Ըստ Արմեն Աշոտյանի, նրանք դեմ չէին
Մեկ օր առաջ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը, իսկ դրանից առաջ էլ Հայկական բժշկական ասոցիացիան իրենց դժգոհությունը հայտնեցին կառավարության նոյեմբերի 18-ի որոշման կապակցությամբ:
Ըստ այս որոշման, պաշտպանության նախարարությունը բանակ կզորակոչի բժշկական գիտությունների թեկնածուներին, ինչպես նաեւ երեք եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաներին:
Շտապենք ասել, որ կառավարության որոշմանը հիշյալ կազմակերպությունները բավական ուշ արձագանքեցին, երբ արդեն ծանուցագրերը հասցրել էին հասցեատերերին: Եվ դեկտեմբերի 13-ին արդեն լրացվեց այն պակասը, որ պետք է լրացնեին բժշկական գիտությունների թեկնածուները:
Այսպես՝ պահանջվում էր ընդհանուր թվով 70 բժիշկ, որոնցից 56-ը պարզապես բժիշկներ էին, որոնք այսպես թե այնպես պետք է զորակոչվեին բանակ, եւ միայն 14-ը՝ գիտնականներ, որոնք հիշյալ որոշման «զոհը» դարձան: Վերջին փաստը մեզ հայտնեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի օգնական, ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ որեւէ բժիշկ-գիտնական զորակոչի ընթացքում որեւէ բողոք չի ներկայացրել եւ չի ընդդիմացել. «Նրանք ասում էին՝ եթե պետք է, կգնանք»: Բայց թե ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով են 114 բժիշկ-գիտնականներից ընտրվել 14-ը, Ա. Աշոտյանը չկարողացավ պատասխանել: Ըստ նրա, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի ուշացած բողոքը միայն հասարակության մեջ դիվիդենդներ շահելու փորձ է. «Տարակուսելի է, որ ասուլիս է արվում զորակոչից հետո, եւ ասուլիսին ներկա չի գտնվում ոչ մի բժիշկ,- ասում է Ա. Աշոտյանը,- այլ բան է, որ որոշման հիմնավորումն է թույլ եւ ոչ համոզիչ: Նույնիսկ ղարաբաղյան պատերազմում բժիշկ-գիտնականների կարիք եւ զորակոչ չի եղել: Կարծում եմ՝ ոլորտում մասնագիտական-կադրային քաղաքականությունն է որոշակի թերություններով արվել, եւ դրանից զորակոչի ժամանակ բաց է առաջացել»: Ա. Աշոտյանն առաջարկում է վերանայել կադրային քաղաքականության եւ գիտնականների հետագա ճակատագրերի հարցերը:
Ի դեպ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը, հայտնելով իրեն հասած լուրերը, ասում է, որ անձանց, ովքեր լուրջ խնդիրներ ու պլաններ ունեն իրենց կյանքում (պատրաստվում են ամուսնանալ կամ տոկոսի տակ են), ՊՆ-ն խոստացել է անհատական մոտեցում ցուցաբերել: Արդյոք ա՛յդ ընտրությունն ինչ սկզբունքով է կատարվել, եւ ինչ է նշանակում անհատական մոտեցում, մեզ դեռեւս հայտնի չէ: Եվ արդյո՞ք մեծ չէ կոռուպցիոն ռիսկի գործոնը, ինչի մասին էլ ահազանգում էին նախաձեռնող խմբի անդամները:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ