Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ

Դեկտեմբեր 16,2004 00:00

Ո՞վ է հրատարակել Ն. Հունանյանի գիրքը Եվ մի՞թե դժվար է հայտնաբերել ոճրագործի գաղափարները տարածող հրատարակչությունը Դեռեւս դեկտեմբերի 11-ին ե՛ւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ե՛ւ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ի պատասխան «Առավոտի» հարցին, «շատ վատ» գնահատեցին «Հոկտեմբերի 27»-ի քրգործով ցմահ բանտարկության դատապարտված Նաիրի Հունանյանի՝ «Իմը» գրքույկի տպագրումը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ իր հերթին էր հայտարարել, թե դատապարտում է գրքի հրատարակումը՝ հավելելով, թե կփորձի սեփական ուժերով ճշտել գրքույկը տպագրողին եւ հովանավորին: Ի դեպ, նման խոստում տվել էր նաեւ ԵԿՄ վարչության նախագահը: Վարչապետի համապատասխան հանձնարարականը Ազգային անվտանգության ծառայությանը, հավանաբար, բավարար չէր հարցը պարզելու համար: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ ԱԱԾ-ն փորձե՞լ է ի հայտ բերել գրքույկի հովանավորին եւ այն տպարանը, որտեղ տպագրվել է այն: ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար պարոն Բագրամյանը երեկ, ի պատասխան մեր հարցադրմանը, ասաց, թե ինքը պատրաստ չէ պատասխանել՝ ԱԱԾ-ն արդյո՞ք այդ խնդրով զբաղվում է, թե՞ ոչ, թեեւ խոստացավ, որ առաջիկա օրերին կիմանա ու կասի: Մի քանի իրավապաշտպանների եւ փաստաբանների հետ զրույցից պարզվեց, որ Ն. Հունանյանի գրառումները մեկուսարանից դուրս բերելու մեջ «կրիմինալ» չկա: Նա իրավունք ուներ իր գրառում-նամակները ուղարկել ցանկացած հասցեատիրոջ: Եթե նախկինում դրա համար անհրաժեշտ էր մեկուսարանի վարչակազմի թույլտվությունը, ապա հիմա դա էլ չկա: Այդուհանդերձ, օրինախախտումը մի հարցում ակնհայտ է. որեւէ գրքույկ հրատարակելիս անպայման պետք է նշում լինի գիրքը տպող հրատարակչության, տպարանի եւ տպաքանակի վերաբերյալ, որը կոնկրետ դեպքում բացակայում է: Փոխարենը հայտնի է, որ Հունանյանի՝ շուրջ 99 էջանոց «ստեղծագործությունները» տպագրված են «աստրա լյուքս» կոչվող բարձրորակ թղթի, իսկ շապիկը, մասնագետների խոսքերով, «գրանտվի» թղթի վրա: Դա բավական թանկարժեք թուղթ է եւ այն, որպես կանոն, ոչ մեծ քանակներով եւ սահմանափակ թվով մարդիկ են Հայաստան ներկրում: Այսօր ՀՀ-ում գործում է շուրջ 46 տպարան, որոնցից, սակայն, միայն 5-6-ը կարող են նման որակի գիրք հրատարակել։ Հավանաբար, դժվար չէ դա ստուգել՝ տպարանների ֆինանսական փաստաթղթերից: 2001-2002 թթ.-ին ոճրագործի՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին հասցեագրված նոթեր-վերլուծությունները տպագրելու մասին խոսք գնացել է: Այն ժամանակ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը Հունանյանից ստացել էր 70 էջանոց դիմում, ուր նա «բացատրել է» իր կատարած ոճրագործության շարժառիթները՝ քննադատելով Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի իշխանության ժամանակահատվածը: Պ. Հայրիկյանն ակնարկել էր, թե իրեն առաջարկել են այդ դիմումը տպագրել, բայց ինքը հրաժարվել է՝ դա բացատրելով, թե ինքը չի հրապարակի ահաբեկչի կողմից գրած որեւէ բան, որովհետեւ դատապարտում է ցանկացած շարժառիթով իրականացրած ահաբեկչությունը: Պ. Հայրիկյանն օրերս կրկնեց իր այդ միտքը, երբ մենք նրան հիշեցրինք 2-3 տարվա վաղեմության մեր այդ զրույցը: Նա, թեեւ դժվարությամբ, հիշեց այդ դիպվածը՝ նկատելով, թե հիմա խոսքը բանաստեղծությունների ժողովածուի մասին է, բայց միաժամանակ նկատեց, թե այն ժամանակ այդ առաջարկը լուրջ բնույթ չի կրել ու իմիջիայլոց է ասվել, գուցե նաեւ՝ կատակով: Թե ի՞նչ ճակատագիր է ունեցել Հունանյանի՝ մարդու իրավունքների հանձնաժողովին ուղղված դիմումը, Պ. Հայրիկյանն ասաց, թե ինքն այդ դիմումը այդպես էլ թողել է հանձնաժողովում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Ցանկացած դեպքում, անկախ այն բանից՝ կա այս գրքի հրատարակման մեջ օրինախախտում, թե՝ ոչ, պետության դեմ իրականացված այս ոճրագործության հեղինակին ամբիոն տրամադրելը բարոյական տեսակետից խիստ խոցելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել