Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Դեկտեմբեր 17,2004 00:00

Դաշնակցության
պատմության մեջ առաջին անգամ՝ այս տարի հրապարակվեցին հատվածներ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության
8-րդ Գերագույն ժողովի բանաձեւերից: Դրանց շուրջ պարզաբանումներ է ներկայացնում ՀՅԴ
Հայաստանի ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը: Ըստ բանաձեւերից մեկի՝ Գերագույն
ժողովը քննել է Ջավախքի հարցը եւ հաստատել. «Վրաստանի իշխանությունների ազգային խտրական
քաղաքականության հետեւանքով Ջավախքի հայությունը հայտնվել է ծանր ընկերային, տնտեսական
վիճակում»: Բանաձեւում նաեւ նշված է, որ Վրաստանի կազմում ինքնավարություն չունենալով՝
«Ջավախքի հայությունը զրկված է սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային կյանքի տնօրինումից»:
Եվ արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Ջավախքի հարցում
պատշաճ մակարդակի վրա չէ հասարակական, տնտեսական, ազգային կյանքի ոչ մի ասպարեզում»։
Մեր հարցին՝ արդյոք Հայաստանը պետք է օտար պետության տարածքի մի երկրամասի
նկատմամբ փորձի իրականացնել որոշակի քաղաքականությո՞ւն՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Սպարտակ
Սեյրանյանը պատասխանեց. «Մեր քննարկումների եւ բանաձեւի բովանդակությունը ոչ թե վերաբերում
է ուրիշ պետության ինքնիշխանության խախտմանը, այլ մեր հայրենակիցների նկատմամբ տվյալ
պետության մեջ իրականացվող քաղաքականության հանդեպ Հայաստանի վերաբերմունքի առկայությանը
կամ բացակայությանը: Որեւէ կերպ չենք ցանկանում նսեմացնել մեր հարեւան Վրաստանի ո՛չ
ինքնիշխանությունը, ո՛չ տարածքային ամբողջականությունը, սակայն եթե այնտեղ մեր հայրենակիցների
նկատմամբ իրականացվում է բացահա՛յտ խտրական քաղաքականություն՝ Հայաստանի պարտքն ու
պարտականությունն է մտահոգվել հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային
ու քաղաքական իրավիճակի բարելավման խնդիրներով»: Խնդրեցինք կանխատեսել, թե Վրաստանի
կողմից ինչ արձագանքի կարժանանա Հայաստանի իշխող կուսակցություններից մեկի այս գնահատականը,
թե վրաց իշխանությունները խտրական քաղաքականություն են իրականացնում հայերի հանդեպ:
«Ինձ այդքան չի մտահոգում, թե Վրաստանի իշխանությունն ինչպես կգնահատի մեր բանաձեւը
կամ մոտեցումները,- պատասխանեց պրն Սեյրանյանը:- Մենք խիստ կարեւորում ենք Հայաստանի
եւ Վրաստանի բնականոն հարաբերությունները, եւ կարծես թե՝ նախագահների մակարդակով
վերջին փոխադարձ այցելությունները եւ ստորագրված պայմանագրերը հիմք տալիս են լավատեսության
համար: Բայց գտնում ենք, որ եթե ընդհանուր իրավիճակը Վրաստանում բարվոք չէ՝ Ջավախքում
այն շատ ավելի սուր է ընկալվում այն պարզ պատճառով, որ այնտեղ ապրում են գերազանցապես
հայեր: Եվ օբյեկտիվ սոցիալ-տնտեսական դժվարությունները, բնականաբար, ստանում են մեկ
այլ շեշտադրում: Մեր ցանկությունն է, որ Հայաստանն ու Վրաստանը միասի՛ն փորձեն այնտեղ
իրականացնել այնպիսի ծրագրեր ու քաղաքականություն, որը նաեւ կբացառի որեւէ այլ ուժի
կողմից առկա դժվարություններն այլ բնույթի խնդիրների վերածելու հնարավորությունը»:
ՀՅԴ Գերագույն ժողովը որոշել է Հայաստանի կառավարությանը խնդիր առաջադրել՝
ստեղծել Ջավախքի հարցերով զբաղվող կառույց, «որը կմշակի եւ կիրականացնի վերականգնման
եւ զարգացման ծրագիր»։ Մեր հարցին՝ արդեն իսկ արծարծվե՞լ է այս խնդիրը՝ պրն Սեյրանյանը
պատասխանեց. «Առայժմ՝ ոչ: Պատրաստում ենք ամբողջական մի թղթածրար»: Իսկ ինչպե՞ս է
որոշակի միակողմանիություն ենթադրող այս կառույցը ստեղծելու մասին որոշումը համադրվում
այն մոտեցման հետ, թե Հայաստանն ու Վրաստանը միասին պիտի ծրագրեր իրականացնեն Ջավախքում.
«Եթե ասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պիտի ունենա նման հատուկ կառույց՝
չի նշանակում, թե մեր երկիրը պետք է անմիջականորեն միջամտի Վրաստանի ներքին գործերին
կամ ձեռնարկի այնպիսի միջոցառումներ, որոնցից տեղյակ չի լինելու վրաց իշխանությունը:
Ընդհակառա՛կը: Համատեղ ծրագրերի իրականացումը տեսնում ենք հենց նման կառույցի միջոցով,
որը կօժանդակի եւ կօգնի Վրաստանի իշխանությանը: Նման կառույցներ կան Ռուսաստանում,
Ուկրաինայում, Թուրքիայում, Իսրայելում եւ բազում այլ պետություններում, որոնք ունեն
այլ երկրներում ապրող հայրենակիցներ»: ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մեկ
այլ կառույց ստեղծելու մասին էլ բանաձեւ ունի. «Պետության առջեւ հարց դնել՝ ստեղծելու
հատուկ կառույց՝ սփյուռքի ոլորտի տնօրինումը ԱԳՆ-ից փոխանցելով այս կառույցին»։ Հիշեցրինք,
թե նախկինում կար նման առանձին կառույց: Հիմա այն վերստեղծելու պահանջը չի՞ նմանվում
պետական շինարարության մեջ յուրօրինակ ռուբիկ-կուբիկ խաղի՝ մեկ քանդել, մեկ հավաքելու
սկզբունքով: «Նախ՝ քանդողը մենք չենք եղել,- նկատեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:- Ուղղակի
գտնում ենք, որ Հայրենիք-Սփյուռք առնչությունները շատ ավելի լայն ու տարողունակ են,
քան այդ թեմաներով մշակութային կամ այլ բնույթի միջոցառումներ կազմակերպելը: ԱԳՆ-ում
կան, ասենք՝ Կենտրոնական Եվրոպայի կամ Հարավային Ամերիկայի երկրներով զբաղվող վարչություններ:
Եվ ԱԳՆ-ում նմանատիպ մի փոքրիկ ենթակառուցվածք էլ զբաղվում է ամբողջ Սփյուռքի սոցիալ-տնտեսական,
քաղաքական, կրթական, մշակութային, ներդրումային եւ այլ հարցերով: Մեր առաջարկը միայն
կարգավիճակին չէ, որ վերաբերում է: Պետությունը պետք է կարողանա քաղաքականություն
մշակել, ծրագրեր եւ ոչ միայն միջոցառումներ իրականացնել. դրա համար ենք կարեւորում
լուրջ կառույցի անհրաժեշտությունը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել