Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ

Դեկտեմբեր 16,2004 00:00

ԵԹԵ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ… Աջակցություն էլ անպայման կլինի Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովը, որին հրավիրվել էին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը օրակարգի հարցերը ներկայացնելուց եւ հաստատելուց հետո վերջին մեկուկես տարվա ընթացքում կատարված հաշվետվությունը ներկայացնելու համար ձայնը տվեց գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանին: Նա խոսեց 2003 թվականի ապրիլի 23-ից, երբ ստեղծվեց ֆեդերացիայի ղեկավարության նոր կազմ, հետո՝ կատարված աշխատանքների մասին: Ըստ նրա ներկայացրածի, հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիայի գործունեության հիմնական ուղղությունները եղել են նժույգավարման արվեստով զբաղվող եւ հետաքրքրվող մարզական ակումբների, անձանց հետ սերտ համագործակցություն հաստատելը, բոլորին խորհրդատվական, մեթոդական օգնություն ցույց տալը: Այդ նպատակով կազմակերպվել են սեմինարների հատուկ նախատեսված շարքեր, որոնցում նրանց ծանոթացրել են մարզաձեւի կազմակերպման եւ զարգացման ժամանակակից հիմնահարցերին: Այդ աշխատանքների առավել արդյունավետությանը նպաստել են ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի ղեկավար անձանց եւ այլ ներկայացուցիչների անմիջական ներկայությունն ու գործնական մասնակցությունը: Արդյունքը եղել է այն, որ կազմակերպվել են համատեղ հավաքներ, ժամանակակից առաջավոր փորձի փոխանակում: Ֆեդերացիայի գործունեության կարեւոր ուղղություններից եղել է հանրապետությունում մարզաձեւով զբաղվող կամ դրան առնչվող ակումբների թվաքանակի ավելացումը, դրանց բազայի հիման վրա երկրի հավաքական թիմերի կազմավորումը, լավագույն մարզիկներին ներհանրապետական եւ հանրապետությունից դուրս կազմակերպվող միջազգային մրցումների մասնակցության ապահովումը, բոլոր տարիքային խմբերի հանրապետական առաջնությունների, Հայաստանում միջազգային մրցումների կազմակերպումը, որոնց ընթացքում ի հայտ են բերվել նաեւ երիտասարդ, շնորհալի կադրեր: Հաշվետու ժամանակաշրջանում ծավալած նպատակային գործունեության շնորհիվ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան արժանացել է միջազգային ֆեդերացիայի պատշաճ ուշադրությանը: Դրա համար հիմք է ծառայել հանրապետությունում վերջին մեկուկես տարում մասնագիտական մարզական ակումբների թվաքանակի շեշտակի աճը, որոնց թիվը ներկայումս անցնում է մեկ տասնյակից: Դրանք արդեն իրենցից ներկայացնում են մեր երկրում միմյանց միջեւ պոտենցիալ մրցակիցներ: Եվ հուսադրող է, որ ակումբների ձեւավորման գործընթացը շարունակվում է ու մարզաձեւով զբաղվել ցանկացողների թիվն էլ մեծանում է: Այս ամենը հանգեցրել է նրան, որ ամսեամիս ավելանում է նաեւ հովանավորների, ձիասերերի ու սեփականատերերի թիվը: Ն. Ստեփանյանը նշեց, որ իրենց կարեւորագույն նպատակներից են նաեւ մարզերում ակումբների ստեղծումը, ԶԼՄ-ների աջակցությամբ ձիասպորտի պրոպագանդումը հանրապետությունում, եւ անչափ կարեւորեց ինտերնետային էջի ստեղծումը, պատանիների եւ դպրոցահասակ երեխաների համար մարզաձեւով անվճար զբաղվելու հնարավորություն ստեղծելը… Սակայն Հայրապետ Հայրապետյանը մասնագետներին եւ նիստի մյուս մասնակիցներին հորդորեց ավելի շատ քննադատական ելույթներ ունենալ, որպեսզի իրենք կարողանան հետագա աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպել: Եվ ինքն էլ օրինակ ծառայեց՝ դժգոհություն արտահայտելով հատկապես պատանիների շրջանում մարզաձեւի մասսայականացման ուղղությամբ մարզիչների կատարած աշխատանքից: Իր ելույթում ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիայի ֆինանսական գործունեության ուսումնասիրության մանրամասն վերլուծությունը, որտեղ առավել կարեւոր էր այն փաստի արձանագրումը, որ ֆեդերացիայի գանձարկղ մտած բոլոր տեսակի գումարների մուտքը, իսկ դրա առյուծի բաժինը՝ 9 մլն 440 հազար դրամ (ընդհանուր մուտքերի 54 %-ը), ֆեդերացիայի նախագահի անձնական միջոցներից է, եւ կատարված ծախսերը ըստ էության համապատասխանում են միմյանց: Բայց նաեւ հատուկ շեշտեց, որ իր նշած թվերի մեջ բացակայում է պետական ֆինանսավորումը: Հատկապես այս հարցով Հ. Հայրապետյանը ասաց, որ եթե բոլոր ֆեդերացիաները պետությունից ֆինանսավորում պահանջեն, ոչինչ էլ չի լինի, այդքան հնարավորություն չկա: Դրա համար էլ ինքը, որպես ֆեդերացիայի նախագահ, ավելի շատ գերադասում է աշխատանքները կազմակերպել ինքնուրույն եւ ֆեդերացիայի անդամների ու հովանավորների աջակցությամբ: Իսկ համաժողովին ներկա Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Արմեն Գրիգորյանն ավելացրեց, որ ձիասպորտի ֆեդերացիայի ու Սպորտպետկոմի միջեւ կնքված եւ մինչեւ այժմ գործող պայմանագրով նախատեսված է եղել հետեւյալ դրույթը. քանի որ ձիասպորտի կենտրոնը տրվում է «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, հետեւաբար բազայի շահագործումը եւ մնացած բոլոր ծախսերը կատարել պարտավորվել է նույն ընկերությունը: Բայց նաեւ ավելացրեց. «Քանի որ այս ֆեդերացիան մեր կայացած եզակի կազմակերպություններից է, որ աշխատում է նորմալ եւ ունի գործունեության հստակ ծրագիր, եկող տարվանից հանրապետության առաջնությունների ֆինանսավորումը կկատարի Սպորտպետկոմը»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել