Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿ-ՇՈՈՒՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է

Դեկտեմբեր 16,2004 00:00

ՀՄԱՅԱԿ-ՇՈՈՒՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է Ավանդների վերադարձման մասին հարցը կքննարկվի մինչեւ Նոր տարի Երեկ պարզեցինք, որ Հմայակ Հովհաննիսյանը ոչ թե գիշերել է խորհրդարանում, ինչպես խոստացել էր, այլ ուրվականի պես շրջել է քաղաքում՝ ստորագրություններ հավաքելու նպատակով: Հմայակի այս գիշերն իզուր չէր անցել: Պատգամավորին հաջողվեց հավաքել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար հարկավոր ձայները, մի բան էլ ավելին, քանի որ 44-ից ավելի ձայները պատգամավորին իրավունք են տալիս որոշել նաեւ արտահերթի օրն ու ժամը: Այսպիսով, դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կքննարկվեն ավանդների վերադարձման բոլոր երեք օրինագծերը: Համենայնդեպս, ՀՀ նախագահը որեւէ պատճառ չունի այդ արտահերթի մասին հրամանագիր չհրապարակելու, եթե, ինչպես ասում են, գնա միայն սահմանադրական ճանապարհով: Երեկ ԱԺ-ում որեւէ մեկը չէր էլ մտածում, որ Հմայակ Հովհաննիսյանին սիրուն աչքերի համար է հաջողվել հավաքել բավարար քանակով ստորագրություններ: Բոլորն էլ վստահ էին, որ պատգամավորի թիկունքին բավականին ազդեցիկ ուժ կա: Բոլորը գիտեին, թե նա ով է, բայց առայժմ հրապարակավ չէին խոսում այդ մասին: Կարծիքներ էին հնչում, որ կատարվածն ուղղված է նախ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դեմ՝ վերջինիս հասկացնելու համար, որ ինքն ամենեւին էլ մեծամասնություն չունի խորհրդարանում: Երկրորդ՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմ, որպեսզի վերջինիս էլ ցույց տրվի, որ իրեն կարելի է հարվածել իր իսկ խաղաքարով: Իսկ Դաշնակցությանը այս քայլով ասվեց, որ իրական ուժն ուրիշ տեղում պետք է գտնել: Հմայակ Հովհաննիսյանը երեկ ասաց, որ արտահերթում օրինագծերը կքննարկվեն ըստ ներկայացման ժամանակացույցի: Առաջինը կքննարկվի Վիկտոր Դալլաքյանի հեղինակած՝ «Արդարություն» խմբակցության օրինագիծը, հաջորդը՝ ՕԵԿ-ի ներկայացրածը եւ երրորդը՝ ավանդների վերադարձման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովինը: Այս երեք օրինագծերում բավականին շատ են տարբերությունները, սակայն ամենասկզբունքային տարբերությունը հետեւյալն է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված օրինագծում ավանդները չեն ճանաչվում պետության ներքին պարտք, այն դեպքում, երբ ավանդները ներքին պետական պարտք են ճանաչվում Վ. Դալլաքյանի եւ ՕԵԿ-ի կողմից ներկայացված օրինագծերում: Սակայն, եթե նույնիսկ օրինագծերը քննարկվեն առանց արտառոց պատահարների, միեւնույն է՝ վարչապետը բազմիցս է հայտարարել, որ ոչ 2005-ի, ոչ էլ առաջիկա տարիների բյուջեներում հնարավոր չէ գումար հատկացնել ավանդների վերադարձման համար: Ուրեմն ի՞նչ է լինելու, դարձյա՞լ խաբելու են հասարակության որոշակի շերտի: Հմայակ Հովհաննիսյանը, պարզվում է, հաշվարկել է դա եւ այս կապակցությամբ ասաց. «Ինչո՞ւ եմ ձգտում, որպեսզի նստաշրջանը հրավիրվի ամսի 20-ին, իմ պայքարի ամբողջ տրամաբանությունը ուղղված է նրան, որ այս բյուջեում գոնե ամենատարեց քաղաքացիների համար այս հարցը լուծվի»: «Հանրապետական» խմբակցությունում երեկ առանձնապես երջանիկ չէին: Այս խմբակցությունը միակն է, որի անդամներից որեւէ մեկը չի ստորագրել այդ փաստաթղթի տակ՝ բացառությամբ Ռաֆիկ Պետրոսյանի, որը ստորագրել է որպես «Ժողպատգամավոր» խմբի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ բավականին կոշտ հայտարարություններ արեց, թե իր կոալիցիոն գործընկերների, թե ընդդիմադիրների հասցեին: Պարոն Սահակյանը բոլորին առաջարկեց հանել դիմակները: Նա, փաստորեն, ՕԵԿ-ին եւ ընդդիմությանը մեղադրեց համագործակցության մեջ: «Վերլուծությունը հետեւյալն է, որ կոալիցիայի մեջ գտնվող կուսակցություններից մեկը որոշակի դաշնային փոխհարաբերությունների մեջ է ընդդիմության հետ: Կարծում եմ՝ ավելի լավ կլինի երկու կողմերն էլ դիմակները հանեն եւ իրենց իրական տեսքով երեւան հասարակությանը»: Այսինքն՝ կոալիցիան կքանդվի՞: «Հնարավոր է կոալիցիան չպառակտվի, բայց անընդհատ խնդիրներ ունենա, քանի որ ստորագրված հուշագրում, որը «ԸՕ»-ի հետ կապված շարունակ մատնացույց է արվում, ավանդների խնդիր չկա, չկա ավանդների խնդիր կառավարության ծրագրերում»,- նշեց պրն Սահակյանը: Ընդդիմությունը բավականին ակտիվ մասնակցություն ուներ արտահերթի հրավիրման գործընթացին, քանի որ ավանդների վերադարձման խնդիրը կարող է դառնալ այն հարցը, որին չմասնակցելը հերթական անգամ կհիասթափեցնի հասարակությանը: Ավանդների խնդրից ընդդիմությունն էլ իր բաժին «շագանակներն» է ուզում ստանալ: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին փոխանցելով այն կասկածները, որ 66 ստորագրությունը Հմայակ Հովհաննիսյանը չէր կարող հավաքել առանց հզոր մեկի հրահանգի, հարցրինք, եթե այդպես է, ուրեմն ի՞նչ շահ է հետապնդում այս խաղում ընդդիմությունը: «Քանի որ ընդդիմությունը, կոնկրետ՝ «Արդարություն» խմբակցությունը ունի իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ավանդների վերադարձման հարցի մասին, եւ որը ընդգրկված է ԱԺ նստաշրջանի օրակարգ, ապա շատ տրամաբանական է, որ ժողովրդին չափազանց հուզող այս հարցի քննարկումներին ընդդիմությունը մասնակցի: Իսկ թե ով ի՞նչ մոտիվներով է առաջնորդվում՝ մեզ չի հետաքրքրում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել