Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմունիստական համերաշխություն

Դեկտեմբեր 17,2004 00:00

ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղարի դատավոր աղջիկը չի՞ նեղացնի քաղկոմի առաջին քարտուղարին

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում պետք է սկսվեր գյումրեցի Փերուզ Գալուստի Հովհաննիսյանի գործի քննությունը: Ժամը 11-ին սկսվեցին Տիգրան Սահակյանի նախագահությամբ քաղաքացիական գործերի այլ քննություններ՝ մասնակցությամբ դատավորներ Վահրամ Ավանեսյանի եւ Աստղիկ Խառատյանի: Նկատելի էր այն, որ հիմնական հայցերն առնչվում էին երեւանաբնակներին, իսկ Աստղիկ Խառատյանը, որը ժամը 11-ին էր նշանակել Փերուզ Հովհաննիսյանի դատաքննությունը, փաստորեն կարողացավ ժամը 12.30-ին տեղ զբաղեցնել կենտրոնական աթոռին եւ նախագահել նիստը:

Փերուզ Գալուստի Հովհաննիսյանը կորցրել է առաջին կարգի հաշմանդամ ամուսնուն եւ երկրորդ կարգի հաշմանդամ տղային: Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի թիվ 91 որոշմամբ, Լինսի հիմնադրամով կառուցված Շիրակացու փողոցի 205ա շենքում 3 սենյականոց բնակարանը հատկացվել է Փ. Հովհաննիսյանին՝ 4 անձի համար (հարսի, երկու թոռների եւ իր): Հովհաննիսյանների ընտանիքը իրենց սեփականության իրավունքը վավերացրել են, դարձել սեփականատերեր: Սակայն մինչեւ երեկ նրանք չեն կարողանում զբաղեցնել հատկացված բնակարանը, քանի որ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը իր ընտանիքով մտել է վերոնշյալ բնակարանը եւ չի ազատում:

Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ բնակարանը «բռնազավթած» Գագիկ Մանուկյանը ՀԿԿ Գյումրիի քաղկոմի առաջին քարտուղարն է, իսկ գործը լսող դատավոր Աստղիկ Խառատյանի հայրը՝ Ֆրունզե Խառատյանը, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար է:

Երեկ վերաքննիչ դատարանում ներկա էին կողմերը, ինչպես նաեւ մարզպետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները: Քաղաքապետարանի ներկայացուցիչն առաջարկեց Փ. Հովհաննիսյանին երկու եւ մեկ սենյականոց բնակարաններ՝ իբրեւ հաշտության եզր: Մի բան, որին չհամաձայնեց տարեց կինը: Իսկ երբ դատավոր Խառատյանը հարցրեց քաղաքապետարանի ներկայացուցչին, թե առաջարկվող բնակարանների մակերեսները համընկնո՞ւմ են Փ. Հովհաննիսյանի 3 սենյականոցին, պաշտոնյան չկարողացավ պատասխանել: Փ. Հովհաննիսյանի ներկայացուցիչ, իրավաբան Արտուշ Գրիգորյանը վկայակոչեց «պետական աջակցություն ցուցաբերելու մասին» պայմանագիրը, համաձայն որի՝ կիրառվում է սեփականության իրավունքի օտարման սահմանափակում 5 տարի ժամանակով, այսինքն, հատկացված օբյեկտը գրանցված պահից 5 տարվա ընթացքում չպետք է վաճառվի, նվիրվի, վարձակալության տրվի, գրավ դրվի կամ «օտարվի այլ եղանակով»: Սակայն դատարանը հետաձգեց նիստը եւ չթույլատրեց Ա. Գրիգորյանին՝ բացարկ հայտնել դատավոր Խառատյանին:

Արդեն 8 ամիս գյումրեցի ընտանիքը դատարաններում փորձում է արդարություն գտնել: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի նախագահությամբ, վճռել է Գագիկ Մանուկյանին իր ընտանիքի անդամների հետ միասին վտարել Շիրակացու փողոցի 205 ա շենքի թիվ 3 բնակարանից, այն հատկացնելով սեփականատիրոջը՝ Փ. Հովհաննիսյանին: Անգամ դատարանը մերժել է Գագիկ Մանուկյանի հայցը Շիրակի մարզպետարանի դեմ: «8 ամիս է որբերին թողնում-գալիս ենք դատարան, մինչեւ էսօր հարցս չի լուծվում: Իմ բնակարանն եմ ուզում, օդի մեջ կանգնած եմ»,- արցունքն աչքերին երեկ մեզ ասաց Փ. Հովհաննիսյանը:

«Առավոտի» տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանի թիվ 1702 որոշմամբ, Գ. Մանուկյանի ընտանիքին (6 անձով) հատկացվել է Ղանդիլյան 84 շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 26 (1 սենյականոց) եւ Տիգրան Մեծ պողոտայի 9 շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 13 (2 սենյականոց) բնակարանները: Ի դեպ, Տիգրան Մեծի պողոտայի տվյալ բնակարանը մինչ այդ զբաղեցրել էր ՀՀ դատախազության Շիրակի մարզի նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Համլետ Հովսեփյանը՝ իբրեւ ծառայողական բնակարան: Զարմանալի է, թե ինչո՞ւ կոմունիստ Մանուկյանը չի ուզում դատախազի զբաղեցրած բնակարանը զբաղեցնել, փոխարենը աչքը տնկել է մի հասարակ կնոջ՝ Փ. Հովհաննիսյանի սեփական բնակարանին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել