Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ

Դեկտեմբեր 17,2004 00:00

«Երեւանը
գյուղաքաղաք է եւ պատմաճարտարապետական առումով լուրջ արժեք չի ներկայացնում»,- կարծում
է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Երեւանի վերակառուցումը հետթամանյանական
ժամանակաշրջանում իրականացվել է պատմության ու մշակույթի անտեսման պայմաններում եւ
գլխավոր հատակագծերը մշակվել են առանց հաշվի առնելու հուշարձանների ու պատմական միջավայրի
պահպանության խնդիրները: Արդյունքում՝ կենտրոնի պատմական եւ ճարտարապետագեղարվեստական
միջավայրը վերածվել է հատուկենտ պահպանված առանձին շենքերի եւ համալիր փոքր հատվածների:
Ներկայումս Երեւանի կառուցապատումը դարձյալ շարունակվում է՝ անտեսելով օրենքը: Այսինքն,
երեւանյան պատմական շենքերի վաճառքը չի օգտագործվում տնտեսական զարգացման նպատակով,
իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքներում չի նշվում հուշարձանի առկայությունը
տվյալ տարածքում»,- սա քաղվածք էր խմբագրություն ուղարկված 9 անվանի ճարտարապետների
ստորագրությամբ նամակից: Նրանք քաղաքապետին առաջարկում են կանխել շենքերի համատարած
վերաձեւումն ու դա ամրագրել Երեւանի նոր գլխավոր հատակագծում: Այս փաստաթղթի վերջնական
տարբերակի նախագիծը հասարակության եւ շահագրգիռ մարմինների քննարկմանը կդրվի 2005-ից,
որի ավարտին կամփոփվի ու կստանա հիմնական փաստաթղթի ուժ: Սակայն քաղաքի «հուշարձանային»
հատվածի մի մասն արդեն չկա՝ զոհ է գնացել Հյուսիսային պողոտային, լավագույն դեպքում՝
շենքերի միայն պատերը հավաքել ու երեսպատել են մեկ այլ շենքի ճակատ: Ինչպես, օրինակ,
Թումանյան 3 հասցեում գտնվող Երեւանի առաջին գինու մառանի (նախկին Հանրապետական կուսակցության
գրասենյակի) պատերը հայտնվեցին Մելիք-Ադամյան փողոցում: Նույնը սպառնում է
Գլխավոր պողոտայի պատմական շենքերի մեծ մասին: Այս եւ այլ խնդիրների շուրջ «Առավոտին»
բավականին վիճահարույց պարզաբանումներ տվեց Հյուսիսային պողոտայի եւ քաղաքի նոր Գլխավոր
հատակագծի գլխավոր դեմքը՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մեր զրույցը սկսվեց
նամակի հեղինակներին (նրանց մեջ կան Ճարտարապետների միության վարչության խորհրդի
անդամներ) ուղղված նրա գնահատականից. «Ես չեմ հավատում, թե նամակագիրները լուրջ մտահոգված
են այդ խնդրով: Որովհետեւ հուշարձանների նոր ցանկի առնչությամբ միության ուղարկած
պատասխանում առարկություն կամ դիտողություն չի եղել»: Ի դեպ, երկու ամիս առաջ կառավարության
հաստատած պատմամշակութային հուշարձանների նոր ցանկով է առաջնորդվել նոր Գլխավոր հատակագիծը:
Ըստ մեր զրուցակցի, հուշարձանների պահպանության խնդրում կա երկու ծայրահեղ կողմ՝
միայն պահպանությամբ մտահոգ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը եւ միայն
տնտեսական շահ հետապնդող քաղաքապետարանը: Իսկ երկու կողմերի միջեւ առայսօր «դիալոգ
չկա», դրա լուծումը կտրվի նոր հատակագծում: Ն. Սարգսյանը կողմ է, որ մայրաքաղաքը
պահպանի իր պատմական շերտը, եւ «ես ինքս առանց ավելորդ աղմուկի կործանումից փրկել
եմ մի շարք շենքեր», սակայն «անհրաժեշտ է ճիշտ արժեւորել պատմական հուշարձաններն
ու ճիշտ դասակարգել դրանց օգտագործման ձեւերը»: Պարզվում է, ժամանակին հուշարձանների
ցանկն ավելորդ ծանրաբեռնվել է «անարժան» տարածքներով ու շենք-շինություններով, որպեսզի
դրանց պահպանությունն իրականացնող կառույցն արհեստականորեն դառնա առավել ազդեցիկ
օղակ: Որպես օրինակ ճարտարապետը նշեց Օղակաձեւ զբոսայգին, որը նոր ցանկից դուրս է
մնացել: Այդ հանգամանքը նախկին գլխավոր ճարտարապետին չի խանգարել վերջին մի քանի
տարիներին զբոսայգում հողհատկացումներ անել: Ստացվում է, որ նա կանխավ գիտեր, թե
մի քանի տարի անց փոփոխման ենթակա ցանկից որ տարածքներն ու շենքերն են դուրս մնալու
կամ էլ՝ ցանկը վերաձեւվել է նրա ներկայացրած ցուցակով: Մեր այս դիտակմանը հետեւեց
հետաքրքիր բացահայտում. «Քաղաքի հուշարձանների ցանկը մշակել է Երեւանի հուշարձանների
պահպանության բաժինը, 1991թ. այն հաստատել է Երքաղխորհրդի գործկոմի նախագահ Համբարձում
Գալստյանը: Ցանկը չի ներկայացվել Մինիստրների խորհրդի վավերացմանն ու չի մտել գործող
Գլխավոր հատակագծի դրույթների մեջ, հետեւաբար այն իրավական ուժ չուներ: Ավելին, իմ
նախաձեռնությամբ այդ փաստաթուղթն անվավեր է ճանաչվել 1999-ին՝ Երեւանի քաղաքապետի
որոշմամբ: Ուստի հողհատկացումների ժամանակ որեւէ իրավական խախտում տեղի չի ունեցել»:
Ն. Սարգսյանը գտնում է, որ պարտադիր չէ բոլոր հայտնի մարդկանց տները պահպանել
որպես անձեռնմխելի տարածք: Դրանք կարելի է օգտագործել՝ պահպանելով, ասենք, միայն
ճակատը: Այդ դեպքում զբոսաշրջիկներին ինչպե՞ս ներկայացնել, օրինակ, Առաջին Հանրապետության
նախագահ Արամ Մանուկյանի տունը (Արամի 9), երբ շուտով տնից հետք ու շունչ չի մնա,
բացի դրսի պատից. «Բարդ հարց է: Բայց նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ հարցնել՝
ինչո՞ւ քանդվեց Թամանյանի արվեստանոցը, ինչո՞ւ հրապարակի վերակառուցման համար առանց
ցնցումների վերացրին տասնյակ պատմական շենքեր: Որովհետեւ քաղաքաշինության մեջ այլ
կերպ հնարավոր չէ: Իսկ Երեւանն էլ միջնադարյան կոմպակտ կառուցված քաղաք չէ, որ ամբողջությամբ
պահպանենք»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել