Լրահոս
Օրվա լրահոսը

Մանանա՝

Դեկտեմբեր 16,2004 00:00

Մանանա՝ մեծահասակների համար Երեկ ՆՓԱԿ-ում ներկայացվեցին «Մանանա» մանկապատանեկան-կրթամշակութային կենտրոնի սաների լուսանկարչական աշխատանքներն ու միջազգային կինոփառատոներում մրցանակներ շահած ֆիլմերը: «Մանանա» կենտրոնի ղեկավար Ռուզաննա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ «ճաքճքան ձմեռվա ցրտին» իրենց հյուր գալու համար: Ըստ նրա, ցուցահանդեսի խորագիրը՝ «Աշխարհը երեխաների աչքերով», պատահական չի ընտրված. «Երեխաները աշխարհը միայն վարդագույն չէ, որ տեսնում են… հաճախ մտածում ենք, թե նրանք շատ բաներ չեն հասկանում ու նկատում, իրականում երեխաները շատ լուրջ, հասուն եւ զարմանալի աշխարհընկալում ունեն»: Ամեն տարի ավանդույթի համաձայն կենտրոնի սաները ֆիլմեր են պատրաստում երեխաների հաղորդակցության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է դեկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Այդ օրը ամբողջ աշխարհում հեռուստաընկերությունները եթեր են տրամադրում երեխաներին: «Մեր սաները 4 նոր ֆիլմ էին պատրաստել՝ «Աշխարհը՝ հարմար երեխաներին» խորագրով, սակայն ցուցադրելու հնարավորություն այդպես էլ չունեցան»,- նշեց կենտրոնի տնօրենը: Ի դեպ, վերջերս ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում կայացած PhotoShare միջազգային ֆոտոմրցանակաբաշխության «Ժողովրդավարություն եւ իշխանություն» անվանակարգի գլխավոր մրցանակը շնորհվել է «Մանանա» կենտրոնի 14-ամյա սան Մուշեղ Բաղդասարյանին՝ «Տեղ արեւի տակ» լուսանկարի համար: Ներկայումս «Մանանայի» սաների վիրտուալ ցուցադրություն է կազմակերպված նաեւ Մյունխենի ժամանակակից արվեստի թանգարանում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաջողություններ են գրանցել նաեւ «Մանանայի» պատանի կինոգործիչները: Նոյեմբերին Մինսկի Մանկական եւ երիտասարդական տեսաֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնում նրանք ստացել են բոլոր մրցանակները՝ «Կարճ ֆիլմ» անվանակարգում: Նույն ամսին Ամստերդամում կայացած OneMinuteJr կինոփառատոնում 13-ամյա Նարինե Դանեղյանի «Կավճանկար» ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույնը աշխարհում» անվանակարգում: Դեկտեմբերին կայացած Չիկագոյի միջազգային կինոփառատոնում, որն անվանում են «մանկապատանեկան ֆիլմերի Կանն», մանկական լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը տրվել է Մուշեղ Բաղդասարյանի «Ներխուժում» ֆիլմին: Այդ մրցանակին հավակնում էր նաեւ կենտրոնի մեկ այլ սանի՝ էլեն Գյուլնազարյանի «Վալս» ֆիլմը: «Իմ ֆիլմում տանկի վրա երեխաները խաղում են, նրանք «զավթել» են տանկը եւ այն ավելի խաղաղ դարձրել: Երեխաների մանկության, ժպիտների ու բարության շնորհիվ մահաբեր տանկը վերածվում է խաղալիքի»,-«Ներխուժումն» այսպես ներկայացրեց Մուշեղը: Հուզիչ եւ ինքնատիպ էին մյուս ֆիլմերը եւս՝ թեկուզ քարի վերամշակման արտադրամասում աշխատող իրենց հասակակցի մասին աշխատանքը: Սաքո անունով կակազող երեխան օրվա հաց է վաստակում ծանր աշխատանքով՝ միաժամանակ երազում «տարբեր երկիրներում լինել՝ Ճապոնիա, Իտալիա, Թուրքաստան»: Մեկ այլ ֆիլմում փոքրիկները փորձում են իրենց կավճանկարները անձրեւանոցով պաշտպանել ջրցան մեքենայի «ոտնձգությունից», մյուսում՝ տանկը որոտում է՝ գունեղ հրավառություն արձակելով: Երեխաները մեծահասակներին ստիպված են ամեն անգամ հիշեցնել սեւակյան հայտնի միտքը՝ «Աշխարհին մանկան մաքրություն է պետք»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել