Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ

Դեկտեմբեր 16,2004 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ Երկուշաբթի Փարիզում կայացած ԵԽԽՎ բյուրոյի նիստում միաձայն որոշվել է 2005թ.-ի հունվարի 23- 28-ը կայանալիք նստաշրջանի օրակարգի նախնական նախագծում ընդգրկել Ղարաբաղի հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը: Բյուրոյում չի քննարկվել զեկույցի բովանդակությանը վերաբերող որեւէ հարց: Այդ մարմնում Հայաստանը ներկայացված չէ, այն դեպքում, երբ ԵԽԽՎ փոխնախագահ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը բյուրոյի կազմում է: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը Փարիզից մեզ հեռախոսով հայտնեց, թե Աթկինսոնի զեկույցի հաջորդ քննարկումը կլինի այնժամ, «երբ Վեհաժողովը կքննարկի ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգը, կհաստատի այն: Այդ ժամանակ կսկսի գործել ժամանակացույցը, ըստ որի՝ պետք է ներկայացվեն փոփոխությունների նախագծեր: Եվ միայն այդ ժամանակ քաղաքական հարցերի հանձնախմբում հանձնաժողովը նորից կանդրադառնա այդ հարցին՝ քննարկելով եւ իր կարծիքը հայտնելով այդ փոփոխությունների նախագծերի շուրջ»: Ակնհայտ է, որ Հայաստանն առաջարկելու է որոշ փոփոխություններ: Տիգրան Թորոսյանը նաեւ որոշ մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնախմբի վերջին նիստից, որտեղ քննարկված հիմնական հարցը բանաձեւի մի նախագիծ է եղել. «Այն բոլորովին նոր մոտեցումներ է առաջարկում դիտարկման գործընթացի առնչությամբ: Եվ կան մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են Եվրախորհրդի հին եւ նոր անդամների միջեւ ձեւական տարբերությունների վերացմանը: Զեկույցը ներկայացրել էր ՌԴ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովը, որը հիմնավորելու համար իր խոսքը՝ օրինակներ բերեց, որոնցից Հայաստանի հասարակության համար գուցե առավել հետաքրքիր լինի Թուրքիայի օրինակը: Նա մատնանշեց, թե Թուրքիան չի կատարել մի շարք պարտավորություններ, բայց որքան էլ տարօրինակ է՝ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում վերացվեց դիտարկումն այդ երկրի նկատմամբ, մինչդեռ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը, որոնք, ըստ նրա՝ շատ ավելի հաջող են կատարում պարտավորությունները՝ ինչ-ինչ պատճառաբանություններով դեռեւս մնում են դիտարկման շրջանակներում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել