ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ՝ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԻ ՄԵՋ Երկու շաբաթից տասնյակ ավիատորներ գործազուրկ կդառնան ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են ավիացիայում տիրող իրավիճակին, սակայն հանրությանը այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպե՞ս եւ ո՞ւմ մեղքով սնանկացվեց «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ, արդյոք մարվե՞ց ընկերության մոտ 25 մլն դոլարի պարտքը (այդ թվում՝ գործազրկված աշխատակիցների աշխատավարձի մասով), ինչպե՞ս մասնավորեցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Սկսեց գործել 2 ավիաընկերություն՝ «Արմավիան» եւ «Հայկական միջազգային ավիաուղիները»: Վերջինս Հայաստանում միակ ավիաընկերությունն է, որն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է ավիատորների խնդրանքներին: Այս ընկերության՝ օդուղիների շահագործման ժամկետը լրանում է 2004թ. դեկտեմբերին եւ եթե այն չերկարացվի կամ նոր օդուղիներ չտրամադրվեն, ապա այս՝ արդեն կայացած ավիաընկերությունը կդադարեցնի իր գործունեությունը եւ դարձյալ մի քանի հարյուր ավիաաշխատողներ կզրկվեն աշխատանքից: Հանրությունը տեղյակ է, որ գործազուրկ ավիատորները փորձում են հանապազօրյա հացը վաստակել հանրապետությունից դուրս՝ անտանելի դժվարին պայմաններում. օրինակ՝ Աֆրիկայում: Իսկ արդյունքները ողբալի են՝ կան բազմաթիվ զոհեր կամ, լավագույն դեպքում, 26 տարով դատապարտվածներ: Իսկ օդանավակայանում, իհարկե, կլինեն ներդրումներ եւ կկատարվեն շոշափելի փոփոխություններ: Սակայն դրանք կկատարվեն ոչ թե սեփականատիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի միջոցների հաշվին, այլ ավիացիոն սպասարկումների գների թանկացման հաշվին կամ նույնն է՝ թե մեր ժողովրդի հաշվին: Միեւնույն ժամանակ, ավիացիայի բնագավառի տնօրինումը հանձնարարված է ավիացիայի գլխավոր վարչությանը, որի ղեկավարումը հանձնվեց ավիացիայից հեռու մարդկանց: Գլխավոր վարչությունում եւ համակարգի փակ բաժնետիրական ընկերություններում կատարվում է ավիացիոն մասնագետների «ջարդ», նրանց փոխարինելով խնամի-բարեկամ-ծանոթներով: Պատահական մարդիկ բարձր աշխատավարձերով «խցկվում են պաշտոնների», իսկ արցախյան պատերազմի հերոս օդաչուները եւ ավիացիոն ոլորտի բարձրակարգ մասնագետները մնում են անգործ, օրվա հացի կարոտ: Մի՞թե ժամանակը չէ, որ այսօրվա իշխանավորները գնահատեն ավիացիայի դերն ազգային անվտանգության հարցում: ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Նախկինում «ՏՈՒ 154» ինքնաթիռի ղեկապետ (շտուրման) ՀՄԱ-ն շանս չունի Ինչպես հայտնի է, «Հայկական միջազգային ավիաընկերությունը» (ՀՄԱ) հունվարի 1-ից զրկվելու է չվերթների սպասարկման լիցենզիայից, որը բխում է ՀՀ կառավարության, «Սիբիր ավիաուղիների» եւ «Արմավիայի» միջեւ կնքված ներդրումային պայմանագրից: Հաշվի առնելով ՀՄԱ-ի արդյունավետ աշխատանքը, ավիացիայի ոլորտի մասնագետները հուսով էին, որ կառավարությունը ինչ-որ տարբերակ կգտնի: Սակայն երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հաստատեցին, որ հունվարի մեկից դադարեցվելու են ՀՄԱ-ի՝ ավիաուղիների սպասարկման լիցենզիաները: Եվ չնայած դեռեւս տարեսկզբին էր հայտնի, որ «Հայկական միջազգային ավիաուղիների» համար կառավարությունը աշխատանքը շարունակելու հնարավորություն չի ստեղծելու, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, ավիաընկերությունը մինչեւ օրերս էլ պայքարում էր հետագա աշխատանքի հնարավորությունը չկորցնելու համար: Մեր տեղեկություններով, ընկերությունը նույնիսկ փորձել է նախկինում «Հայկական ավիաուղիների» կողմից չսպասարկվող ուղղությունների շահագործման իրավունք ձեռք բերել, սակայն կառավարությունից այդպես էլ արձագանք չի ստացել: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Արմավիան», բացի պայմանագրով ստանձնած պարտադիր ուղղություններից, նաեւ իրավունք ունի շուրջ 20 ավիաուղղություններով չվերթեր իրականացնել, ինչպես նաեւ հրաժարվել այդ իրավունքից: Ավիաընկերությունից հայտնեցին, որ դրանց մի մասն իրականացվում է չարտերային եղանակով, ինչպես նաեւ ավելացրին, որ որեւէ չվերթից «Արմավիան» չի հրաժարվել: Ի դեպ, որոշ մասնագետներ տեսակետ ունեն, որ Քաղավիացիայի վարչությունը կարող է իրավաբանական հիմնավորումներ գտնել այդ չվերթերի սպասարկման իրավունքը այլ ավիաընկերության հանձնելու համար: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ