Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ

Դեկտեմբեր 16,2004 00:00

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱԺ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել նախաձեռնություն, ըստ որի՝ ԱԺ վերահսկիչ պալատը զրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողական գործառույթից: Տվյալ նախաձեռնությունը, որ 2 տողանոց օրենքի նախագիծ է «ԱԺ վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ՝ պիտի քննարկվեր վերջին արտահերթ նստաշրջանում, սակայն հետաձգվեց մինչեւ փետրվար: Այս փոփոխության հետ ներկայացվել է նաեւ մեկ այլ նախաձեռնություն, ըստ որի՝ մասնագիտական եւ իրավական վերահսկողության գործառույթը վերապահվում է մարզպետարաններին, բայց այստեղ որեւէ բառ չկա ֆինանսական վերահսկողության մասին: Մինչդեռ համայնքները պետբյուջեից փոքր գումարներ չէ, որ ստանում են: Ասենք, 2002-ին պետբյուջեից համայնքները ստացել են 7,6 մլրդ դրամ դոտացիա, 2003-ին՝ 9,2, իսկ 2004-ին՝ 13,7 մլրդ դրամ: «Սահմանադրության 77 հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն վերահսկում է պետբյուջեից հատկացված բոլոր միջոցները»,- մեր զրույցի ընթացքում հիշեցրեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը: Մեր հարցին՝ ուրեմն ինչո՞վ է թելադրված վերահսկողությունը վերացնելու այս նախաձեռնությունը, պրն Ոսկանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, քանի որ ներկայացված փոփոխության հիմնավորումն էլ շատ հիմնավորված չէ: Կառավարությունն ուղղակի առաջարկում է հանել օրենքից մեր այն գործառույթը, ըստ որի՝ իրավունք ունենք վերահսկել պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը համայնքներին: Ինձ համար էլ է անհասկանալի, թե ինչպե՞ս է ծնվել այս միտքը: Միայն պետք է նշեմ, որ Հայաստանը 1998-ից անդամակցում է INTOSA-ին (Գերագույն վերահսկիչ ատյանների միջազգային կազմակերպություն), եւ ըստ այդմ՝ ընդունել ենք Լիմայի 1977-ի հռչակագիրը, որի մի հոդվածի համաձայն՝ «պետական ֆինանսները, անկախ ազգային բյուջեում դրանց արտացոլվածությունից, պետք է հանդիսանան բարձրագույն վերահսկիչ մարմնի վերահսկողության օբյեկտ»: Ինչպես տեսնում եք՝ սա վերաբերում է նաեւ համայնքային բյուջեներին: Այս հռչակագրից եւ INTOSA-ին անդամակցությունից ելնելով՝ 1999-ին «ԱԺ վերահսկիչ պալատի մասին» օրենքում կատարվել է փոփոխություն՝ լրացվել է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը: Դրանից հետո ՎՊ կառուցվածքում ստեղծվել է համայնքների նկատմամբ վերահսկողության ստորաբաժանում»: Ուշագրավն այն է, որ թեեւ կառավարությունը չի հրաժարվել այս նախաձեռնությունից՝ այն կքննարկվի գարնանային նստաշրջանում, սակայն հենց ՀՀԿ խմբակցությունն է ԱԺ վերահսկիչ պալատի 2005-ի ծրագրում առաջարկել շարունակել համայնքների նկատմամբ վերահսկողությունը: Եվ այդ ծրագիրն արդեն հաստատվել է: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ԱԺ վերահսկիչ պալատի 2004-ի ծրագրում էլ էին նախատեսված ուսումնասիրություններ պետբյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների եւ համայնքների բյուջեների ձեւավորման ՀՀ օրենքներին համապատասխանության վերաբերյալ: Գագիկ Ոսկանյանը հայտնեց, որ ուսումնասիրություններ են անցկացրել Երեւանի Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում: Հայտնաբերել են բազմաթիվ թերություններ եւ ապօրինություններ՝ ե՛ւ հատկացված լրացուցիչ դոտացիաների նպատակին ծառայելու, ե՛ւ գնումների, ե՛ւ հողի ու գույքի հարկերի վերաբերյալ: «Տեղական ինքնակառավարման մարմիններն այսօր կայացման փուլում են՝ գիտենք, թե ի՛նչ ձեւով են կազմակերպվում ընտրությունները, ովքե՛ր են երբեմն ընտրվում համայնքի ղեկավար կամ ավագանի՝ գրագիտության ի՛նչ աստիճանով եւ այլն»,- նկատեց ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը: «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքների համաձայն՝ պետք է վերահսկողություն իրականացնի նաեւ ավագանին. «Բայց այսքան ուսումնասիրությունների ընթացքում մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ որեւէ ավագանի ունենա գոնե մի արձանագրություն, թե ինչպես են վերահսկել ֆինանսները: Ոչ էլ որեւէ փաստ ունենք, թե իրականացվել է օրենքով սահմանված հնարավորությունը, որ ցանկության դեպքում ավագանին կարող է հրավիրել անկախ աուդիտ: Եվ հիմա այսօր Վերահսկիչ պալատին այս լիազորությունից զրկելը նշանակում է, որ համայնքի ղեկավարն ինչպես ուզենա՝ այնպես էլ կտնօրինի պետբյուջեի միջոցները»: Թերեւս հենց այս նպատակով էլ կառավարությունը փորձում է համայնքները դուրս բերե՞լ խորհրդարանի վերահսկողությունից՝ այդպիսով առավել ուժեղացնելով սեփական ազդեցությունը: Եվ արդյոք պատահականությո՞ւն է, որ այս նախաձեռնությունը հաջորդեց հենց համայնքներում իրականացված ուսումնասիրություններին: Սակայն ԱԺ վերահսկիչ պալատի նախագահը ձեռնպահ մնաց խնդրին քաղաքական հնչեղություն հաղորդող հարցերին պատասխանելուց. «Դա իմ մեկնաբանելու հարցը չէ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել