Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԵԿԵԼ ԳՐԻԶԼՈՎԸ

Դեկտեմբեր 16,2004 00:00

Հազիվ թե կոնյակ խմելու

Պաշտոնապես ՌԴ խորհրդարանի նախագահը եկել էր հայ-ռուսական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Սակայն, ըստ այլ աղբյուրների, Բորիս Գրիզլովը կարող էր Հայաստան գալ մի շարք այլ պատճառներով եւս: Օրինակ՝ հնարավոր է՝ եկել էր մերոնց համոզելու, որ զինվորական կոնտինգենտ չուղարկենք Իրաք: Կամ՝ Ուկրաինայում դեկտեմբերի 26-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաքվեարկության ժամանակ մերոնք «պաշտպանեն» ՌԴ ֆավորիտ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակը: Կա եւս մեկ, խիստ կենցաղային բացատրություն՝ եկել էր Նոր տարվա կոնյակը Հայաստանից տանելու: Սակայն սա եւս ենթադրություն է. ասում են՝ Բորիս Գրիզլովն այն բացառիկ ռուսներից է, որոնք խմել չեն սիրում: Համենայնդեպս, թեպետ երեկ նրա ծննդյան օրն էր (դարձավ 55 տարեկան), պարոն Գրիզլովը բացարձակապես սթափ էր:

Բորիս Գրիզլովը երեկվա համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով ուկրաինական զարգացումների եւ Կիեւում իր մասնակցությամբ կայացած բանակցությունների մասին, ասաց. «Այս իրավիճակում մենք առաջնորդվեցինք նրանով, որ կողմերը բավականին կոշտ էին տրամադրված միմյանց նկատմամբ. Յուշչենկոյի կողմնակիցները բառացիորեն գրավել էին Կիեւի կենտրոնը, եւ հնարավոր էր արյունահեղություն: Այդ պատճառով բանակցությունների գլխավոր խնդիրն էր երկու թեկնածուների հանդիպումը, եւ այն կայացավ, վերջին հաշվով այդ բանակցությունները հանգեցրին լարվածության թուլացման: Իհարկե, այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, ազդում է ամբողջ ԱՊՀ-ի վրա: Ուզում եմ հիշեցնել, որ ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ մոտ 400 դիտորդ կար ԱՊՀ-ից»: Իսկ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի ընտրված նախագահի հետ: Արթուր Բաղդասարյանը այս հարցում համաձայն էր Ռուսաստանի հետ: ՌԴ Պետդումայի նախագահը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ-ն Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու մասին Հայաստանի կառավարության որոշմանը, ասաց. «Հայաստանը սուվերեն պետություն է, եւ այն որոշումները, որ կընդունվեն այստեղ, սուվերեն պետության որոշումներ են: Մենք Հայաստանին վերաբերվում ենք որպես մեր բարեկամի, եւ ոչ մի կերպ դա չի ազդի մեր հարաբերությունների վրա: Դա կլինի պետության դիրքորոշումը: Մեր դիրքորոշումն այն է, որ ուրիշ պետություններում որեւէ գործողություն իրականացնելու որոշում կարող է կայացնել միայն ՄԱԿ-ը, եւ միայն այդ կազմակերպության մանդատով կարելի է անցկացնել միջազգային խաղաղապահական կամ այլ գործողություններ: Կան երկրներ, որոնք այլ կերպ են մտածում»: Իսկ ինչո՞վ է բացատրվում այն իրողությունը, որ վերջին շրջանում ՌԴ բացահայտ աջակցությունը վայելող երկրներում ընտրությունների արդյունքում իրար ետեւից պարտություն են կրում ՌԴ ֆավորիտ թեկնածուները: Բորիս Գրիզլովը այս հարցին պատասխանելով՝ ասաց. «Բավականին հստակ կարող եմ ասել, որ ՌԴ-ն այդ բոլոր ընտրություններում պաշտոնապես չի աջակցել որեւէ թեկնածուի: Սա իմ պաշտոնական պատասխանն է: Եթե այդ ընտրությունների ժամանակ օգտագործվում են քաղաքական տեխնոլոգիաներ, ապա դա կոմերցիոն ծրագիր է: Մեր քաղտեխնոլոգներն անվճար չեն աշխատում եւ ավելին՝ անվճար չեն աշխատի այլ պետություններում: Եթե այլ պետություններ վարձում են նրանց, երեւի կարծում են, որ դա արդարացված է: Եթե այդ իրավիճակում քաղտեխնոլոգները, որոնք աշխատում են կոնկրետ թեկնածուի համար, չեն ապահովում նրա հաղթանակը, ապա դա անհաջող քաղաքական ծրագիր է»:

Ամեն դեպքում, ՌԴ խորհրդարանի ղեկավարի այցը բավականին հագեցած էր նաեւ նոր նախաձեռնություններով: Օրինակ, Արթուր Բաղդասարյանի առաջարկով Բորիս Գրիզլովի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների խորհրդարանների նախագահների հովանավորությամբ ստեղծել համատեղ խորհուրդ, որը կխթանի երկու երկրների կիրառական եւ հումանիտար գիտությունների զարգացմանը, կամրապնդի երկու երկրների գիտնականների կապերը: Գործընթացները տեղի կունենան ՌԴ եւ ՀՀ ազգային ակադեմիաների ակտիվ մասնակցությամբ:

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել