարարի միջնորդությամբ
մասնակիորեն լուծված են բարձրակարգ բալերոնների՝ բանակի հետ կապված խնդիրները: Այսինքն,
ստեղծված են պայմաններ, որ բարձրակարգ բալերոնները ծառայելով բանակում՝ կարողանան
մասնակցել փորձերին եւ ներկայացումներին: Եվ այսպիսով պահպանվում է նրանց «մարզավիճակը»:
– Հնարավոր չէ՞ պետության եւ մասնավոր ներդրումների թեկուզ փոքր գումարով
վերականգնել ժամանակին թատրոնի խաղացանկում ընդգրկված ինչպես դասականների, այնպես
էլ հայ կոմպոզիտորների բալետային երկերը: – 20-25 տարի առաջ բեմադրված ներկայացումները,
օրինակ, Կոմիտաս-Էդգար Հովհաննիսյանի «Անտունին», Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկը»,
Արամ Խաչատրյանի «Սպարտակը», Կոնստանտին Օրբելյանի «Անմահությունը», այսօր վերականգնել
հնարավոր չէ, որովհետեւ դեկորները, հագուստները ժամանակի ընթացքում հնացել են: Թեեւ
չեմ ուզում ֆինանսից խոսել, բայց ստիպված եմ կրկնել, որ ձեր հարցը պահանջում է մեծ
ֆինանսներ: 2005-ին նախատեսել ենք բեմադրել Մինկուսի «Դոն Քիշոտը», Պյորսելի «Պավանա
Մավրին», իսկ եղեռնի 90-ամյակի առիթով՝ «Անտունին»: – Վերջերս ձեր որդին՝
Արմանը, արժանացավ միջազգային մրցույթի դափնեկրի կոչման: Ինչո՞վ բացատրել հայ բալետային
դպրոցի հատկապես տղա պարողների հաջողությունները: – Տղաս Երեւանի պարարվեստի
ուսումնարանի սան է եւ վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում բալետի արտիստների միջազգային
մրցույթում շահեց առաջին տեղը եւ ոսկե մեդալը՝ 36 երկրի 148 մասնակիցների մրցապայքարում:
Սա նրա երրորդ միջազգային նվաճումն է: Ճիշտն ասած, մենք ունենք նաեւ բարձրակարգ պարուհիներ:
Եթե նկատի ունեք միջազգային մրցույթներին նրանց մասնակցությունը, չեմ կարծում, որ
դա պարտադիր ծրագիր է: Աղջիկները մեր բեմում էլ են փայլում: Հիշեցնեմ նաեւ, որ միջազգային
մրցույթների մասնակցելը դարձյալ ֆինանսի խնդիր է: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել