Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ

Դեկտեմբեր 16,2004 00:00

Սփյուռքահայ «կորպուս»՝ Բրյուսելում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին առնչվող լուրերն այս օրերին իրավամբ top news կարգավիճակ ունեն ողջ աշխարհում: Երեկ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորները փակ քվեարկություն են անցկացրել ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Ըստ այդմ, հավանություն է տրվել Անկարայի հետ բանակցություններ սկսելու գաղափարին, սակայն առաջադրվել են մի շարք, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներ: Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի նախագահ Խոսե Բորելի խոսքերով, միայն Եվրամիությունը կարող է վերջնական որոշում կայացնել Անկարայի հետ բանակցությունները սկսելու մասին, եւ նա պարտավոր չէ ղեկավարվել Եվրախորհրդարանի ցուցումներով: Բանակցությունների ավարտից հետո, եթե դրանք այնուամենայնիվ սկսվեն, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ վերջին խոսքը կմնա Եվրախորհրդարանին, նշել է Բորելը: Իր հերթին Անկարան հպարտ վիրավորանքի փոքրիկ ցույցեր է անում: «Թուրքիան կարող է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից, եթե նրան անիրագործելի պահանջներ ներկայացվեն»: Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ նշելով, որ դրանց թվին են պատկանում Կիպրոսի խնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված պահանջները: Բացի այդ, ըստ Էրդողանի, Թուրքիային ձեռնտու չէ երկրից Եվրամիության երկրներ աշխատուժի ներհոսքի արգելումը: «Թուրքիային կբավարարի միայն լիակատար անդամակցությունը, ոչ թե հատուկ կարգավիճակը»,- հայտարարել է Էրդողանը: Ինչպես եւ կարելի էր սպասել, Բրյուսելում կայանալիք քննարկումների նախաշեմին խիստ ակտիվացել են սփյուռքահայ շրջանակները: Բազմաթիվ սփյուռքահայեր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին կոչ են արել խոչընդոտել ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը, քանի որ վերջինս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ֆրանսիական «Լիբերասիոն» թերթում հրապարակված կոչը, որն ստորագրել են Հայկական սոցիալիստական կուսակցությունը, Հայկական աջ լիբերալ կուսակցությունը եւ Հայ դատի պաշտպանության կոմիտեն: Կոչի տեքստում, մասնավորապես, ասվում է. «Առաջիկա ուրբաթ օրը Բրյուսելում 10 հազար մարդ սպասելու է Եվրամիության գագաթաժողովի որոշմանը: 60 միլիոն ֆրանսիացիներ նույնպես սպասում են Ձեր դիրքորոշմանը: Մեզ հուսախաբ մի արեք»: Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 17-ին «Եվրամիության ղեկավարների վրա ճնշում գործադրելու նպատակով» սփյուռքահայերը բողոքի ցույց են անցկացնելու Բրյուսելում, որտեղ որոշվելու է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ժամկետը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել