Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՂԸ ՈՉ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ Է, ՈՉ ԵԽ-Ն

Դեկտեմբեր 17,2004 00:00

Հայտարարում է «Ազատագրված
տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը «Ազատագրված տարածքների
պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հեգնանքով է վերաբերվում այն մեկնաբանություններին,
թե Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկը ՀՀ կողմից
մերժելու արդյունքում, որպես մեր երկրին պատժելու մեխանիզմ, Եվրախորհրդում հնչել
են «դեւիս-աթկինսոնյան զեկույցները, հետո էլ Ադրբեջանը խնդրո առարկա շրջանների հարցը
մտցրել է ՄԱԿ-ի օրակարգ, իսկ Մինսկի խմբի համանախագահները կասեցրել են բանաձեւի ընդունումը
ՄԱԿ-ում՝ հնարավորություն տալով Հայաստանին կամավոր ընդունել թելադրվող պայմանները,
ինչը եւ փաստորեն արդեն տեղի է ունենում ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում»:
Հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Աղայանը քննադատեց ներկա իշխանություններին
այն բանի համար, որ նրանք արդարանում են Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահների
առջեւ՝ ասելով, որ իրենք չեն բնակեցրել բանակցությունների խնդրո առարկա շրջանները,
ավելին՝ այդպիսի միտք չեն էլ ունեցել, որ անվտանգության գոտի հանդիսացող այդ շրջանները
ի վերջո անպայման կհանձնվեն, բայց՝ ԼՂՀ կարգավիճակի եւ անվտանգության այլ երաշխիքների
դիմաց: Կազմակերպությունը «դավաճանական» է որակել «առավել պարտվողական դիրքորոշման
ֆոնի վրա իշխանությունների հայտարարություններին կեղծ-հերոսական երանգներ հաղորդելը»:
Ա. Աղայանը երեկ էլ պնդեց, թե արցախյան հիմնախնդիրը չի կարող ունենալ միջազգային
լուծում՝ ոչ Մինսկի խմբի, ոչ ԵԽ, ոչ էլ այլ ձեւաչափով. «Հիմնախնդրի հայկական լուծումը
միակն է եւ ենթադրում է ազատագրված բոլոր շրջանների լիարժեք եւ շուտափույթ բնակեցում
ու համակողմանի յուրացում, դրանց նկատմամբ հայկական գերիշխանության հռչակում: Այդ
պատճառով, ըստ կազմակերպության, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ղարաբաղյան հարցը կարող են լուծել
միայն միակողմանի քայլերի սեփական ծրագրով, որը Ադրբեջանին կթողնի այդ լուծման հետ
համակերպվելու կամ չհամակերպվելու այլընտրանքը»: Որպես միակողմանի քայլեր, կազմակերպությունը
մատնանշեց. «ՀՀ-ն եւ (կամ՝ ներառյալ) ԼՂՀ-ն հայտարարում են, որ կշարունակեն ուղղակի
կամ միջնորդավորված երկկողմ շփումները Ադրբեջանի հետ, եւ կողմերի դիրքորոշումների
բավականաչափ մերձեցման դեպքում հայկական կողմը պատրաստակամ կլինի Ադրբեջանի հետ ուղղակի
բանակցություններով հասնել խաղաղության եւ համագործակցության մասին միջպետական պայմանագրի
ստորագրմանը: ՀՀ-ն պետք է հայտարարի նաեւ զինադադարը առաջինը չխախտելու իր պատրաստակամության
մասին, ԼՂ-ն պետք է միավորվի ՀՀ-ին: Այդ պահին նրա՝ պաշտոնապես հայտարարված սահմանները
պետք է ընդգրկեն ԼՂՀ կողմից ներկայումս փաստացի վերահսկվող բոլոր շրջանները: Ընդ
որում, ԼՂ-ն պետք է ունենա այնպիսի կարգավիճակ, որը ենթադրում է մարզային ինքնակառավարման
մարմինների առկայություն: Հայաստանը (նաեւ ԼՂՀ-ն) միակողմանիորեն, անորոշ ժամանակով
սառեցնում է Ադրբեջանին բռնակցված հայկական Նախիջեւանի եւ Հյուսիսային Արցախի շրջանների
նկատմամբ իր հավակնությունները: ՀՀ-ն վերահաստատում է, որ միակողմանիորեն բացում
է իր տարածքով անցնող Ադրբեջանից Նախիջեւան եւ Թուրքիայից Ադրբեջան երկաթուղային
եւ ավտոմոբիլային ճանապարհները: Այդ ճանապարհներից օգտվելու համար սահմանվում է նշանակալի
ծավալի սահմանաչափ, որը համապատասխանաբար կավելացվի Թուրքիայի կողմից փաստացի տրամադրված
Հայաստան-Եվրոպա, իսկ Ադրբեջանի կողմից՝ ՀՀ-ՌԴ կամ Իրան տարանցիկ հաղորդակցության
ծավալների չափով: ՀՀ-ն միակողմանի հայտարարում է իր (ներառյալ ԼՂ-ի) տարածքում որոշակի
սահմանափակ թվով Ադրբեջանի քաղաքացիների՝ իրենց ծննդավայրերում բնակության իրավունք
տրամադրելու մասին: Տեւական եւ օրինապահ բնակությունից հետո նրանք նաեւ իրավունք
կունենան ստանալ ՀՀ քաղաքացիություն: Ադրբեջանի կողմից զինադադարը խախտելու, Ադրբեջանի
կամ Թուրքիայի կողմից թշնամական այլ գործողությունների դիմելու դեպքում Հայաստանը
հրաժարվում է իր միակողմանի պարտավորություններից»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել